Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մի շարք հանդիպումներ է ունեցել եվրոպական գործընկերների հետ. հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է.
«ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ս.թ. մարտի 5-ին աշխատանքային ճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ` Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի հիմնական զեկուցող, Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բեսեսկուի և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոյի հետ: Հիշյալ պատգամավորները նաև Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ են:
Հանդիպման ընթացքում բազմակողմանի վերլուծվել է տարածաշրջանային անվտանգային միջավայրը: Նախագահ Սարգսյանը ներկայացրել է իր տեսակետները Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի շուրջ, ինչպես նաև անդրադարձել հակամարտության ծագման և զարգացման փուլերին:
Եվրոպական խորհրդարանի պատգամավորների խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև Հայաստանի ներքին քաղաքական զարգացումների վերաբերյալ ՀՀԿ տեսակետները:
Նախագահ Սարգսյանը նույն օրը երեկոյան մեկ այլ աշխատանքային հանդիպում է ունեցել ԵԺԿ և Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) գլխավոր քարտուղար, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Անտոնիո Լոպես Իստուրիցի հետ: Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում` Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին առնչվող:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվարին Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության Գործադիր կոմիտեն հատուկ բանաձև էր ընդունել Հայաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ` ընդգծելով դատական իշխանության նկատմամբ կառավարության ոտնձգությունները և ՍԴ-ի նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունները:
Միությունը նախազգուշացրել էր Հայաստանի կառավարությանը դեպի ավտորիտարիզմի ճանապարհ անցնելու մասին և ահազանգել, որ հանրային ճնշումը չարաշահելով, իշխող կուսակցության օգտին զսպումների և հակակշիռների համակարգը բացասականորեն փոխելը մեծ հետընթաց քայլ կլինի:
Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը հանդիսանում է համաշխարհային ամենախոշոր և ազդեցիկ քաղաքական ընտանիքներից մեկը, որի անդամ են ավելի քան 70 իշխող և խոշոր ընդդիմադիր կուսակցություններ մոտ 50 երկրներից` ինչպես Եվրոպայից, այնպես էլ Լատինական Ամերիկայից, Ասիայից և այլ տարածաշրջաններից»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սերժ Սարգսյանը լքել էր ՀՀ տարածքն ու մեկնել Բրյուսել՝ աշխատանքին հանդիպումների նպատակով: