կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-04 16:23
Մշակույթ

Դու կատաղած առյուծին էլ կստիպես անշարժանալ. Չերչիլը՝ Գինեսի ռեկորդակիր հայ լուսանկարչին

Դու կատաղած առյուծին էլ կստիպես անշարժանալ. Չերչիլը՝ Գինեսի ռեկորդակիր հայ լուսանկարչին

Ծագումով հայ կանադացի հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշը մտել է լուսանկարչության համաշխարհային պատմության մեջ շնորհիվ իր հիասքանչ դիմանկարների: Դրանց հրապարակումների, ինչպես նաև Քարշի աշխատանքների ցուցահանդեսների թիվն անհամար է: International Who's Who պարբերականի տվյալներով՝ Քարշին հաջողվել է լուսանկարել անցյալ դարի 100 հանրաճանաչ ու նշանակալի մարդկանցից 51-ին:  Նա գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես դիմանկարային լուսանկարչության ականավոր վարպետ:  

Յուսուֆ (Հովսեփ) Քարշը ծնվել է 1908 թվականին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մարդին քաղաքում՝ հայի ընտանիքում: Բռնաճնշումների և Հայոց ցեղասպանության պատճառով ընտանիքը ստիպված է լինում փախչել Սիրիա. Հովսեփը 14 տարեկան էր: Երկու տարի անց նրա ծնողները «ոտքի են կանգնում» և հավաքած գումարով իրենց որդուն ուղարկում Կանադա՝ Շերբրուկ քաղաքը, որտեղ ապրում էր նրա քեռին՝  լուսանկարիչ Ջորջ Նաղաշը: Յուսուֆը չգիտեր ո՛չ ֆրանսերեն, ո՛չ անգլերեն և ամբողջ ազատ ժամանակն անցկացնում էր լուսանկարչատանը՝ օգնելով քեռուն: Սեփական լուսանկարչական խցիկով նա հաճախ զբոսնում էր քաղաքի արվարձաններում, հետո՝ տպում արած լուսանկարները: Մի  անգամ Քարշի ընկերներից մեկը նրա մի լուսանկար ուղարկում է մրցույթի: Այն արժանանում է գլխավոր մրցանակին՝ 50 դոլար: Նկատելով Յուսուֆի լուսանկարչական տաղանդը՝ քեռին նրան ուղարկում է Բոստոն՝ իր ընկեր՝ լուսանկարիչ-դիմանկարիչ Ջոն Գարոյի մոտ ուսանելու: Այդ ժամանակ Ջոն Գարոն համարվում էր ԱՄՆ ատլանտյան ափի ամենահայտնի և պահանջարկ ունեցող դիմանկարիչը:

Քարշը ջանասիրաբար սովորում է՝ յուրացնելով լուսանկարչության բոլոր տեխնիկական նրբությունները: Բոստոնում մոտ երեք տարի անցկացնելով` նա վերադառնում է Կանադա, որտեղ 1931-ին Օտտավայում բացում է սեփական փոքրիկ լուսանկարչական ստուդիան: Սկզբնական շրջանում գործերն այնքան էլ լավ չեն գնում, սակայն մշտական հաճախորդների թիվը գնալով ավելանում է, երիտասարդ լուսանկարչի աշխատանքները սկսում են տպագրել Saturday Night շաբաթաթերթում: Շուտով նա Օտտավայի Փոքր թատրոնի ոչ պրոֆեսիոնալ դերասանների խմբի փորձերն ու ելույթները լուսանկարելու պատվեր է ստանում: Շնորհիվ այն բանի, որ գեներալ-նահանգապետի որդին թատրոնի դերասաններից էր, Քարշին գեներալ-նահանգապետի դիմանկարն անելու բախտն է վիճակվում: Այն հրապարակվում է Կանադայի և Մեծ Բրիտանիայի մի քանի հեղինակավոր հրատարակություններում: Այդ հաջողությանը հետևում է մյուսը. Քարշին հանձնարարում են ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի լուսանկարը, որն այցով Կանադա էր եկել:

1936-ին կազմակերպվում է Քարշի առաջին անհատական ցուցահանդեսը: Կանադայի վարչապետ Մաքքենզի Քինգը դառնում է նրա երկրպագուներից մեկը և առաջարկում լուսանկարել կառավարության օտարերկրյա հյուրերին: 1941-ին Քարշը լուսանկարում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին, և այդ լուսանկարը նրան համաշխարհային ճանաչում է բերում:

Ասում են` Քարշը չի ցանկանում լուսանկարել Չերչիլին նրա հայտնի սիգարով, ու ամեն ինչ անում է, որ քաղաքական գործիչը սիգարը բերանից հանի, անգամ` մոխրաման է դնում կողքը, սակայն Բրիտանիայի վարչապետը շարունակում է անխռով ծխել: Հուսահատության աստիճանի հասնելուց հետո լուսանկարիչը քաջաբար մոտենում է Չերչիլին, քրթմնջում` կներեք, սը՛ր, ու բերանից դուրս քաշում սիգարը: Վերադառնալով խցիկի մոտ` Քարշին հաջողվում է անել լուսանկարչի հանդգնությունից զայրացած, ագրեսիվ և կռվի տրամադրված քաղաքական գործչի լուսանկարը: Սակայն վերջում, սեղմելով Քարշի ձեռքը, Չերչիլն ասում է. «Դու, հավանորեն, կատաղած առյուծին էլ կստիպես անշարժանալ խցիկի առջև»:

Լուսանկարը տպագրվում է Life ամսագրում, իսկ հետագայում հայտնվում նամականիշերի, պաստառների վրա:

Չերչիլի լուսանկարը Քարշին ավելի հանրահայտ է դարձնում, և նա արդեն ստիպված չի լինում ինքնուրույն պատվերներ փնտրել:

Լուսանկարիչը ստեղծել է քաղաքական գործիչների, գրողների, նկարիչների, դերասանների, տիեզերագնացների, թագավորների, նախագահների լուսանկարները, անգամ Հռոմի պապերն են դիմել նրա ծառայությանը: Քարշի ամենահայտնի դիմանկարներից են Ալբերտ Էյնշտեյնի,, Պաբլո Պիկասոյի, Ժան Կոկտոյի, Ֆիդել Կաստրոյի, Չե Գևարայի, Բորիս Ելցինի, Մայր Թերեզայի, Մուհամեդ Ալիի, Ջոն Քենեդիի, Օդրի Հեփբյորնի, Էռնեստ Հեմինգուեյի, Բեռնարդ Շոուի  դիմանկարները: Բրիտանացի մարշալ Մոնթգոմերիի դիպուկ արտահայտությամբ` բոլոր քաղաքական գործիչներն ու հայտնի մարդիկ ցանկանում էին «քարշավորված» լինել:

Ի՞նչն էր Յուսուֆ Քարշին տարբերում ժամանակի այլ դիմանկարիչ-լուսանկարիչներից: Առաջին հերթին` նախապատրաստական մեծ աշխատանքն ու ուշադրությունը մանրուքների նկատմամբ: Նա հորինում էր լուսանկարման հիմնական պահերը և որոշակի ինֆորմացիա հավաքում իր մոդելի մասին, որը կարող էր օգուտ տալ դիմանկարն անելիս: Քարշը երբեք դեկորացիաներ չէր կիրառում խորապատկեր ստեղծելու համար, նրա համար խորապատկերը հանճարեղ կերպով դրված լույսն էր, որի գրագետ կիրառումը, ըստ նրա, նրբագույն գործիք էր մարդու դեմքը ճիշտ ներկայացնելու համար:

Քարշի աշխատանքների ևս մեկ առանձնահատկություն` նա եզակի հմտությամբ որսում էր պահը: Ասում էր. «Ամեն մարդու մեջ թաքնված գաղտնիք կա, և իմ խնդիրն այն բացահայտելն է: Դա կարող է տեղի ունենալ չափազանց փոքր ժամանակահատվածում: Մարդը կարող է ակամա ժեստով, աչքերի փայլով կամ այլ կերպ գցել դիմակը, որը յուրաքանչյուրիս ծածկում է արտաքին աշխարհից: Այդ ժամանակահատվածում լուսանկարիչը պետք է հասցնի իր գործն անել, այլապես պարտված է»:

 Ի դեպ, Քարշի ստեղծագործական ոճը մեծ ազդեցություն է ունեցել բազմաթիվ լուսանկարիչների վրա, հատկապես` 1940-1950-ականներին:

1990-ականների սկզբին Յուսուֆ Քարշը փակում է Օտտավայի իր ստուդիան` վայելելով վաստակած հանգիստը, սակայն դա չի նշանակում, որ մոռանում է իր կյանքի ամենամեծ սերը` լուսանկարչությունը: Նա մահկանացուն կնքում է 2002-ին 93 տարեկան հասակում` երիտասարդ լուսանկարիչներին և ոչ միայն նրանց թողնելով հետևյալ պատգամը. «Ոգու մեծության փնտրտուքներում ես անընդհատ ձգտում էի կատարելության հասնել` հիասքանչ իմանալով, որ դա հասանելի չէ: Սակայն այդ գործընթացն ինձ մեծ հաճույք էր պատճառում: Այն  հնարավորություն էր տալիս ինձ, չնայած տարիներին, հոգով երիտասարդ մնալ, արկածներ փնտրել, մշտապես ինչ-որ բան ցանկանալ և մշտապես գիտակցել, որ լուսանկարչական խցիկի իրական օբյեկտիվը քո սիրտն ու խելքն են: Ուսումնասիրեք հումանիտար գիտությունները, պատմությունը, երաժշտությունը, պոեզիան, կարդացեք կենսագրականներ և ճանապարհորդեք: Այս ամենը շատ օգնում է լուսանկարչին, նաև` իր տաղանդն իրագործել ցանկացող յուրաքանչյուր մարդու»:

Քարշի լուսանկարներին կարող եք մանրամասն ծանոթանալ նրա պաշտոնական կայքէջում:

Նյութը՝ yerkir.am-ի