Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը և հուլիսի 16-17-ին դատավորի աշխատասենյակում կատարված քննչական գործողությունների ընթացքում օրենքի կոպիտ խախտումները կարևորագույն կարմիր գծեր հատող իրավիճակ են ստեղծել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։
Նա անդրադարձավ նաև հարցին, որ այն մարմինները, որոնք պետք է գործ անեին, լռում են, առաջին հերթին` հենց Բարձրագույն դատական խորհուրդը, որը պետք է արձանագրի` իրավական պետությունը բարձրագույն արժեք է։
Մելիքյանը հավելեց նաև, որ «Իրավական ուղի» ՀԿ-ն սկսում է «#ես իրավունքի դեսպան եմ» նախաձեռնությունը, դիմում պետության` իրավական բնույթն արժևորող բոլոր ուժերին ու անհատներին, ինչպես նաև դատավորներին և խնդրում նշված հեշթեգով հանդես գալ:
«Մենք թիրախային խմբեր ենք առաջարկում, իրավաբանական բուհերի ուսանողներին, մարդկանց, որոնց խոսքը հանրության համար լսելի է, և այս հեշթեգով իրենց մոտեցումն արտահայտեն, որպեսզի այդ կարծիքը դառնա հանրային տիրույթի սեփականություն, որ հանրությունը հասկանա։ Գուցե իրավական պետություն մեզ պետք չէ, և պետք է վերադառնանք նախնադարյան հասարակական կարգեր»,- ասաց նա:
Մելիքյանը համոզված է, որ հասարակությունում ձևավորվել է իրավական արժեքները դավանող լուրջ խավ։ «Նրանց ակտիվության դեպքում գուցե հարգարժան գործընկներին կարող ենք հասկացնել, որ չի կարելի այսպիսի հարված հասցնել իրավական պետության արժեքներին»,-ասաց նա` նշելով նաև, որ պետք է իրավունքը և պետությունը պաշտպանել հաստատակամություն արտահայտող խոսքով։
Ռուբեն Մելիքյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ, չնայած այսօր իշխանությունները զանգեր չեն անում դատավորներին, նրանք, միևնույն է, իրենց տերեր են փնտրում։ Մեկնաբանելով հայտարարությունը` նախկին ՄԻՊ-ը նշեց. «Եթե գործադիր իշխանությունն ունի հսկայական հնարավորություններ, որ զանգեր չեն լինում, բայց այսպիսի բաներ են լինում (ցույց է տալիս լուսանկար, որում երևում է դատավորի կնքված աշխատասենյակի դուռը) ոստիկանությունը հսկում է դատավորի փակ աշխատասենյակի դուռը, հնարավոր է դատողություններ անել։ Բացի այդ` ո՞ւր է դրա ապացույցը։ Եթե գործադիր իշխանությունն ասում է, որ հանցագործություններ են տեղի ունենում ու կես ժամ հետո ապացույց չի ներկայացնում, արժեզրկում է իր խոսքը։ Չեմ պատկերացնում, որ գործադիր իշխանությունը խոսի միջամտությունների մասին, բայց ապացույց չներկայացնի, այդ դեպքում մյուսն էլ կասի, թե սա հանրությանը դատական իշխանության դեմ տրամադրելու ձև է»: