կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-28 21:42
Արցախ

Արցախի խորհրդարանում քննարկել են գործող միակ կապի օպերատորի մատուցած ծառայությունների ցածր որակը

Արցախի խորհրդարանում քննարկել են գործող միակ կապի օպերատորի մատուցած ծառայությունների ցածր որակը

Այսօր՝ հունիսի 28-ին, Ազգային ժողովում «Ժողովրդավարություն» խմբակցության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հեռահաղորդակցության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ» թեմայով քննարկում:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քննարկմանը «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանն ասել է, որ հեռահաղորդակցության ոլորտում առկա խնդիրների թեման արդեն մի քանի ամիս է գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում:

«Այս ժամանակահատվածում իմ ու գործընկերներիս կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում հաջողվել է փաստարկված և հիմնավոր ցույց տալ, որ Արցախում գործող միակ կապի օպերատորի մատուցած ծառայությունները, ի համեմատություն տարածաշրջանում և այլ երկրներում գործող կապի օպերատորների մատուցած ծառայությունների, այս փուլում որակապես զիջում են: Իսկ գնային առաջարկները անհամեմատելի թանկ են: Միաժամանակ, ողջունելի է, որ երկու օր առաջ ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից ընդունվել է նոր որոշում, համաձայն որի օպտիկամանրաթելային ինտերնետ ծառայությունից օգտվողներն այսուհետ կարողանալու են պայմանագրում ֆիքսել մատուցվող ինտերնետ արագության նվազագույն շեմը»,- մասնավորապես նշել է Գ. Ստեփանյանը:
 
«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանն էլ ասել է, ընկերության կողմից կատարվող ներդրումները սկսվել են դեռևս 2018 թ.-ի չորրորդ եռամսյակում:«Գործընթացը կշարունակվի մինչև տարեվերջ: Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում իրականացվելու է տեխնիկական վերազինում, իսկ բաժանորդներին առաջարկվելու են նոր փաթեթներ՝ մատուցվող ծառայությունները և սակագները հանրության պահանջներին համապատասխանեցնելու համար»,- նշել է Կ. Օդաբաշյանը:
ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանն էլ ասել է, որ ստեղծված բարդ իրադրությունում հանձնաժողովը իր ամենօրյա աշխատանքով ստիպված է հնարավորինս հավասարակշիռ, շահագրգիռ բոլոր կողմերի շահերը պաշտպանել: Մ. Վիրաբյանը կարծում է, որ ներդրումների ավարտին զուգահեռ՝ տեսանելի կլինի որակի բարելավումը:
 
Քննարկմանը մասնակցում էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պատգամավորներ: