կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-19 16:48
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Աղա ջան, բարկացած ե՞ս»․ Թեհմինա Վարդանյանն արձանագրեց՝ փողն ունենք, գործ չենք անում

Պրն քաղաքապետ, ուզում եմ հարցնել․ «Աղա ջան, բարկացած ե՞ս»՝ ըստ Yerkir.am-ի, ասաց Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը ավագանու նիստի ժամանակ, որում քննարկվում էր քաղաքապետի ներկայացրած բյուջեի կատարողականի ընդունումը։

Խոսքը ավելի վաղ Դավիթ Խաժակյանի ելույթին քաղաքապետի արձագանքի մասին էր․ «Դուք անցնում եք թույլատրելի սահմանը․ իհարկե մենք արդեն սովորել ենք, որ դուք որդեգրել եք այն սկզբունքը, որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է, բայց չէ, էլի, մի արեք տենց»,-ասաց Վարդանյանը։

Քաղաքապետի ներկայացրած ճշտված բյուջեն թերակատարվել է 27 միլիարդ դրամով․ Թեհմինա Վարդանյանը զարմանքով արձանագրեց, որ միակ 100 տոկոսով կատարման ցուցանիշը Շների ստերջացման ՀՈԱԿ-ինն է․ «Մի ժամանակ ես ծիծաղով էի վերաբերվում, որ սա ամենաառաջին կետով է դրված քաղաքային իշխանությունների համար, որ սա առաջնահերթություն է, բայց արի ու տես, որ սա ամենալավն է կատարվել և արդյունքի մասին, կարծում եմ, արդեն անհրաժեշտություն էլ չկա խոսելու, որովհետև քաղաքացիների աչքի առաջ է»։

Երևանի 2019 թ-ի Բյուջեի միջոցների հաշվին իրականացվել է 66 միլիարդ 760 միլիոն դրամի աշխատանք՝ կազմելով ծախսերի 70 տոկոսը։

«Սա նշանակում է, որ բազմաթիվ կարևորագույն ոլորտներ մի քանի քայլ հետ են ընկել, սա նշանակում է, որ ըստ բյուջետային ծախսերի՝ շրջակա միջավայրի պաշտպանության գործառույթներն իրականացվել են ընդամենը 68,1 տոկոսով, սա նշանակում է, որ առողջապահության ոլորտում աշխատանքը կատարվել է 78,92 տոկոսով, սա նշանակում է, որ սոցիալական պաշտպանության ոլորտում արվել է 60,46 տոկոսի աշխատանք, սա նշանակում է, որ կրթական ոլորտում, որի մասին բոլորս պաթոսով սիրում ենք խոսել, կատարվել է ընդամենը 70 տոկոս աշխատանք»,-արձանագրեց ավագանու անդամը։

Թեհմինա Վարդանյանը նշեց կարևորագույն ծրագրերից մի քանիսը, որոնք թերակատարվում են՝ փող լինելու պարագայում․ «Որոշ վթարային շենքերի վիճակն իսկապես էպիկ է և մենք յուրաքանչյուր նիստի ժամանակ սրա մասին բարձրաձայնում ենք, ինչպես նաև կոմունալ տնտեսության ոլորտը․ խոսքն ամենևին աղբամանները զուտ դատարկելու մասին չէ, այս ամբողջն իրար հետ կատարվել է ընդամենը 61 տոկոսով։ Ոռոգման ցանցի կառուցումը 28 տոկոսով է կատարվել։ Իմ սիրելի գործընկերներից շատերը հարցազրույցների ժամանակ կուրծք ծեծելով բարձրաձայնել են, որ չունենք ոռոգման ցանց, չունենք գծագրումներ և այլն․ համամիտ ենք՝ չունենք, տարվա մեջ ընդամենը 28 տոկոսով ենք կատարել։ Բոլորս բարձրաձայնում ենք հետիոտնային անցումների կառուցման ու վերանորոգման անհրաժեշտության մասին․ այս հոդվածով նախատեսված աշխատանքները կատարվել են ընդամենը 22 տոկոսով։ Բազմակիորեն անհրաժեշտություն է հետիոտնային, վերգետնյա անցումների կառուցումը․ փողն ունենք՝ գործ չենք անում»։

Թեհմինա Վարդանյանը նկատեց, որ նախորդ տարվա բյուջեի կատարողականով՝ թերակատարված աշխատանքի շուրջ կեսն էր այս տարվա համեմատ․ «Եվ դեռ այն ժամանակ մենք ասում էինք՝ դե նոր են, շատ բանից դեռ գլուխ չեն հանում, աշխատանք կազմակերպել չգիտեն, ոլորտին ու գործառույթներին ծանոթ չեն,  թողեք, թող աշխատեն։ Անցավ մեկ տարի և ներկայացվեց ավելի վատ, ավելի թերակատարված բյուջեի կատարողական։ Ես հուսով եմ, որ մյուս տարի, երբ քննարկենք 2020 թ-ը, արդեն 50 տոկոս դարձած չի լինի բյուջեի կատարողականը»։

Մանրամասն՝ տեսանյութում․