կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-13 16:58
Աշխարհ

Թուրքիան թաքցնում է կորոնավիրուսի համաճարակը. ամերիկացի պրոֆեսոր

Թուրքիան թաքցնում է կորոնավիրուսի համաճարակը. ամերիկացի պրոֆեսոր

Թուրքիան դիտավորյալ թաքցնում է երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը՝ վախենալով կորցնել զբոսաշրջիկների. ըստ yerkir.am-ի՝ The National Interest-ում տպագրած հոդվածում կարծիք է հայտնել ԱՄՆ Պիտսբուրգի համալսարանի բժշկության պրոֆեսոր Էրգին Քոչյըլդըրըմը:

Թուրքիայի իշխանությունները հաստատել են երկրում կորոնավիրուսի առաջին դեպքը միայն մարտի 10-ին: Ամերիկացի գիտնականը դա տարօրինակ է համարում մի քանի պատճառներով: Նախ՝ ընդհանուր սահմանը Իրանի հետ, որտեղ կորոնավիրուսի հետ կապված լրջագույն իրավիճակ  է, հետո՝ ամբողջ տարածաշրջանի համար կարևոր նշանակություն ունեցող՝ Ստամբուլի օդանավակայանի ծանրաբեռնվածությունը:

Ընդ որում՝ գիտնականն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Թուրքիան կորոնավիրուսի հայտնաբերման համար կիրառում է սեփական թեստերը, որոնք իբր արտահանվում են նաև այլ երկրներ, այդ թվում ՝ ԱՄՆ: Ըստ Քոչյըլդըրըմի՝ այդ պնդումը սուտ է:

Անկարայի նկատմամբ վստահությունը նվազում է նաև «անցանկալի» տեղեկատվության ճնշման քաղաքականության պատճառով, որը դրսևորվում է լրագրողների, անկախ «Թուրքական բժշկական ասոցիացիա»-ի վրա ճնշումներով և համացանցում կոնտենտի հեռացման պահանջներով:

Քոչյըլդըրըմը համոզված է՝ բացի բնակչության շրջանում խուճապի առաջացման երկյուղից, Էրդողանի ռեժիմը վախենում է կորցնել զբոսաշրջիկներին. Թուրքիայի թուլացող տնտեսությունը մեծ կախվածություն ունի օտարերկրյա զբոսաշրջիկներից, և եթե կորոնավիրուսը դադարեցնի այդ հոսքը, տնտեսությունը կարող է վերջնականապես փլուզվել:

Ամերիկացի պրոֆեսորի հետ համակարծիք է նաև Թուրքիայում աշխատող ռուսաստանցի լրագրող Իվան Ստարոդուբցևը: «Վեստի FM»-ի եթերում նա հեգնանքով նշել է, թե Անկարան իրեն հայտարարել է «կորոնավիրուսից ազատ», իսկ Թուրքիայի առողջապահության նախարարությունն ապատեղեկացնում է բնակչությանը: Զուգահեռաբար, թուրքական սոցցանցերում ասեկոսեներ են տարածվում թուրքերի՝ COVID-19-ի նկատմամբ «բացառիկ կայունության», տեղական խոհանոցի ու ժողովրդական բժշկության «արդյունավետության» մասին:

«2019-ին Թուրքիա է գնացել 52 մլն զբոսաշրջիկ: Այս տարի այդ թիվը չի լինի, սակայն թուրքերը հուսահատ պայքար են մղում զբոսաշրջիկների համար՝ ակներևաբար թաքցնելով կորոնավիրուսով վարակի դեպքերը: Մինչդեռ Ստամբուլը ժամանակակից Բաբելոնն է, այն տարածաշրջանում տարանցման գլխավոր կետն է: Եվ ես անհավանական եմ համարում, որ կորոնավիրուսը շրջանցի Թուրքիան»,- ասել է լրագրողը՝ խորհուրդ տալով ռուսաստանցիներին՝  չմեկնել Թուրքիա, և ոչ միայն կորոնավիրուսի, այլ նաև Իդլիբում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին հակառուսական տրամադրությունների պատճառով: