կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-04 19:59
Տարածաշրջան

Թուրքիան 2019 թվականին. ևս մեկ հակասական տարի

Թուրքիան 2019 թվականին. ևս մեկ հակասական տարի

2019 թ. մոտեցավ իր ավարտին։ Տարին լի էր բազմաթիվ իրադարձություններով ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Անցնող տարում միջազգային ասպարեզի կարևոր դերակատարներից էր մեր արևմտյան հարևանը՝ Թուրքիան, որտեղ տեղի ունեցան կարևոր իրադարձությունների և՛ ներքաղաքական, և՛ միջազգային հարթակներում։ Ստորև Yerkir.am-ը կներկայացնի այն կարևոր դեպքերը, որոնք իրենց հետևանքներն ու շարունակությունը կունենան արդեն 2020 թ.։

1.    Ստամբուլում շենքի փլուզումը, որը խլեց 21 մարդու կյանք

Ստամբուլի փետրվարի Քարթալ շրջանի Օրհանթեփե թաղամասում փլուզվեց 7-հարկանի շենք, որի հետևանքով մահացավ 21, վիրավորվեց 14 մարդ։

2.    Մահացավ թուրք հայտնի հայատյաց երգիչ Օզան Արիֆը

Փետրվարի 13-ին Թուրքիայում մահացավ երկրում և Ադրբեջանում մեծ հեղինակություն վայելող հայատյաց, ռասիստ երգիչ Օզան Արիֆը։ Արիֆը Հրանտ Դինքի սպանությունից հետո սկիզբ առած «Բոլորս հայ ենք» արշավի դեմ խիստ քննադատությամբ է հանդես եկել` դրան նվիրելով բանաստեղծություն: Դինքին սպանող Օգյուն Սամասթին ևս բանաստեղծություն է նվիրել: Ադրբեջանում մեծ հեղինակություն էր վայելում «Կա'մ Ղարաբաղ, կա'մ մահ» ստեղծագործության հրապարակումից հետո:

3.    ՏԻՄ ընտրությունները Թուրքիայում.

2019 թ. սկզբին Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը նշանակեց ՏԻՄ ընտրությունների օրը՝ մարտի 31։ Տարվա առաջին երեք ամիսներին Թուրքիան ընկղմվել էր նախընտրական թոհուբոհի մեջ։ 13 կուսակցություն ներկայացրեցին հայտ՝ մասնակցելու ընտրությանը, սակայն ընտրություններում, անշուշտ, սպասվում էր իշխող Արդարություն և զարգացում ու գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցությունների միջև պայքարի նոր փուլը։ Ընտրությունների մասնակցում էր գրեթե 58 մլն ընտրող։

Ընտրությունները մեծ ապտակ եղան 17 տարի երկիր միահեծան կառավարող Էրդողանի կուսակցության համար։ Չնայած ԱԶԿ-ն ամբողջ երկրում ստացավ 44.95 տոկոս, այնուհանդերձ ընտրությունների արդյունքում ԱԶԿ-ն պարտվեց երկրի խոշոր 6 քաղաքներից 5-ում։ Եթե մայրաքաղաք Անկարան և Իզմիր քաղաքն ավանդաբար համարվել են քեմալական ՀԺԿ-ի ազդեցության տիրույթը, ապա երկրի տնտեսական կենտրոն Ստամբուլի կորուստը լուրջ ազդակ դարձավ աստիճանաբար իր հեղինակությունը կորցնող Էրդողանի համար, ով Ստամբուլի քաղաքապետի թեկնածու էր առաջադրել իր գլխավոր քաղաքական գործընկերոջը՝ նախկին վարչապետ, ԹԱՄԺ նախագահ Բինալի Յըլդըրըմին։ Ստամբուլում հաղթանական տարավ ՀԺԿ թեկնածուն, Թուրքիայի քաղաքական դաշտում նոր և թարմ դեմք հանդիսացող երիտասարդ Էքրեմ Իմամօղլուն։

ԱԶԿ-ն ծանր տարավ այս պարտությունը և օրեր անց վիճարկեց ընտրությունների արդյունքները Ստամբուլում։ Թուրքիայի ԲԸՀ-ն բավարարեց հայցը և նշանակվեց կրկնընտրություն՝ հունիսի 23-ին։ Մարտի 31-ի ընտրությունների արդյունքներում Իմամօղլուն առաջ էր անցել ընդամենը 29 հազար ձայնով, և չնայած կրկնընտրության արդյունքում այդ տարբերությունը հասավ 13 հազար, այնուհանդերձ Էրդողանն ու Յըլդըրըմն ընդունեցին պարտությունը։

4.    Հայտարարվեց, թե քանի մարդ է ձերբակալվել՝ գյուլենական լինելու մեղադրանքով

Թուրքիայի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարեց, որ 2016 թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջումից հետո ձերբակալվել է 511.000 մարդ, որից 30.821-ը գտնվում է բանտում։

5.    Թուրքիան հայտարարեց ՔԱԿ-ի ղեկավարներին սպանելու մասին

Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը հայտարարեց, որ թուրքական զինուժը սպանել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության մի շարք կարևորագույն ղեկավար անձանց։

6.    Ռազմական գործողություն Իրաքի տարածքում

Մայիսի 27-ին Թուրքիայի ԶՈՒ-ն մտավ Իրաքի հյուսիս, իրականացնելով Pençe Harekatı-Ճանկ գործողություն անունը ստացած ռազմական գործողությունը՝ «տարածաշրջանը ահաբեկիչներից մաքրելու նպատակով»։

7.    Ս-400-ները վերջապես հասան Թուրքիա

Տևական ժամանակ Թուրքիայում քննարկվում էր Ռուսաստանից Ս-400 ՀՕՊ համակարգերի մատակարարման հարցը։ ԱՄՆ հակազդեցությունն ու պատժամիջոցները պետք է նպաստեին ռուս-թուրքական «մտերմության ցուցիչ» հանդիսացող Ս-400-ների գործարքի չեղյալ հայտարարմանը։ Սակայն Էրդողանը բազմիցս հայտարարել էր, որ դա արդեն կայացած գործարք է և հուլիսի 12-ին Անկարայի Մյուրթեդ ռազմաբազայում իջավ Ս-400-ների մասերը տեղափոխող առաջին ինքնաթիռը՝ սկիզբ դնելով մատակարարման գործընթացին։

8.    Հրապարակվեց Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատական նիստի արդյունքները

Հուլիսի 17-ին հրապարակվեց «Ակօս» թերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատական վճիռը։ Դատարանը, դեռևս հունիսի 13-ին 9 մեղադրյալի վերաբերյալ գործն առանձնացրել էր ընդհանուր գործից, քանի որ լրանում էր դատական գործի վաղեմության ժամկետը: Ըստ Օգյուն Սամասթի, Էրհան Թունջելի, Յասին Հայալի և 6 այլ մեղադրյալի վերաբերյալ հրապարակված դատավճռի` Սամասթը` 2.5, Հայալը` 7.5, իսկ Թունջելը 99.5 տարվա ազատազրկման են դատապարտվել: Նիստին մեղադրյալներից ներկա էր միայն Թունջելը, իսկ մնացածը հետևում էին իրենց քաղաքների դատարաններից:Հայալի փաստաբանը և Սամասթը դատարանից պահանջեցին ազատել «կազմակերպության անդամ» լինելու մեղադրանքից: Սամասթը, որը համարվում է Դինքի սպանության գլխավոր մեղավորը, պահանջել է նաև իր նկատմամբ կիրառել զղջման դրույթը, և նշել է, որ գործի ընթացքում ամեն կերպ աջակցել է հետաքննությանը:Նշենք, որ մնացած 6 մեղադրյալից 4-ը դատապարտվեցին տարբեր ժամկետներով ազատազրկման, իսկ 2 հոգի էլ արդարացվեցին:

9.    Ստամբուլը ցնցեց 5.8 բալ երկրաշարժը

Սեպտեմբերի 26-ին Ստամբուլ քաղաքում տեղի ունեցավ 5.8 բալ ուժգնությամբ երկրաշարժ, ինչը տագնապ մտցրեց հաճախակի երկրաշարժերի ենթարկվող քաղաքի բնակչության շրջանում։

10.  Սիրիա ներխուժումը

Երևի թե 2019 թ. տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունը հոկտեմբերի 9-ին Թուրքիայի ԶՈւ-ի՝ Սիրիայի հյուսիս ներխուժումն է։ Թուրքիայի հարավային սահմանների անվտանգության, Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու, երկրում գտնվող փախստականների վերաբնակեցնելու պատճառաբանությամբ ապօրինաբար սկսված Barış Pınarı Harekatı-Խաղաղության ակունք գործողության համար ազդակ հանդիսացավ մեկ օր առաջ ամերկյան զորքերի՝ Սիրիան լքելու և քրդերին միայնակ թողնելու մասին որոշումը։ Թուրքիայի անօրեն գործողություններն արժանացավ միջազգային հանրության խիստ քննադատությանը։ Հոկտեմբերի 22-ին Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպումից հետո ձեռք բերված հուշագրով դադարեցվեցին ռազմական լայնածավալ գործողությունները։ Սակայն այն անհետևանք չմնաց թուրք-ամերիկյան հարաբերություններում։

11.  ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության ֆոնին հոկտեմբերի 29-ին՝ Թուրքիայի անկախության հռչակման օրը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

12.  Թրամփ-Էրդողան հանդիպումը

Սիրիա ներխուժումից հետո առաջին անգամ երկու երկրների նախագահները հանդիպեցին Վաշինգտոնում։ Էրդողանը հայտարարեց թուրք-ամերիկյան հարաբերությունների անխախտության մասին, ձեռք բերվեցին պայմանավորվածություններ։ Հանդիպմանը մասնակցող ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը Սպիտակ տան հրահանգով Սենատում վետո դրեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի վրա։

13. ԱՄՆ Սենատը նույնպես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Դեկտեմբերի 12-ին՝ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը ընդունեց դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեզի կողմից ներկայացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Այսպիսով ԱՄՆ օրենսդիր մարմնի երկու կառույցները ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը։ 

14.  TANAP-ը կապվեց Եվրոպային

Եվրոպայի հետ կապվող Տրանսանատոլիական գազատարի (Trans Anadolu Doğal Gaz Boru Hattı Projesinin (TANAP)) եվրոպական մասը բացվեց նոյեմբերի 30-ին Իփսալա քաղաքում ՝ մասնակցությամբ  Էրդողանի և Իլհամ Ալիևի։

Արգամ Եղիազարյան