կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-18 19:11
Հասարակություն

Մտահոգությունների յոթ կետեր՝ ԿԳՄՍՆ-ի նոր նախագծում. Յուրի Ավետիսյանի դիտարկումները

Մտահոգությունների յոթ կետեր՝ ԿԳՄՍՆ-ի նոր նախագծում. Յուրի Ավետիսյանի դիտարկումները

Մենք՝ հարցով շահագրգռված մտավորականներս, դասախոսներս, մեծ մտավախություն ունենք, որ հարցը գիտխորհրդում կլուծվի այնպես ինչպես կցանկանա ԿԳՄՍ լիազորված մարմինը. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ մի շարք մտավորականների և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը:

«Այդ մտավախությունը պայմանավորված է մինչև օրենքի նախագծի ընդունումն արդեն իսկ ԶԼՄ-ներով և այլուր հստակ քարոզվող այն գաղափարով, որ մեր բուհում սովորող ապագա ինժեները բնավ պետք է անհրաժեշտությունը չունենա սովորելու հայերեն, որ հայերենի ուսուցումը բուհերում իրականացվում է մասնագիտական առարկաների հաշվին և անհարկի ծանրաբեռնում ուսանողների ժամաքանակը, որ դպրոցում ստացած գիտելիքը միանգամայն բավարար է»,- ասաց նա:

«Այսօր ստեղծված քաոսային իրավիճակում վտանգները բացառող միայն ճանապարհն այն է, որ նոր օրենքում վերստին ամրագրվի հայոց լեզվի պարտադիր ուսուցման դրույթը»,- նշեց դասախոսը՝ առանձին կետերով ներկայացնելով խնդրին առնչվող փաստարկները:

Ըստ այդմ՝ երկրորդ կետն այն է, որ անընդհատ հանիրավի թմբկահարվում է՝ «բուհը կրկնում է հայոց լեզվի դպրոցական ծրագիրը»: «Ծանոթացեք բուհական ծրագրերին, թերթեք հայերեն լեզվի բուհական գործնական ձեռնարկները, անցկացրեք դասալսումներ, լսեք ուսանողների կարծիքը և ինքներդ համոզվեք. լիազոր մարմինն այն բանի համար է, որ վերահսկի, անցկացնի դասալսումներ, անցկացնի քննարկումներ, և, եթե կան մոլորյալներ, դարձի հրավիրի նրանց, և ոչ թե վերցնենք ու դեն նետենք առարկան՝ պատճառաբանելով, որ թերություններ կան»,- մանրամասնեց Յուրի Ավետիսյանը:

«Երրորդ կետը, մեր խորին համոզմամբ, հետևյալն է՝ հայերենը գործիք է մասնագիտությունը սովորելու և այն լավ յուրացնելու համար: Այդ գործիքը մշտապես պետք է կատարելագործել,  և այն պետք է ընձեռել բուհերին իրավունքի ուժով և ոչ թե թողնել բուհերի նախընտրությանը», - շեշտում է նա՝ անցնելով չորրորդ կետին, ըստ որի՝  լեզուն բացառիկ դեր ունի քաղաքացու ազգային նկարագիրը ձևավորելու, ազգային ինքնությունը պահպանելու գործում:

«Փոքր ժողովուրդների համար՝ երիցս, մեզ պետք են հայերեն լեզվով դաստիարակված, հայերեն մտածող ազգային նկարագիր ունեցող ինժեներներ: Ազգային դեմք չունեցող ինժեները վաղը կարող է իսկապես մեր ժողովրդի գլխին պատուհաս դառնալ», - շեշտեց նա:

«Հինգերորդ կետը բուհերում պարտադիր համարվող առարկան պետք է կոչվի «Հայոց լեզու»: Մենք, հայոց լեզու ասելով, հասկանում ենք քերականություն, բայց այն լայն հասկացություն է և ներառում է բանավոր, գրավոր խոսքի հաղորդակցություն, բարեվարքություն, ակադեմիական գրագրություն և այլ: Հետևաբար, մենք կարող ենք բուհում դասավանդվող առարկան ձևակերպել՝ հայոց լեզու, և բուհին թողնել այն դասավանդման տարբերակները:

Վեցերորդ կետ. մենք ունենք խորին համոզմունք, որ հայոց լեզվի պարտադիր կամ ոչ պարտադիր լինելը չէ մեր ՀՀ կրթական ոլորտի տասնյակ կարևոր հարցերից գոնե մեկը, այս ոլորտում կան շատ հրատապ լուծում պահանջող խնդիրներ: Օրինակ՝ շատ տխուր վիճակ է հանրակրթական դպրոցում, կազմաքանդված է ավագ դպրոցի ուսուցման կառուցվածքը: Նախ սրանք պետք է կարգի բերել»,նշեց ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչը՝ եզրափակելով իր խոսքը յոթերորդ կետի ներկայացմամբ, ըստ որի՝ իրենք չեն ուզում ասել, որ վերջնագիր են ներկայացնում, բայց խնդիրը որևէ տարբերակում չլուծելու դեպքում հարկադրված են լինելու մտածել, որ սա ընդհանուր քաղաքականության մի օղակն է, որը կոչված է վարկաբեկելու մեր ազգային արժեքները: