Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ»-ը գրում է․ «Պետական իշխանությունը հասարակության կառավարման միջոց է: Շատ հաճախ «պետական իշխանություն» և «պետություն» հասկացությունները նույնացվում են, սակայն երևի թե գոնե բարձր դասարանների աշակերտներին էլ պիտի պարզ լինի, որ դրանք տարբեր բաներ են: Եթե պետական իշխանությունը հասարակության կառավարման միջոց է, ապա պետությունը՝ հասարակության կազմակերպման ձև է:
Նշենք նաև, որ պետական իշխանությունն ու հանրային իշխանությունը նույնպես չեն նույնանում, սակայն սերտորեն կապված են միմյանց: Երկրորդն ավելի լայն հասկացություն է, քանի որ ներառում է հասարակության կառավարման բոլոր միջոցները, այդ թվում՝ պետական իշխանությունը: Ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում պետական ապարատը և ընտրությունների միջոցով իշխանության եկած կուսակցությունը՝ իշխող կուսակցությունը, հստակորեն տարանջատված են: Իշխող կուսակցության կադրերը զբաղեցնում են կառավարության քաղաքական պաշտոնները և ուղղորդում են պետության զարգացման ուղին, վարում արտաքին ու ներքին քաղաքականությունը, սակայն չեն միջամտում հաստատությունների բնականոն աշխատանքներին և չեն ազդում նրանց կադրային քաղաքականության վրա, իսկ պետծառայողների իրավունքները պաշտպանված են իշխող կուսակցությունների հնարավոր կամայականություններից:
Օրերս լուր տարածվեց, որ իշխանության ներկայացուցիչներից մեկը՝ ԱԺ Եվրաինտեգրացիայի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, իր խոսքում մի հետաքրքիր դիտարկում է արել, ըստ որի՝ գործող իշխանություններն առաջիկա 40 տարիների ընթացքում լինելու են ՀՀ կառավարման հիերարխիայում:
Ինչ խոսք՝ սա բավականին մեծապետական և իշխանություններին բնորոշ հռետորաբանություն է, երբ իշխանության գտնվող ուժերն իրենց դուրս են դնում բուն իշխանությունից և տարվում ծավալապաշտական հովերով: Սա՝ իմիջիայլոց: Եղոյանը երեկ հերքեց, թե նման բան է ասել. «Ոչ, դա չի համապատասխանում իրականությանը: Նման պնդում անել որևէ մեկը չի կարող, նույնիսկ բռնապետական իշխանությունը չի կարող նման պնդում անել, ուր մնաց՝ ժողովրդավարական»: Սակայն, եթե անկեղծ լինենք, իշխանության որոշ ներկայացուցիչների պահվածքը ցույց է տալիս, որ նրանք հենց այդպես էլ մտածում են: Ի դեպ, չի բացառվում, որ նման «սլիվով» (ըստ Եղոյանի՝ կեղծ) իշխող կուսակցությունը փորձ է անում դաշտում թեսթ անել՝ ստուգում իրականացնել, թե այն ինչպես կընկալվի հասարակության կողմից...
Վերջում հավելենք, որ հեղափոխությունից անցել է մեկ տարուց ավելի, և կարող ենք փաստել, որ իշխանությունները չունեն որևէ օրակարգ ոչ տնտեսության զարգացման, ոչ արդարադատության ու Սահմանադրության բարեփոխման, և ոչ էլ այլ ոլորտների վերաբերյալ: Դժվար է ասել, թե նրանք որքան կգոյատևեն կառավարական բուրգի գագաթին, ըստ էության' մինչև կգտնվի այլընտրանք, որն ազատ ընտրությունների արդյունքում կփոխարինի այս իշխանություններին»։