Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ մտանք դահլիճ` դեսպան Ռուբեն Սադոյանն ասաց, որ հանձնակատար Սինանյանը լավ տեղյակ է կրթական և քաղաքացիության հարցերից, ցանկալի է այդ թեմաների մասին չխոսել. այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Ռստակյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ՀՀ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի՝ Վրաստան կատարած այցին, որի ժամանակ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սադոյանը, հանձնակատարի հետ հանդիպելով Ախալքալաքի մի խումբ մարդկանց, ամեն կերպ փորձել է խուսափել ջավախահայերին հուզող սուր խնդիրների արծարծումից:
Մեզ հետ զրույցում ջավախքահայ այլ մասնակիցներ ևս փաստեցին՝ դեսպան Սադոյանը, տեղի իշխանությունների որոշ ներկայացուցիչների աջակցմամբ, ձգտել է, որ քննարկում տեղի չունենա այնպիսի կարևորագույն հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ ՀՀ-ից դեպի Ջավախք գիրք-գրականության արգելքներին, ՀՀ-ից Ջավախքի դպրոցներին դասագրքեր չթույլատրելուն, ջավախքահայության վրացականացմանը, անհարկի հետապնդումներին և այլնին առնչվող մի շարք հարցեր: Փոխարենը, ըստ մասնակիցների, ամեն կերպ փորձ է արվել քննարկումը տեղափոխել սոցիալ-կենցաղային հարցերի տիրույթ, ինչը, ըստ ջավախքահայ գործիչների, դատապարտելի է և ամոթալի:
Չնայած առնվազն տարօրինակ այս մոտեցմանը, այդուհանդերձ, հանդիպմանը ներկա մի շարք հայտնի ջավախքահեր հակադարձել են:
«Ես իմ խոսքում անդրադարձա այդ հարցերին նորից և ասացի, որ մեր հիմնական խնդիրները դրանք են, և մենք պարզապես չենք կարող չխոսել դրա մասին: Դեսպանն էլ արդարացավ՝ ասելով, որ չի ասել, որ չխոսվի այդ թեմաների մասին, այլ պարզապես մատնանշել է, որ իրենք տեղյակ են այդ ամենին, և ժամանակի իզուր վատնման կարիք չկա», - ասաց Ռստակյանը:
Ռստակյանը նշեց, որ երբ նրանք եկան, ասացին՝ այցը ճանաչողական է. «Թե ինչ է մտնում ճանաչողական այցի շրջանակում, այդպես էլ չհասկացա: Եթե խնդիրը Ջավախքի հարցերով զբաղվելն է՝ թեկուզ ճանաչողական այցով, ուրեմն միանշանակ պետք է իմանալ, թե ինչ հիմնախնդիրներ կան: Երբ Սինանյանին հարցրեցի, որ եթե Վրաստանը կառուցում է ունիտար պետություն, և այդ ճանապարհին ամենաառաջին խնդիրը լեզվի խնդիրն է, իսկ Վրաստանի բոլոր օրենքները ջնջում են հայոց լեզուն, այդ պայմաններում ինչպե՞ս եք պատկերացնում այս երկրի հետ համագործակցությունը, հանձնակատարը կարծես հավասարակշռությունից դուրս եկավ և ասաց. «Եթե ոչ, ապա ի՞նչ»: Հանձնակատարը նաև հավելել է, որ սա «տուպիկ» է:
Քննարկման որոշ մասնակիցներ դեսպանի ակտիվ միջամտությամբ կրկին փորձել են հատուկ կերպով հարցը տանել դեպի սոցիալ – կենցաղային ոլորտ, և խոսք է գնացել այն մասին, թե ասֆալտապատվում են Ջավախքի ճանապարհները և այլն: Նիստին ներկա ջավախքահայ գործիչ Ստեփան Հակոբյանն էլ հակադարձելով փաստել է՝ դա նման է նրան, որ աղջկան սիրուն շոր ես հագցնում, բայց լեզուն արմատից կտրում: Ստեփան Հակոբյանն ի նկատի է ունեցել այն իրողությունը, որ սոցիալ-կենցաղային հարցերի՝ իբրև թե կարգավորմանը զուգահեռ, ծայրահեղ խտրական վերաբերմունք է ցուցաբերվում հայերենի և հայկականի նկատմամբ:
Հանդիպման մասնակից մեկ այլ ջավախքահայ գործիչ էլ բարձրացրել է Ջավախքում անխնա ծլարձակող խաղատների հարցը: Ի դեպ, այդ խաղատներից խոշորագույնը բացվել է Ախալքալաքի նախկին «Կինոյի տան» շենքում, իսկ ներդրող գործարարը ՀՀ-ից է: Ջավախքում խոսում են, որ խաղատան ներդրողը ջերմ հարաբերություններ ունի նաև դեսպան Ռուբեն Սադոյանի հետ: Ներկաներին մտահոգել է հատկապես այն հարցը, որ ջավախքահայ ընտանիքների քայքայմանը, ջավախքահայության ահռելի գումարների փոշիացմանը և մարդկանց ունեզրկմանը, փաստորեն, ակտիվորեն նպաստում է նաև Հայաստանի Հանրապետությունը:
Դավիթ Ռստակյանը ևս ցավով է փաստում. «Կինոյի տունը», որն այժմ ծառայում է մարդկանց դժբախտացման համար, ժամանակին ուզեցել են վերածել վրացական եկեղեցու, և իրենք պայքարել են, որ այն հետագայում վերածվի կրթամշակութային կենտրոնի:
Ջավախքի մեկ այլ քաղաքում՝ Նինոծմինդայում, դեսպանի Սադոյանի և հանձնակատար Սինանյանի հետ հանդիպման մասնակիցներն իրենց հերթին փաստում են ևս մեկ ամոթալի իրողություն. որպեսզի խուսափեն նման տհաճ հարցերից և անախորժ վիճակի մեջ չդնեն հյուրերին, ներկաներին գրավոր տեսքով բաժանվել են վաղօրոք կազմված մի քանի հատուկ հարցեր: Այս ամենի արդյունքում, բնականաբար, հանդիպումն անցել է «սահուն» և առանց տհաճ հարցադրումների:
Ինչպես հայտնի է՝ այցի շրջանակներում Զարեհ Սինանյանը, այցելելով Ախալքալաքի «Արմաթ» կենտրոն և լրատվական կայքէջի գրասենյակ, այդուհանդերձ, դիտավորյալ չի այցելել Համազգային Հայ կրթամշակութային միության և Հայ Օգնության Միության գրասենյակներ, ինչպես նաև ՀՕՄ-ի ծրագրերով գործող Ախալցխայի Ախալքալաքի և Նինոծմինդայի երիտասարդական-կրթամշակութային կենտրոններ: Մեր տեղեկություններով՝ Սինանյանի այցելության վայրերի քննարկմանն ակտիվորեն մասնակից է եղել նաև վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը: Վերջինս, ի դեպ, կազմակերպել էր նաև վարչապետի՝ 2019 թ. մայիսյան առաջին այցը Վրաստան, և այն ժամանակ իր միջնորդությամբ մի քանի նախարարներ միաժամանակ այցելել էին հիշյալ կենտրոներ:
Այս անգամ, սակայն, Սինանյանի՝ նշյալ հաստատություններ այցին, մեր հավաստի տեղեկություններով, դեմ է հանդես եկել դեսպան Ռուբեն Սադոյանը: Պարզ է՝ դեսպանն ինքնագլուխ չէր կարող նման պատասխանատու և պառակտիչ որոշում կայացնել: Այստեղից հետևություն՝ Սինանյանի նշյալ վարքագիծը դեսպանի միջոցով թելադրվել է ուղիղ ՀՀ արտգործնախարարության և վարչապետի կողմից:
Հ.Գ. Ջավախքահայությանն առ ի տեղեկություն. դեսպան Ռուբեն Սադոյանը և ՀՀ նոր իշխանությունները վերջին շրջանում բազմիցս հավաստիացրել են, թե Ջավախքի դպրոցներին դասագրքերով ապահովման հարցը անպայման կլուծեն:
Այս ընթացքում պարզեցինք՝ ՀՀ նոր իշխանությունները դասագրքերը ոչ միայն չեն առաքելու ՀՀ-ից (հիշեցնենք՝ այդ գործառույթը Սփյուռքի նախարարության կրճատումից հետո անցել է ԿԳՄՍ-ին, այն է՝ Արայիկ Հարությունյանին), այլ նրանք 2019/2020 թթ. ուս. տարվա համար պարզապես չեն էլ տպագրվել: Փոխարենը, հավատալով ՀՀ նոր իշխանությունների շռայլ խոստումներին, Ջավախքի դպրոցներում դեռ անցյալ սեպտեմբերից սպասում են այդ բաղձալի դասագրքերին:
Կարծում ենք ջավախքահայությունն այս ամենի մասին պետք է լավագույնս մտորի…
Հռիփսիմե Կարախանյան
Ախալքալաք-Երևան