Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Վերջին մի քանի տարիներին, երբ Սիրիայում իրավիճակն անկայունացել է, երկրի հյուսիսային հարևանները՝ թուրքերը, առիթը բաց չեն թողնում՝ փորձելու օգտվել ստեղծված իրադրությունից: Այս տարվա հոկտեմբերի 9-ին սկսված «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը Թուրքիայի հերթական (դրան նախորդել են «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ» գործողությունները) անօրինությունն էր Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, թեև թուրք բարձրաստիճան ղեկավարությունը բազմիցս հայտարարել էր, որ այն, ինչ կատարվելու է Սիրիայում, պետք է տեղի ունենա տվյալ երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում: Դատելով Թուրքիայի ոչ փառունակ անցյալից՝ հարևանների հետ տարածքային վեճեր և նկրտումներ ունենալու տեսանկյունից, այս հայտարարությունը պարզապես բառաշարք է:
Նույն Սիրիայի հետ Թուրքիան ունեցել է տարածքային վեճ, որի պատճառով Սիրիայի Ալեքսանդրետ (Հաթայ) սանջակը բռնակցվեց Թուրքիային: Այժմ Թուրքիան ձգտում է կյանքի կոչել Սիրիայի տարածքների նկատմամբ ունեցած նկրտումները՝ հասցնելով դրանք իր նախընտրած հանգուցալուծմանը: Իսկ դա ենթադրում է Սիրիայի հյուսիսային մի շարք շրջանների բռնակցում Թուրքիային, որն ամրագրված է երկրի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի «Ազգային ուխտում»:
Թուրքիան վերջին մի քանի տարիներին շրջանառում է թուրք-սիրիական սահմանից 30 կմ խորությամբ անվտանգության գոտու ստեղծման հարցը՝ պատճառաբանելով, թե այն, Թուրքիայի ազգային անվտանգության տեսանկյունից, կենաց-մահու խնդիր է, քանզի այդ տարածքներից կա մեծ վտանգ՝ քուրդ «ահաբեկիչներից», «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցից և այլն:
Վերջին շրջանում համացանցում տարածվել է թուրքական թերթերից մեկից հատված, որից պարզ է դառնում, որ անվտանգության գոտու հարցն ամենևին էլ վերջին տարիների օրակարգ չէ: Ըստ այդ հատվածի՝ 40 տարի առաջ Թուրքիայի նախարարների խորհուրդը «մաքսանենգությունը կանխարգելելու նպատակով Սիրիայի, Իրաքի, Իրանի սահմաններին հայտարարել է 10 կմ անվտանգության գոտի»: Ուշագրավն այն է, որ, բացի վերոնշյալ երկրներից, նախատեսվում էր նաև անվտանգության գոտի հռչակել Թուրքիայի Կարս և Աղրը նահանգներին սահմանակից շրջանները: Հաշվի առնելով սիրիական իրողությունը՝ կարելի է ենթադրել, որ խոսքը Խորհրդային Հայաստանի տարածքների մասին էր:
«Հաթայի, Այնթեփի, Ուրֆայի, Մարդինի, Հաքքարիի, Վանի, Աղրըի և Կարսի նահանգների և Սիրիայի, Իրաքի և Իրանի սահմանին հայտարարվել է 10 կիլոմետրանոց անվտանգության գոտի»,- նշված էր Թուրքիայի նախարարների խորհրդի հայտարարության մեջ:
Այսպիսով՝ նույնիսկ, եթե Թուրքիայում զինվորականներին փոխարինեն քաղաքացիականները, աշխարհիկներին՝ իսլամականները, միևնույն է՝ այս երկիրը չի դադարելու թշնամական և զավթողական նկրտումները հարևանների և այլոց նկատմամբ: