ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ Մեծ Բրիտանիայի Բաթ քաղաքում հուլիսի 15-22-ն անցկացված Մաթեմատիկայի 60-րդ հոբելյանական միջազգային օլիմպիադայում, որին մասնակցում էր 72 երկրի 285 աշակերտ, հայ դպրոցականները նվաճել են 2 արծաթե, 1 բրոնզե մեդալներ, ինչպես նաև արժանացել 2 գովասանագրի․
Մաղաքյան Գագիկ – Ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան – արծաթե մեդալ,
Փանոսյան Լյովա – Ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան – արծաթե մեդալ,
Բաղդասարյան Նորայր – Ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան – բրոնզե մեդալ,
Դիլանյան Վաչագան – Ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան – գովասանագիր,
Չթչյան Տիգրան – Ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան – գովասանագիր
Մաթեմատիկայի 1-ին միջազգային օլիմպիադան անցկացվել է 1959-ին։ Բոլոր մրցույթներն անցկացվում են երկու տեսական փուլերով։ Մրցույթին կարող է մասնակցել առավելագույնը 6 աշակերտ։ 2018-ի օլիմպիադայում, որն անցկացվել էր Ռումինիայում, մեր թիմն արժանացել էր 2 արծաթե և 4 բրոնզե մեդալների։
Հունգարիայի Սեգեդ քաղաքում հուլիսի 14-21-ն անցկացված Կենսաբանության 30-րդ հոբելյանական միջազգային օլիմպիադային, որին մասնակցում էր 72 երկրի 285 աշակերտ, մեր թիմը նվաճել է 1 բրոնզե մեդալ և 1 գովասանագիր․
Արեն Պետրոսյան – Կապանի թիվ 2 ավագ դպրոց, 12-րդ դասարան – բրոնզե մեդալ,
Կուրղինյան Մհեր – Հերացի ավագ դպրոց, 11-րդ դասարան – գովասանագիր։
Թիմը ղեկավարում էին Կենսաբանության հանրապետական օլիմպիադայի նախագահ Գայանե Ղուկասյանը և անդամներ Սեդա Մարությանը, Մերի Հովսեփյանը, Արման Սիմոնյանը:
Բոլոր մրցույթներն անցկացվել են երկու փուլով՝ տեսական և փորձարարական։ Մրցույթին կարող էր մասնակցել առավելագույնը 4 աշակերտ։ Մասնակիցների աշխատանքները գնահատվել են միջազգային ներկայացուցչական հանձնաժողովի կողմից։ 2018-ի օլիմպիադայում, որն անցկացվել էր Իրանի մայրաքաղաք Թեհրանում, մեր թիմն արժանացել էր մեկ գովասանագրի։
Հիշեցնենք, որ 2022-ին Կենսաբանության միջազգային օլիմպիադան անցկացվելու է Հայաստանում։
Առջևում՝ Քիմիայի 51-րդ, Աստղագիտության և աստղաֆիզիկայի 13-րդ և Ինֆորմատիկայի 26-րդ օլիմպիադաներն են: