|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՀ վիճակագրական կոմիտեն օրերս հրապարակեց ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակի հիմնական ցուցանիշները, որոնք բնութագրում են աշխատանքի շուկան (հղումն՝ այստեղ):
Մասնավորապես, 2019 թվականի 1-ին եռամսյակի համեմատ, 2-րդ եռամսյակում շուրջ 60 հազարով նվազել է աշխատուժից դուրս բնակչության թիվը, այսինքն` աշխատանքային տարիքի աշխատունակ բնակչության այն հատվածը, որոնք աշատանք չեն փնտրում կամ պատրաստ չեն անցնել աշխատանքի կամ չեն ցանկանում աշխատել: Գրեթե նույն չափով էլ՝ շուրջ 60 հազարով, ավելացել է զբաղվածների թիվը: Այս ցուցանիշների փոփոխությունը հիմնականում բացատրվում է ստվերային զբաղվածության կրճատմամբ:
Առաջին հայացքից դրականորեն արձանագրում ենք, որ 2019 թվականի 2-րդ եռամսյակում շուրջ 46400-ով նվազել է գործազուրկների թիվը՝ նախորդ եռամսյակի համեմատ: Այս առումով հատկանշական է նաև, որ շուրջ 51500-ով նվազել են աշխատանքային ռեսուրսները: Այս ցուցանիշը կազմում է աշխատուժից դուրս բնակչության, զբաղվածների և գործազուրկների թվերի հանրագումարը:
Հետևաբար, եթե աշխատուժից դուրս բնակչության թվի նվազմանը համարժեք ավելացել է զբաղվածների թիվը, ապա ստացվում է՝ գործազուրկների թվի կրճատումն արձանագրվել է աշխատանքային ռեսուրսների (15-75 տարեկան առկա բնակչություն) նվազման հետևանքով:
Այլ կերպ ասած՝ 2019 թվականի 2-րդ եռամսյակում, 1-ին եռամսակի համեմատ, 51500-ով նվազել է 15-75 տարեկան առկա բնակչության թիվը, որոնցից 46400-ը գործազուրկներ են: Այսինքն՝ քննարկվող ժամանակահատվածում 253600 գործազուրկների 18,3 տոկոսը կամ 46400 գործազուրկներ արտագաղթել են Հայաստանից կամ մեկնել են արտագնա աշխատանքի, բնականաբար, հայրենիքում հարմար աշխատանք չգտնելու հետևանքով:
Սա մտահոգիչ էական փաստ է, որի արձանագրմամբ ստացվում է հետևյալ մոտեցումը՝ «չկա մարդը, չկա պրոբլեմը»:
Այս իմաստով մտահոգիչ է նաև, որ 2019 թվականի 1-ին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գործազուրկների թիվն աճել էր 16 հազարով: Բացասական այս միտումների պարագայում՝ 2018 թվականին զբաղվածության պետական ծրագրերի կատարողականը եղել է աննախադեպ ցածր՝ 25 տոկոս: Այսինքն՝ նույնիսկ եղած սուղ հնարավորությունների պայմաններում շուրջ 3000-4000 գործազուրկներ չեն ստացել հնարավոր պետական աջակցություն և չեն տեղավորվել աշխատանքի:
Կարևոր է նշել նաև, որ 2019 թվականին միջին ամսական կտրվածքով աշխատանք փնտրողների ընդամենը 1 տոկոսն է տեղավորվել աշխատանքի: Այսինքն՝ ամսական միջինը 1000 աշխատանք փնտրողներ են տեղավորվել աշխատանքի, իսկ նրանցից ընդամենը 140-ն են ընդգրկված եղել զբաղվածության պետական ծրագրերում:
Զբաղվածության պետական աջակցության փաստացի արդյունքի գնահատման տեսանկյունից՝ անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ զբաղվածության պետական գործակալությունն ունի 51 տարածքային կենտրոններ՝ շուրջ 300 աշխատողով, տարեկան շուրջ 1,2 միլիարդ դրամ պահպանման ծախսերով:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ