Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբեմն մեր կողքին ապրող մարդը սկսում է այսպիսի արտահայտություններ անել՝ «մեռնեմ, պրծնեմ», «հոգնել եմ կյանքից»․ պարադոքս է, բայց երբեք չպետք է վարկաբեկել իր այդ միտքը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ մեկնաբանելով բանակում ինքնասպանությունները և դրանք կանխելու հնարավորությունները։
Այս արտահայտություններով մարդիկ հաճախ մատնում են այդ չարագուշակ մտադրությունը։ Ի պատասխան կողքի մարդիկ, մեծ մասամբ, ասում են՝ անխելք մարդն է այդպիսի բաներ անում, թույլ մարդն է անում․․․ Պարզվում է՝ այսպիսի երկխոսությունը չի օգնում գործին, հակառակը՝ մարդը իր մեջ նեգատիվիստական մտքեր է առաջացնում, մտածում է, որ էլի իրեն չհասկացան, էլի ինքը մենակ է, էլի ինքը ելք չունի։
Իսկ եթե լսում են նրա ցավը, նա նախ՝ որոշակիորեն արտահայտում է ապրումները ու թեթևանում և այդ քայլին դիմելը դառնում է ավելի քիչ հավանական։ Երկրորդ՝ չպետք է ժխտել ինքնասպանությունը, այլ թեթևակի կարելի է ասել՝ լավ, ասենք, ճանապարհներից մեկն էլ դա է, բայց եկեք տեսնենք ուրիշ ի՞նչ ճանապարհներ կան։
«Այսպիսի մի երևույթ կա՝ միանալ և ուղղորդել․ սա շատ նուրբ և շատ արդյունավետ մոտեցում է։ Դու միանում ես իրեն, ինքն իրեն հասկացված է զգում, դու սկսում ես իր հետ միասին մտորել իր ցավի մասին, զգալ, հասկանալ, մտնել վիճակի մեջ և կամաց-կամաց ուղղորդել այն ուղղությամբ, որը տանում է փրկության»,-մասնագիտորեն բացատրեց Կարինե Նալչաջյանը։
Նա մեծագույն անբարոյականություն է համարում բանակի ողբերգությունները քաղաքական նպատակներով շահարկելը։
«Դա բարոյականության դեմ անասելի ստոր քայլ է։ Պետք է ուսումնասիրել, պետք է հասկանալ՝ ի՞նչ է կատարվում, որո՞նք են պատճառները, ի՞նչ օրինաչափություններ կան։ Եթե ուզում ես ինչ-որ բան բուժել, նախ պիտի ախտորոշումը կատարես։ Մասնագետները պիտի մտածեն այդ մասին՝ ռազմական մասնագետները, ովքեր բանակը մինչև ուղն ու ծուծը գիտեն, ես բանակը ներսից չգիտեմ։ Իսկ կանխարգելման մեթոդներ միշտ կարելի է գտնել, եթե մենք հասկանում ենք հիվանդությունը»,-ասաց նա։
Զինված ուժերում քաղաքական պաշտոնանկությունները Կարինե Նալչաջյանին մտորելու տեղիք են տալիս․ «Մենք արդեն վաղուց է՝ վկան ենք, որ վարկաբեկվում են հերոսները, մարդիկ, ովքեր կյանք են դրել հայրենիքի համար։ Երբ մենք այստեղ հանգիստ մեր երեխաներին դպրոց ենք տարել, մանկապարտեզ ենք տարել, մեր աշխատանքով ենք զբաղվել, մեր ընտանիքներում միջոցառումներ ենք կազմակերպել, խնջույքներ, հարսանիքներ և այլն, այդ մարդկանց շնորհիվ է, որովհետև իրենք մահվանը դեմ-հանդիման կանգնել են, հայրենիք են պաշտպանել»։
Նա նկատել է, որ հայրենիքի ու հայրենասիրության գաղափարը ևս կարմիր գծով տարիներ շարունակ վարկաբեկվում է։
Մտավորականությունը բազմիցս ահազանգել է, որ արժեքները աղավաղում են սերիալները, որտեղ փողոցային բարքերի տեր մարդը բարեկեցիկ է ու հաջողակ, իսկ մտավորականը խղճուկ, աղքատ ու հոգեկան շեղումներով։ Նոր ժամանակների մարտահրավերը ֆեյքերի արշավն է։
«Ֆեյքերը վերջին երկու տարվա ամենամեծ ողբերգություն՝ եթե ասեմ, գուցե այդքան էլ չեմ չափազանցնի։ Բարոյական օրենքները շատ կարևոր բաներ են․ քաղաքակրթությունը զարգացել է բարոյականացման ճանապարհով։ Վաղնջական ժամանակներում չեն եղել բարոյական սկզբունքներ և ագրեսիան շատ մեծ է եղել։ Մարդկային հասարակությունը կկործանվեր, եթե բարոյական զարգացման վեկտորը չլիներ։ Խոսքային ագրեսիան ոչ միայն ագրեսիա է, այլև արժեքների կործանում»,-ասաց հոգեբանը։
Նա բացատրեց, որ մարդ արարածի մեջ շատ կործանարար ուժեր կան, կան շատ ձգտումներ դեպի բարոյալքումը, դեպի արգելված բաներ անելը, բայց բարոյականության օրենքները, արժեքները, դաստիարակությունը, ավանդույթները պատնեշներ են դնում դրանց առաջ։ Եթե օրինակ, տղամարդը կատաղի վիճակում է, ուզում է հայհոյել, բայց նայում է՝ կին կա, ասում է՝ ափսոս կին կա, թե չէ․․․
«Երբ մենք հանում ենք այդ բարիերները, իսկ սոցիալական ցանցերի միջավայրն այնպիսին է, որ մարդ լիարժեք իր անձով ներկայացած չէ, նա թույլ է տալիս իրեն մի քիչ ավելի պատնեշները անցնել։ Իսկ ֆեյքերը բացարձակ ազատ են զգում իրենց և իրենց թույլ են տալիս ամենալկտի արտահայտություններ։ Եվ եթե տիրույթը լցվում է այդ լկտիությամբ, այն մարդիկ, ովքեր դեռևս կարողանում են իրենց զուսպ պահել, մեկ էլ սկսում են ինչ-որ չափով իրենց թույլ տալ․․․ ու մեկ էլ տեսնում ենք, որ սոցիալական տիրույթը ուղղակի ապականվել է և վերածվել աղբակույտի»,-ասաց Կարինե Նալչաջյանը։
Գործադիր իշխանությունը մեր երկրում սկսել է միջամտել իշխանության մյուս ճյուղերի ու բանակի աշխատանքին։
«Այսօր Հայաստանում դեֆեկտիվ կառավարում է իրականցվում, առողջ կառավարում չի իրականացվում»,-համոզված է Նալչաջյանը։
Նա նկատում է, որ քաղաքակրթական զարգացումները բերել են պետության այնպիսի մոդելի, երբ այդ օղակները պետք է իրարից անկախ լինեն, որովհետև կյանքը, պատմությունը ցույց է տալիս, որ եթե դրանք խառնվում են միմյանց գործերին, պետության վիճակը վատանում է, շատ մեծ կորուստներ է ունենում պետությունը։
«Հեծանիվը նորից հայտնագործել պետք չէ։ Քաղաքակրթությունը հասել է դրան, որ պետությունը ահա այսպես պիտի լինի, որպեսզի ապրի և զարգանա։ Հիմա, երբ մենք ստեղծում ենք ինչ-որ մի խառնաշփոթ, երբ մի կետից կարող են ուղղորդվել բոլորը, սա, իհարկե, կարող է և անպայման կտանի խեղաթյուրումների»,-ասաց նա։
Բանակի հանդեպ, ըստ Կարինե Նալչաջյանի, մեր ազգը տարիներ շարունակ ձևավորել է յուրահատուկ վերաբերմունք․ «Մի տեսակ ամեն ինչի մասին կարելի էր, թեկուզ կիսատ-պռատ ինֆորմացիա ունենալով՝ քննադատել, վարկաբեկել, բայց բանակին երբ կպչում էին, բոլորը միասին՝ բանակին ձեռք չտալ։ Որովհետև մարդիկ մի տեսակ՝ խորքով հասկանում են, որ բանակը կյանքի երաշխիք է, այն զինվորը, որ կանգնած է այսօր առաջնագծում, այդ պատանին մեզ բոլորիս է պահում։ Եվ Երևանի կենտրոնում նստածները հանկարծ չմտածեն՝ նստել ստեղնաշարի առաջ և շատ ցածր կարգի վարձատրություններով ինչ-որ բաներ գրել, այդ ուղտը իրենց դռանը չոքելու է, չի կարելի այդքան անհեռատես լինել։ Չի կարելի այդ աստիճանի մեղանչել բարոյականության ու արժեքների առաջ»։
Նա հիշեցրեց բումերանգի էֆեկտի մասին և զգուշացրեց՝ հենց անձամբ իրենց դեմ է այդ ուղտը չոքելու, պետք է կանգ առնել, եթե այսպես գնա՝ մեր ազգի գոյության խնդիր է դրվում։
Սահմանադրության փոփոխության հանրաքվեն, Նալչաջյանի դիտարկմամբ՝ դա շատ լավ հոգեբանական պլատֆորմ է հասարակությունը երկու մասի բաժանելու։ Առաջիկա երկու ամիսը նա համարում է ծայրահեղ վտանգավոր, որպեսզի այս տրամադրությունները էսկալացիայի չենթարկվեն։
«Սա շատ վտանգավոր վիճակ է․ սևերի և սպիտակների բաժանումը և այս կռիվը, որ տալիս են մարդիկ համացանցային տիրույթում, նաև կյանքում, այս պառակտումը կարելի է նույնիսկ ասել՝ հոգեբանական կամաց-կամաց նախապատրաստում է դեպի քաղաքացիական բախումների, Աստված մի արասցե՝ քաղաքացիական պատերազմի։ Եթե մենք սա չկանգնեցնենք, շատ վտանգավոր հետևանքների առաջ ենք կանգնելու»,-ասաց հոգեբանը։
Նա հավատում է պրոֆեսիոնալ մասնագետներին, որ այս հանրաքվեն իրավական բազմաթիվ խոցելի կողմեր ունի ու մտածում՝ գուցե նպատակը հենց այս քարոզարշա՞վն է, որը նորից կրքեր կբորբոքի ու բախման մեջ կդնի սևերին ու սպիտակներին։ Այս ամենի մեջ Կարինե Նալչաջյանը գունավոր հեղափոխություններին բնորոշ տարրեր է նշմարում։
«Սա ուլտրալիբերալ մի հեղեղ է, որ թափվել է մեր երկիր և շատ մեծ վտանգներ է պարունակում։ Բայց այս վտանգի զգացողությունը մարդկանց մոտ դեռ ուժեղ չէ։ Մարդաբանության անվան տակ, օրինակ, իսկ դա շատ լուրջ գիտություն է, այդ անվան տակ դպրոցներում մտցնելու են համասեռամոլության քարոզը՝ իրենց ասած՝ սեռական դաստիարակությունը։ Երբ մարդկանց հետ խոսում ես՝ մի տեսակ քմծիծաղով ասում են՝ դե լավ էլի, Հայաստանում տենց բա՞ն։ Հարգելիներս, հնարավո՛ր է, որովհետև այդ վարքը ենթակա է ուսուցման՝ ես որպես հոգեբան եմ սա ասում»,-վստահեցրեց նա ու կոչ արեց մատների արանքով չնայել։
Նա զգուշացրեց, որ սա քաղաքականության մտածված մի օղակն է, որից չեն հրաժարվի նաև մեր իշխանավորները, որոնք այդ ուլտրալիբերալիզմի գաղափարի ջատագովներն են․ «Նույնիսկ գուցե առանց խորանալու, թե դա ինչ է, իրենք դա առաջ են տանելու, կանգ չեն առնելու, մենք սա պիտի հասկանանք»։
Տարածված լուրը, թե անգամ բանակի սպաներն են արտասահմանում վերապատրաստվել համասեռամոլության հանդեպ հանդուրժողականության թեմատիկայով, Կարինե Նալչաջյանին մտահոգության հիմք է տալիս․ «Եթե սա ճիշտ է, ուրեմն ծրագիրը իրականցվում է և մենք թույլ ենք տալիս, որ իրականանա»։
Վարչապետ Փաշինյանի գործողություններից ու խոսքից դատելով՝ նրա հոգեկան վիճակը հոգեբանը չի ուզում վերլուծել՝ մասնագիտական էթիկայից ելնելով։ Բայց, ամեն դեպքում, ասում է՝ լինում են անձի յուրահատկություններ, բնավորության յուրահատկություններ, որոնք մոտենում են պաթոլոգիային, բայց պաթոլոգիա չեն, որոնք նորմա են։
«Ի միջի այլոց, առաջին եթերն է, որտեղ ես այս հարցին անդրադառնում եմ, ես ուզում եմ հայտարարել՝ Հայաստանի վարչապետը, նրա վարքից ելնելով, առողջ է, նորմատիվ է նրա վիճակը՝ ելնելով վարքից և սա նշանակում է, որ մարդը պատասխանատու է իր բոլոր քայլերի համար։ Մարդը իր գործունեության համար լիարժեք պատասխանատու է, որովհետև, ելնելով նրա վարքի յուրահատկություններից, ես կարող եմ ասել, որ նորմատիվ անձի մասին է խոսքը»,-վստահեցրեց Կարինե Նալչաջյանը։
Աննա Բալյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․