Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին ամիսների ընթացքում նկատվում է դրամի աստիճանական արժևորում, որն իր էական ազդեցությունը կարող է ունենալ երկրի դոլարացված տնտեսության վրա: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը` նշելով, որ մասնագետների, քաղաքական գործիչների, գործարարների և պարզապես մեր քաղաքացիների համար հետաքրքիր է՝ ինչով է պայմանավորված դրամի` դոլարի նկատմամբ մոտ 3 տոկոսով կամ 12 դրամով արժևորումը:
Ըստ նրա` արժևորման պատճառները մի քանիսն են: Նախ` կառավարությունն ինչպես 2018-ին, այնպես էլ 2019-ի առաջին կիսամյակում ձախողել կամ թերակատարել է հարկաբյուջետային քաղաքականությունը:
«2018-ի պետական բյուջեի կատարման հաշվետվության համաձայն՝ շուրջ 80 մլրդ ՀՀ դրամով քիչ կապիտալ ծախսեր են իրականացվել կոռուպցիոն ռիսկերի, կառավարման և անարդյունավետության հետևանքով: Նույն տենդենցը շարունակվում է նաև 2019-ին: Այս տարվա առաջին կիսամյակում կառավարությունը 25-30 տոկոսի հասնող պրոֆիցիտ է գրանցել, այսինքն՝ տնտեսությունից ավելի շատ հավաքում, քան ծախսում է, ինչի պատճառով էլ դրամի քանակությունը ՀՀ կառավարության անարդյունավետ բաշխման հետևանքով կրճատվում է: Դա էլ նպաստում է դրամի ուղղակի արժևորմանը»,- բացատրեց մեր զրուցակիցը:
Պատճառներից մյուսը, ըստ նրա, այն է, որ ամռան ամիսներին արտարժույթի ներհոսք է նկատվում, ինչը պայմանավորված է գյուղմթերքի և վերամշակված գյուղմթերքի արտահանմամբ, ինչպես նաև տուրիստական հոսքերով, որոնք նպաստում են մեր տնտեսության մեջ դոլարի քանակության աճին: Պարսյանն ընդգծեց, որ, պաշտոնական վիճակագրության համաձայն, ապրիլ և մայիս ամիսներին ունենք արտահանման երկնիշ աճի տեմպ, սակայն այդ աճը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հասարակության մեծ մասը չի զգում:
«Եթե նախորդ տարիներին գրանցվում էր գյուղմթերքի մեծածավալ վերարտահանում, ապա այս տարի զգալի ավելացել են ԱՄՆ-ից, Ճապոնիայից, ԵՄ-ից օգտագործված ավտոմեքենաների և դրանց մասերի վերարտահանման ծավալները, ինչը Հայաստանի տնտեսության համար ապահովում է լրացուցիչ արտարժութային հոսքեր»,- ասաց նա:
Տնտեսագետը շեշտեց նաև, որ դրամի արժևորումը, առաջին հերթին, հարվածում է մեր արտահանողներին. հայկական ապրանքների և ծառայությունների գները պարտադրված բարձրանում են արտահանման շուկաներում, ինչի հետևանքով մեր ապրանքները կորցնում են իրենց մրցունակությունը: «Օրինակ՝ եթե մեկ շիշ գինին 3 դոլար էր արտահանման շուկայում, ապա այլ հավասար պայմաններում գինու գինը բարձրացել է մոտ 3 տոկոսով կամ 10 ցենտով: Դոլարի արժևորման պայմաններում էլ ավելի ձեռնտու է հանգիստը կազմակերպել արտերկրում, ինչի հետևանքով էլ տուժում է ներգնա տուրիզմը»,- հավելեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատուն:
Սուրեն Պարսյանը մեկ հատկանշական փաստ էլ է առանձնացնում, այն է` արժևորվող դրամի պայմաններում հայկական շուկայում պետք է նվազեին ներկրվող ապրանքների գները, սակայն առանձին ապրանքների դեպքում տեղի է ունեցել ճիշտ հակառակը, օրինակ՝ բենզինի և դիզելային վառելիքի գները վերջին ամիսների ընթացքում բարձրացել են:
«Սա վկայում է, որ մեր տնտեսության` մենաշնորհ և գերիշխող դիրք ունեցող ընկերությունները պահպանում են իրենց ազդեցությունը շուկայի վրա և թելադրում են գները: Որքան էլ հայտարարվում է, թե չկան մուտքի արգելքներ, նոր տնտեսվարողներ շուկայում չկան, կամ նորերն էլ հների հետ համաձայնեցված գնային քաղաքականությունն են վարում: Մենաշնորհների դեմ պայքարը չի ավարտվել, ավելին, դրանց ազդեցությունն անտեսելով, ավելի մեծ վնաս ենք հասցնելու մեր տնտեսության ներառական աճին: Սրա հետևանքով մենաշնորհների գործունեության հետևանքով առաջացած վնասը դարձյալ վճարելու է հայ սպառողը»,- ամփոփեց Սուրեն Պարսյանը: