կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-12-27 15:53
Քաղաքական

Կուսակցական գաղտնապահություն

Կուսակցական գաղտնապահություն

Վերջերս մի խումբ դաշնակցական ուսանողների նկատմամբ կայացված կարգապահական վճիռները առիթ դարձան, որ դարձյալ խոսվի ՀՅԴ-ի գաղտնապահության մասին: Երեւույթը պարուրելով մութ եւ դավադիր խորհրդավորությամբ այս խնդիրը կրկին ու կրկին ջրի երես է հանվում հատկապես Դաշնակցության դեմ ծավալվող հերթական հակաքարոզչական ալեկոծությունների ժամանակ: Ցանկանում եմ այս առիթով որոշ մտքեր հայտնել Դաշնակցության եւ առհասարակ կուսակցական գաղտնապահության մասին, ինչպես եւ թռուցիկ անդրադառնալ տվյալ երեւույթի հետ ուղղակի ու անուղղակի կերպով առնչվող կարգապահական խնդիրներին:

Լինելով ազգային ազատագրական պայքարի հեղափոխական կուսակցություն, համախմբելով իր դրոշի ներքո հարյուրավոր առասպելական հերոսների, կանգնած լինելով պետականության վերածնության ակունքներում, միշտ հայտնվելով այնտեղ՝ ուր վտանգի սպառնալիք է հասունացել հայության տարբեր հատվածների գլխին, անբնական չէ, որ Դաշնակցության շուրջ հյուսվել են երգեր ու լեգենդներ, գործունեության տարբեր դրվագների ու դրսեւորումների վերաբերյալ ձեւավորվել են միֆականացված եւ երբեմն չափազանցված պատկերացումներ: Դրանցից մեկն էլ վերաբերում է դաշնակցության փակ ու գաղտնապահ գործելու մտայնությանը:
Նորանկախացող Հայաստանում գործունեության որոշ ոլորտներում Դաշնակցության գաղտնիության շրջանը եւ սահմանները ընդգրկում էին Ղարաբաղյան զինյալ պայքարի սկզբնական հատվածը, երբ խորհրդային միությունը դեռ շունչը չէր փչել: Դրանից հետո անգամ կուսակցության զինված գործունեությունը բացահայտ է եղել՝ առնվազն պետության համար: Դաշնակցությունը Հայաստանում եւ Արցախում ձեւավորում էր մարտական խմբեր, հայտնի վայրերում անց էր կացնում մարզումներ եւ այդ ջոկատներին ուղարկում էր կռվելու: Արցախում եւ Հայաստանի սահմաններում որպես ռազմական առանձին միավորներ գործող ՀՅԴ ջոկատների, ինչպես եւ Շուշիի առանձնակի գումարտակի գործունեությունը համադրվում էր իշխանությունների եւ մասնավորաբար զինված ուժերի շտաբների հետ:

Մնացած մարզերում Դաշնակցության գործունեությունը եղել եւ մնում է ամենաբացը՝ հենց Հայաստանում եւ Արցախում:Եւ այս երեւույթը ուղղակիորեն բխում է Դաշնակցության առավել ժողովրդավար բնույթից: Բացատրեմ Միտքս: Ինչպե՞ս են իրենց համագումարներն անցկացնում Հայաստանի բոլոր կուսակցությունները՝ բացառությամբ Դաշնակցության:

Նրանք գումարում են բազմամարդ ժողովներ, մեկ-երկու ելույթ են ունենում օրվա քաղաքական խնդիրների եւ ընդհանուր անելիքների շուրջ ու, սովորաբար միաձայն, քվեարկում են կուսակցական ղեկավարության կողմից ներկայացվող նոր մարմինների թեկնածուների ցանկերին: Այս, այսպես կոչված, հրապարակային ժողովների ժամանակ երբեք չի լսվում ֆինանսական հաշվետվություն, տեղի չեն ունենում հաշվետու մարմինների աշխատանքի, իրականացված եւ գալիք քաղաքական աշխատանքների, մասնավորապես այլ ուժերի, իշխանությունների եւ ընդդիմադիրների հետ փոխհարաբերությունների շուրջ քննարկումներ: Բացառվում է որեւէ խոսակցություն անցած կամ գալիք ընտրությունների մարտավարության, արած-չարածի եւ անելիքների մասին: Մտածելը, թե նման քննարկումներ նրանք առհասարակ չեն կատարում անհեթեթ է եւ չարժե դրան անդրադառնալ: Նշանակում է, որ բոլոր այդ հարցերը քննարկվում ու պատասխաններ են ստանում ղեկավարության փոքր խմբերի փակ ժողովներում:

Ինչպե՞ս է իր ժողովներն իրականացնում Դաշնակցությունը: Ամիսներ առաջ ժողովի ծավալուն եւ ամբողջական օրակարգը ուղարկվում է տվյալ շրջանի, իսկ բարձրագույն ժողովների դեպքում աշխարհի բոլոր կառույցներին, որպեսզի առանց բացառության բոլոր դաշնակցականները ծանոթանան ու քննարկեն դրանք, առաջարկեն բանաձեւ-նախագծեր, ընտրեն իրենց պատգամավորներին եւ ընդունված նախագծերով վերջիններիս ուղարկեն վերին ժողովներ:
Ժողովներում քննվում են գործունեության բոլոր ոլորտների հարցերը, ներքեւի ժողովներից բերված եւ վերին ժողովներում կայացած քննարկումների հիման վրա ձեւավորվում են որոշումներ, որոնք հետագայում հղվում են ներքեւ, պահանջով, որպեսզի դրանց ծանոթանան բոլոր դաշնակցականները: Կարո՞ղ են արդյոք նման պարագաներում որոշումներն ու գործերը գաղտնի մնալ կուսակցական ընկերներից: Իսկ կարելի է այդ ողջ գործընթացն ու որոշումները պահել իշխանություններից գաղտնի, երբ բոլոր օրակարգերն ու բանաձեւերը բազմացվում են հարյուրավոր օրինակներով, եւ հղվում են հազարավոր մարդկանց: Երբ քննարկումները լինում են ոչ գաղտնի վայրերում, տասնյակ մարդկանց մասնակցությամբ:

Ըստ գործող կանոնագրի եւ ավանդույթի մարմինները պարտավոր են լինում անցնող ամիսների գործունեության վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ ներկայացնել շարքերին, գրավոր կամ բանավոր կերպով, կազմակերպելով ընթացիկ մեծ հավաքներ: Այսքանից հետո կարելի՞ է մտածել թե Դաշնակցության գործունեության մեջ գաղտնիություն գոյություն ունի: Այդ դեպքում ինչ անուն տալ մյուս կազմակերպությունների գործունեությանը: ՆՄան տրամաբանությամբ ինչո՞ւ գաղտնի չհամարել, օրինակ, այս կամ այն ուժի եւ խմբակցության պարբերական փակ նիստերը:

Դաշնակցության համար ուրիշ ի՞նչ բաց գործունեության անհրաժեշտության մասին են խոսում այդպիսի հարցեր բարձրացնողները: Նրանք ցանկանում են, որ, բերանբաց տանտիրուհու պես, ՀՅԴ-ն իր ողջ ներքին անցուդարձը դարձնի հրապարակայի՞ն: Իսկ կասե՞ք, թե առհասարակ ով է նման կերպ վարվում: Մեր աչքի առաջ, անցնող երեք տասնամյակների ընթացքում, զանազան կուսակցություններ ստեղծվեցին, դրանք հաջողեցին ու ձախողվեցին, պառակտվեցին ու միավորվեցին: Երբեւէ ներքին գործընթացները դարձե՞լ են հրապարակային քննարկման առարկա: Չհաշված այն դեպքերը, երբ ոմանք աղմուկով դուրս են եկել կամ դուրս են դրվել իրենց կառույցներից:

Այս դեպքում խնդիրը նույնիսկ ոչ թե կուսկցական գաղտնապահությանն է առնչվում, այլ պարզ պարկեշտության եւ էթիկայի հարց է, որ վերաբերում է գործի կամ ցանկացած այլ նպատակներով ձեւավորված որեւէ հավաքականության: Պատկերացրեք, որ խանութի աշխատողը մշտապես դրսում պատմում է, թե ինչ աշխատանքային ու մարդկային հարաբերությունների առանձնահատկություններ ու նրբություններ գոյություն ունեն իրենց կոլեկտիվում: Ընդունելի կամ պարկեշտ կնկատվի՞ նման պահվածքը: Մենք պիտի ցանկանանք լինել կուսակցություն ու կուսակցականնե՞ր, թե՞ պիտի ձգտենք ցուցադրվել ինչպիսին ենք մենք:Ներքին խոհանոցի (անգամ տնային խոհանոցի) հրապարակայնացումը անխուսափելիորեն կտանի բարոյական կապերի թուլացման, հարաբերությունների քայքայման ու պառակտման:

Գուցե հենց սա՞ են ուզում նրանք ովքեր ցանկանում են ՀՅԴ-ի ներքին խոհանոցը դարձնել հանրային թատրոն: Գուցե ազգային ու հեղափոխական կուսակցության կարգապահական ու կազմակերպական ամրությու՞նն է, որ հանգիստ չի տալիս ոմանց:

Դաշնակցության ազգային, հասարակական, քաղաքական եւ այլ բնույթի գործունեությունը ամեն օր պատշաճորեն ներկայացվում է հայ ժողովրդին՝ լուրերի, հարցազրույցների, ասուլիսների եւ այլ ճանապարհներով եւ թե խոհանոցում այդ ամենն ինչպես է եփվում կարծում եմ բնավ էլ ժողովրդի հետաքրքրության առարկան չէ եւ ոչ էլ դաշնակցականների ողբերգությունը:

Անդրադառնամ ՀՅԴ ուսանող երիտասարդների պատժական որոշումների օրինակին: Ստում են նրանք, ովքեր հայտարարում են թե այդ որոշումները կայացվել են սոսկ ներքին հարցերը հրապարակայնացնելու համար: Այդ խնդիրը վերջինն է վերջիններիս կատարած հակակարգապահական ու հակականոնագրային արարքների շարքում:

Նշենք նաեւ, որ որոշ դեպքերում կուսակցական պատիժները կայացվում են առանց համապատասխան ատյանների ու հանձնախմբերի քննության, որովհետեւ, ըստ կանոնագրի, երբ հակականոնագրային արարքը ակնհայտ է, որոշումները կարող են կայացվել վարչական կարգով, առանց ենթակաների հետ անցկացված քննության: Եթե օրինակ մարդը կուսակցության եւ նրա որոշումների դեմ հանդես է եկել մամուլով կամ այլ հրապարակային ձեւերով, այլեւս ի՞նչ է անհրաժեշտ անթույլատրելի արարքի փաստն ապացուցելու համար: Ի դեպ, վերջին շրջանում անցկացված ընկերային ժողովների ժամանակ կուսակցական մարմնների կողմից հարյուրավոր ընկերներին մանրամասնորեն ներկայացվել են ուսանողների նկատմամբ կայացված որոշումների պատճառները, այնպես որայս հարցում էլ գաղտնի որեւէ բան գոյություն չունի:

Առհասարակ քիչ թե շատ փորձառություն ունեցող դաշնակցականները շատ լավ հասկանում են, որոնք են իրենց իրավունքներն ու պարտականությունները, որն է հակականոնագրայինի սահմանը եւ երբ անցնում են այն հրաշալի պատկերացնում են, թե կատարածը ինչ հետեւանքներ կարող է ունենալ: Եւ երբ մարդը գիտակցված ձեւով եւ ոչ մեկ անգամ կրկնում է նույն կամ նմանատիպ արարքը, ապա ակնհայտ է, որ նա հոգեբանորեն ընդունել է պատժվելու՝ անգամ կուսակցության շարքերից դուրս դրվելու հեռանկարը: Ոչ ոք այս կուսակցությունից հեշտ չի դուրս դրվում, իսկ նրան, ով համարժեքորեն չի մեղանչել, ոչ ոք չի կարող դուրս դնել: Մարդիկ հաճախ տարիներով կրկնվող նույն սխալների համար բազմիցս զգուշացվում են ընկերաբար, ստանում են համեմատաբար թեթե պատիժներ, մինչ հասնում են դաշնակցական մարդու համար ծանրագույն պատժի՝ երբ կուսակցության դռները շրխկացվում են նրանց ետեւից:
Իսկ այլ կուսակցությունների ու կազմակերպությունների դեպքում մի՞թե նույնը չի պատահում, երբ իր որեւէ անդամը, գիտակցված հետեւողականությամբ, երկար ժամանակ գործում է ընդհանուրի կողմից հաստատված որոշումների դեմ:

Դաշանակցությունը դաշնակցականների սեփականությունը չէ, այն ազգային արժեք է, որը դեռ մեծ առաքելություն ունի հայ ժողովրդի ապագայի կերտման գործում: Ոչ մի կասկած չունեմ, որ ծլարձակելով մայր հողում Դաշնակցությունը դեռ վերածվելու է հզոր կաղնու եւ կարողանալու է սաղարթների տակ պատսպարել հարազատ ժողովրդին գալիք փոթորիկներից, լինելու է նրա արժեքների ու երազանքների արթուն պահակը, դառնալու է հզոր պատնեշ՝ հայոց վաղվա սահմաններին: Դրա համար Դաշնակցության հերթական սերունդների պարտավորությունն է անաղարտ ու անկախ պահել այս ուժը: Դաշնակցությունը ոչ մեկի քմահաճույքով չի կարող փոփոխվել եւ ոչ մեկի գրպանում չի կարող տեղավորվել: Բայց բազում «մոլորյալներ» ու հայատյացներ մաշելու են դեռ իրենց կյանքը այդ նենգ նպատակն իրականացնելու անշնորհակալ ճիգի վրա:

Արտաշես Շահբազյան