Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 11-ին Մոսկվայում՝ «12-րդ աթոռ» աճուրդի տանը, վաճառքի կհանվեն Սերգեյ Փարաջանովի նամակները՝ գրված բանտում, նաև՝ Անդրեյ Տարկովսկու «Հայելի» ֆիլմի սցենարի օրինակներից մեկը՝ նրա ստորագրությամբ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է 12auction.ru կայքը:
Փարաջանովի նամակներից յուրաքանչյուրի նախնական գինը 325 ռուբլի է: Դրանք քրոջը և զարմիկին են ուղղված: 1976 թվականի նամակից. «Մնաց 810 օր: Այլևս ուժ չկա: Հավանորեն, սա վերջն է»: Հարազատներին գրված նամակներում նա գրում է, որ եթե հանկարծ փորձի իր գաղափարներից որևէ մեկը գրի առնել, ազատազրկման ժամկետը կավելացնեն:
Նամակների հետ վաճառվում են նաև Փարաջանովի նկարներ ու լուսանկարներ:
Սերգեյ Փարաջանովի զարմիկ Գեորգի Փարաջանովը հիշում է, թե ինչպես են հանդիպել Սերգեյ Փարաջանովն ու Անդրեյ Տարկովսկին:
«1966 թվականն էր: Սերգեյ Փարաջանովն ապրում էր Կիևում, արդեն նկարահանվել էր «Մոռացված նախնիների ստվերների ֆիլմը, որը բոլոր ժամանակների ու ժողովուրդների 100 լավագույն ֆիլմերի ցուցակում է: Տարկովսկին 1966-ին նկարահանել էր «Անդրեյ Ռուբլյով» ֆիլմը: Փարաջանովն ու Տարկովսկին միմյանց ճանաչում էին հեռակա՝ ֆիլմերով: Տարկովսկին եկել էր Կիև՝ «Անդրեյ Ռուբլյովի» պրեմիերային: Նա ցանկանում էր ծանոթանալ Փարաջանովի հետ ու հրավիրել նրան պրեմիերային»,- պատմում է նա:
Տարկովսկու խնդրանքը Փարաջանովին հաղորդում է քանդակագործ Նիկոլայ Ռապայը և ստանում երեկոյան այցելելու հրավեր:
Փարաջանովը բնակարանը վերանորոգվում էր. երկու սենյակն էլ դատարկ էր՝ ո՛չ կահույք կար, ո՛չ հնաոճ իրեր, առանց որոնց նա չէր կարող ապրել, ի վերջո, հայրը Թիֆլիսում հայտնի էր հնաոճ իրերի իր խանութով:
Մինչ հյուրերի գալը Փարաջանովը զանգահարում է կրկեսում աշխատող իր ընկերոջն ու խնդրում 8 պարկ թեփ և փոքրիկ զեբր: Հարցին՝ ինչի՞դ է պետք, պատասխանում է՝ քո գործը չէ: Նա թեփը շաղ է տալիս բնակարանով մեկ, զեբրին տեղավորում ննջասենյակում՝ շուրջբոլորը կարմիր բողկ լցնելով: Կահույքի միակ պարագան՝ ձվածրաձև սեղանը, ծածկում է շանտիլյի ժանյակներից ձյունաթույր սփռոցով, դնում արծաթե մեծ սկիհ, ըստ նրա՝ Պոտոցկու, և կարմիր գինի:
Երեկոյան Փարաջանովը բացում է բնակարանի մուտքի դուռը, իսկ ինքը դանդաղորեն գինի լցնում սկիհի մեջ: Լսվում է վերելակի երկաթե դռան ձայնը՝ եկել են Տարկովսկին ու Ռապայը, սակայն Փարաջանովը շարունակում է գինի լցնել, սկիհն արդեն բերնեբերան լիքն է, գինին թափվում է սփռոցին ու մեծ կարմիր հետք թողնում: Դռներում ապշահար կանգնած են Տարկովսկին ու Ռապայը. «Սերգե՛յ Իոսիֆովիչ, գինին թափվում է»: Եկածներին ուշադրություն չդարձնելով՝ Փարաջանովը շարունակում է գինի լցնել. «Մի՛ խանգարեք, ես Տարկովսկուն եմ սպասում»:
- Սերյոժա՛, մենք արդեն եկել ենք,- ասում է Ռապայը:
Փարաջանովը շրջվում է նրանց կողմը, ժպտում, ներս հրավիրում: Հանկարծ խրխնջոց է լսվում: Հյուրերը գնում են ննջասենյակ, և Տարկովսկու դեմքի արտահայտությունը փոխվում է տեսածից՝ սպիտակ պատի ֆոնին զեբրն է՝ շուրջբոլորը թեփ ու կարմիր բողկ: Երբ պատրաստվում են հեռանալ, Փարաջանովը ցանկություն է հայտնում ինչ-որ բան նվիրել Տարկովսկուն:
- Սերգե՛յ, եթե կարելի է՝ այս սփռոցը նվիրիր...
- Սփռո՞ցը, խնդրեմ, բայց դա բավական չէ...
Գնում է խոհանոց ու բերում արծաթե ինքնաեռ:
Գիշերային Կիևի դատարկ փողոցներով գնում են Տարկովսկին ու Ռապայը: Նրանց մոտ արգելակում է միլիցիայի մեքենան: Միլիցիոները հարցնում է. «Դուք երևի Փարաջանովի մոտի՞ց եք դուրս եկել: Նստեք, ձեզ տեղ կհասցնենք»: