կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-29 23:38
Քաղաքական

Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը վտանգում է անկախ դատական իշխանություն ունենալու իրավունքը

Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը վտանգում է անկախ դատական իշխանություն ունենալու իրավունքը

Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ նման պայմաններում քրեական հետապնդման հարուցումը վտանգում է ապագա սերունդների՝ անկախ դատական իշխանություն ունենալու իրավունքը։ Այս մասին հայտարարություն են տարածել «Հանրային իրավունքի զարգացման եւ իրավական փորձաքննությունների բյուրո» ՀԿ համահիմնադիրներ Արթուր Ղամբարյանը եւ Թամարա Շաքարյանը։

«Դատական իշխանության անկախությունն ինքնանպատակ կամ ցանկություն չէ եւ ամենեւին դատավորին տրված արտոնություն չէ, քանզի այս սկզբունքի իրացվածությամբ է պայմանավորված տվյալ պետության՝ որպես իրավական եւ ժողովրդավարական պետության կայացվածության աստիճանը, ուստի այդ սկզբունքի միայն իրավական ամրագրումը եւ անկախ դատական համակարգ ունենալու «խոստումները», արդեն իսկ ակնհայտ է, որ բավարար չեն դրա կենսագործումը ապահովելու համար: Հետեւաբար, ցանկացած «բացահայտ» կամ «քողարկված» միջամտություն դատավորի գործունեությանն անթույլատրելի է եւ չի կարող անտարբեր թողնել իրավունքի գերակայության ապահովմամբ մտահոգված մասնագիտական հանրույթին:

Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական մեղադրանքի հարուցման եւ նրա նկատմամբ օրենքի խախտմամբ իրականացվող քրեադատավարական գործողությունների մասով մամուլում, ինչպես նաեւ նրա փաստաբանի կողմից տարածված ցանկացած տեղեկատվություն անկողմանակալ դիտորդի մոտ հարուցել է ողջամիտ կասկած տվյալ գործի անաչառության վերաբերյալ՝ մասնավորապես, պատճառական կապ տեսնելով մեկ այլ հանրային հնչեղություն ունեցող գործով դատավորի կայացրած որոշումների համատեքստում: Նման ենթադրություններ անելու առիթ է հանդիսացել նաեւ այն, որ մամուլում տարածվել է տեղեկատվություն, որ դատավորի նկատմամբ նույն փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել էր դեռեւս 2019թ․ փետրվարին եւ այդ որոշումը հաստատվել էր դատախազի կողմից, ապա մայիսի 22-ին, կրկին քրեական գործը հարուցվել է։

Հետեւաբար՝ ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է անհապաղ հիմնավորված փաստարկներով համապատասխան պարզաբանումներ ներկայացնի վերը նշված տեղեկությունների համատեքստում, քանզի դատական իշխանության անկախության ապահովման շահը վեր է ցանկացած գործի նախաքննության շահից:

Դատավորի նկատմամբ վերը նշված պայմաններում քրեական հետապնդման իրականացումը խիստ խոցելի է դարձնում մեր ապագա սերունդների համար անկախ դատական իշխանություն ունենալու իրավունքը եւ ստեղծում խորհրդային արդարադատության համակարգը վերականգնելու վտանգ»,–նշված է հայտարարության տեքստում: