կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-20 17:27
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համամասնական ու մեծամասնական ընտրակարգերը խառնելով՝ ստացվում է հակապետական քայլ․ Ստեփան Գրիգորյան

Սահմանադրության փոփոխությունը իմաստ ունի միայն այն դեպքում, եթե Կուսակցությունների մասին նոր օրենք և Ընտրական նոր օրենսգիրք ես ընդունում՝ Yerkir.am-ի տեղեկացմամբ, ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ «Սահմանադրական փոփոխությունները ՀՀ-ում. քաղհասարակության դիրքորոշումը» թեմայով քննարկման ժամանակ։

Իբրև ապացույց նա հիշեցրեց պառլամենտական համակարգի ծնունդը, երբ Եվրոպայի թագավորները քայլ առ քայլ զիջում էին իրենց սուվերեն իրավունքները պառլամենտներին, իսկ ավելի ուշ պառլամենտներում հասարակությունների տարբեր շերտեր իրենց հարցերն առաջ տանող կուսակցություններ ստեղծեցին։

«Սա է պատճառը, որ կառավարության ստեղծած հանձնաժողովին մենք առաջարկել ենք նոր Սահմանադրությունը Կուսակցությունների մասին օրենքի և Ընտրական օրենսգրքի հետ միաժամանակ ուսումնասիրել»,-ասաց Ստեփան Գրիգորյանը։

Երկրորդ առաջարկը անպայման սահմանադրական մակարդակով ֆիքսելն է կուսակցությունների ֆինանսավորումը․ «Չթողնել օրենքի մակարդակով, որովհետև կուսակցությունները հիմնաքարն են պառլամենտական համակարգի»։

Մտահոգիչ հաջորդ դրույթը Ստեփան Գրիգորյանի համար այն է, որ ընտրություններին հաղթած կուսակցությունը ավտոմատ բոնուս է ստանում՝ քվեները հաշվվում են 54 տոկոս․ «Սա կոչվում է կայուն մեծամասնության գաղափար․ կայուն մեծամասնությունը հակացուցված է պառլամենտական համակարգին։ Եթե իշխող ուժը հավաքեց, ասենք 35 տոկոս, նա ոչ թե պետք է արհեստականորեն ստանա բոնուս, այլ գնա ու բանակցի այլ ուժերի հետ, կոալիցիա կազմի, երկխոսության մշակույթ զարգանա, սկզբունքների վրա ստեղծի կոալիցիան․ սա է պառլամենտական համակարգի էությունը»։

Այժմ գործող թաքնված մեծամասնական համակարգը Ստեփան Գրիգորյանը որակեց հակապետական ինստիտուտ։

«Երբ եվրոպացի իմ գործընկերների հետ խոսում եմ, չեմ կարող բացատրել դա ինչ է՝ երբ խառնվում են երկու համակարգեր՝ մեծամասնական և համամասնական։ Տարբեր երկրներւոմ տարբեր համակարգեր են, բայց երբ այդ երկուսը խառնում ես, մեկը մյուսի հետ կապում ես, ստացվում է հակապետական քայլ»,-ասաց նա։

Այս խառնուրդի պարագայում, նրա համոզմամբ, իշխանությունը փոխելու ոչ մի շանս չկա, բացի հեղափոխությունը։

Մանրամասն՝ տեսանյութում․