Փոխարժեքներ
26 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.8 |
EUR | ⚊ | € 423.89 |
RUB | ⚊ | ₽ 4.6403 |
GBP | ⚊ | £ 507.42 |
GEL | ⚊ | ₾ 141.14 |
Հայաստանի հանրային տարբեր շրջանակների շարունակում է մտահոգել Հայաստանում ամերիկյան ֆինանսավորմամբ վերազինված ու գործող բիոլաբորատորիաների թեման։ Ի դեպ, այս առնչությամբ օրերս հերթական հավաքն էր անցկացվել հենց ԱՄՆ դեսպանատան մոտ։
Մտահոգ շրջանակները, ի մասնավորի, նշում են, որ 1990-ականներից ԱՄՆ պաշտպանության նախարարության ֆինանսական աջակցությամբ հետխորհրդային մի շարք երկրներում ստեղծվել են բազմաթիվ կենսաբանական լաբորատորիաներ, և, որ ԱՄՆ պաշտպանության նախարարության կազմում գործող DTRA գործակալությունը ոչ միայն ֆինանսավորում է հետխորհրդային երկրներում գործող այդ լաբորատորիաները, այլև մասնագետների վերապատրաստում, նաև իր մասնագետներին գործուղում նշված երկրներ և տեղում իրականացնում համապատասխան փորձարկումներ, կենսաբանական մշակումներ։ Գործակալության տարեկան բյուջեն գերազանցում է 2 մլրդ դոլարը։
2024թ․ հունվարին էլ տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱՄՆ այցի շրջանակում Պենտագոնի հետ ստորագրել է համաձայնագիր Հայաստանում 13-րդ լաբորատորիան բացելու վերաբերյալ:
Ըստ տարբեր աղբյուրների՝ ամերիկյան ֆինանսավորմամբ բիոլաբորատորիաները Հայաստանում գործում են Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Արմավիրի, Արարատի և Սյունիքի մարզերում։
Այս թեմային անդրադարձող քաղաքացիները բավարար չեն համարում պաշտոնական, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հնչեցվող պարզաբանումները, թե ամերիկյան գումարներով վերազինված լաբորատորիաները նախկին սանէպիդկայաններն են և որևէ կասկածելի գործունեություն չեն կատարում։
Ի դեպ, առողջապահության ոլորտի մասնագետներ էլ կան, որոնք նշում են՝ ամերիկյան բիոլաբորատորիաների տեղակայման վայրերում հաճախ են համաճարակային բռնկումներ լինում։
Հենց այս իրողությունների համատեքստում 168․am-ն օրերս փորձել է թեմայի առնչությամբ պաշտոնական պարզաբանումներ ստանալ նաև Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան տիկին Քրիստինա Քվինից։ Նշենք, սակայն, որ ԱՄՆ դեսպանատունը հրաժարվեց մեկնաբանել։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին ուղղված մեր գրավոր հարցման մեջ մասնավորապես նշել էինք․ «Հայաստանի տարբեր հանրային շրջանակներում առկա մտահոգությունները Հայաստանում ամերիկյան ֆինանսավորմամբ գործող բիոլաբորատորիաների մասին և նույնիսկ այս առնչությամբ բողոքի ակցիաները, այս թեմայով երրորդ երկրներից՝ ամենաբարձր մակարդակով հնչող հայտարարությունները, ինչպես նաև՝ հենց ԱՄՆ նոր վարչակազմի հետ ասոցացվող Իլոն Մասկի մտահոգություններն առհասարակ բիոլաբորատորիաների գործունեության վերաբերյալ,
Համաձայն ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի՝ խնդրում ենք տրամադրել հետևյալ տեղեկությունները.
1․ Հայաստանում ամերիկյան ֆինանսավորմամբ քանի՞ բիոլաբորատորիա է գործում։
2․ ՀՀ ո՞ր համայնքներում են այդ բիոլաբորատորիաները գործում։
3․ Ի՞նչ գործունեություն են ծավալում լաբորատորիաները»։