կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-13 21:56
Քաղաքական

Ալո՞, պ. Պապոյա՞ն, Ձեր այս մի միտքը «ֆիկտի՞վ» է, թե՞ լուրջ (ինչպիսին չպետք է լինի պատգամավորը)

Ալո՞, պ. Պապոյա՞ն, Ձեր այս մի միտքը «ֆիկտի՞վ» է, թե՞ լուրջ (ինչպիսին չպետք է լինի պատգամավորը)

ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը, ի պատասխան Yerkir.am-ի «Գ. Պապոյանի հայրը երբևէ չի աշխատել ԵՊՀ֊ում. «անառակ որդու սուտը բռնվեց»» վերտառությամբ հոդվածի, սոցցանցի իր էջում հանիրավի մեղադրել է մեզ՝ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի մեջ։

Նշենք՝ խոսքն առնչվում է «Հրապարակ» թերթի կայքէջում հրապարակված հարցազրույցի (որտեղ Պապոյանը նշել է, որ իր հորը հեռացրել են ԵՊՀ֊ից՝ ընդդիմադիր ուսանողներին պաշտպանելու համար) առնչությամբ ԵՊՀ֊ից ստացված պատասխան գրությանը, որտեղ ժխտված է Պապոյանի հոր՝ ԵՊՀ֊ում աշխատելու փաստը։

Պարոն Պապոյանը վրդովվել է, թե ինչու չենք կանխազգացել, որ հարցազրույցում հնարավոր է լիներ սխալմունք, և այդ կանխազգացումներով զանգեինք իրեն։

Ուշադրություն. հարցազրույցը «Հրապարակի» կայքէջում զետեղված է մարտի 6֊ին։ Այսինքն՝ շուրջ մեկ շաբաթ է, ինչ պետական բարձրագույն մարմնի՝ ԱԺ պատգամավորի՝ Մայր բուհի (ԵՊՀ֊ի) հասցեին հնչեցված լրջագույն մեղադրանքը հրապարակված է ոչ անհայտ լրատվամիջոցի առցանց տիրույթում, այն այս ընթացքում չի շտկվել, չի հերքվել, Պապոյանի կողմից այսօրվա օրինակով որևէ հերքման չենք հանդիպել, և այսքանից հետո՝ պարտավոր էինք կանխատեսել, որ հարցազրույցում արտահայտված մտքերը չեն համապատասխանում իրականությանը։

Իր այս քայլով պարոն Պապոյանը մեզ ուղղակի հուշում է, որ այլևս լուրջ վերաբերվել չի կարելի իր հրապարակային խոսքերին, և դրանք ենթակա են վերաճշգրտման։

Շատ բարի, քանի որ պարոն Պապոյանը մեզ աշխատանքի պրոֆեսիոնալիզմի դասեր է տալիս, մյուս անգամ անպայման կզանգենք իրեն և կհարցնենք՝ պարո'ն Պապոյան, Ձեր այս կամ այն միտքը լու՞րջ ընդունել, թե՞ դրանք էն «ֆիկտիվների» շարքին են դասվում, և, օրինակ, եթե ասել եք ԵՊՀ, մենք պիտի հասկանանք ՀՊՄՀ, կամ, եթե ասում եք ՀՀԿ, պիտի ընկալել դա ՔՊ, Սերժ Սարգսյանը Ձեզ մոտ արտացոլված է, օրինակ, Նիկոլ Փաշինյանի կերպարով։

Եթե նման խնդիր կա, ապա միանշանակորեն իրավացի է պարոն Պապոյանը. սխալ ենք արել, որ հայտնի հարցազրույցում տեղ գտած աղմկոտ մեղադրանքին լուրջ ենք վերաբերվել և հարցում արել ԵՊՀ։

Իր կամքին համահունչ՝ այսուհետ խոստանում ենք, որ պարոն Պապոյանի մտքերը գոնե առաջին ընթերցմամբ կհամարենք «ֆիկտիվ», և եթե կարիք լինի անդրադառնալու՝ հատուկ և մի քանի աղբյուրներից կճշտենք դրանց լրջության աստիճանը։ Քավ լիցի։

Հ.Գ. Երկրում բարձրագույն մակարդակով մոլեգնող դասական դեմագոգիայի վարքականոնների պայմաններում՝ պարզորոշ է, որ ոմն պատգամավորի փնթիության և նախակրթարանի մակարդակի վարքագծի պատճառով մեղադրանք է հնչում ոչ թե իրական հասցեատիրոջ, այլ լրատվամիջոցների հասցեով։ Բնականաբար՝ այս պայմաններում հազիվ թե պարոն Պապոյանը քաջություն ունենար ներողություն խնդրելու մեզանից՝ իր «ֆիկցիաների» պատճառով լրատվամիջոցներին թյուրիմացության մեջ գցելու համար։

Իսկ միգուցե այդ սխալմունքը կամ հերթական «ֆիկցիան» ամենևին էլ պատահակա՞ն չէր...