կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-09 13:52
Հասարակություն

Այս տարվա 3-րդ եռամսյակում պլանավորված հարկային եկամուտները չենք կարողանալու կատարել մոտ 20-25 մլրդ դրամով. ՊԵԿ նախագահ

Այս տարվա 3-րդ եռամսյակում պլանավորված հարկային եկամուտները չենք կարողանալու կատարել մոտ 20-25 մլրդ դրամով. ՊԵԿ նախագահ

Կտրոնների քանակով ունենք ավելի քան 40%-ի աճ, և դրանցով ապահովագրվող շրջանառության առումով կա ավելի քան 21 % աճ. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը` միաժամանակ ներկայացնելով 2019 թ. առաջին կիսամյակում հարկային և մաքսային մարմնի բողոքարկման  հանձնաժողովի ցուցանիշները:

Անանյանը նշեց, որ նախորդ տարվա հունվար-հունիսին լսվել է ընդամենը 371 բողոք, այս տարվա  նույն ժամանակահատվածում՝ 872 բողոք: Նախորդ տարի  բավարարվել է 180 բողոք, այս տարի՝ 422: Այս տարի մասնակի  բավարարվել է  69, նախորդ տարի՝ 23 բողոք: Կարճվել է 82 բողոք, մերժվել ՝ 294 -ը:

ՊԵԿ նախագահը անդրադարձավ նաև ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը` պարզաբանելով, որ հնարավոր չէ որևէ անձի սեփականության իրավունքից զրկել առանց դատական որոշման: Անանյանի վստահեցմամբ` այդ հարցով աշխատանքային խումբը ղեկավարում է արդարադատության նախարարությունը: «Բայց մենք ունեինք շատ ակտիվ դերակատարում, քանի որ մենք էինք, ըստ էության, տանում այդ թեզը: Իրավական հարցերով իմ նախկին տեղակալ Ռուստամ Բադասյանը շատ ակտիվ ընդգրկված էր այդ հարցում, և ես շատ ուրախ եմ, որ նա, լինելով արդեն արդարադատության նախարար, այդ հարցն ի պաշտոնե շատ ավելի համակարգված առաջ կտանի: Մենք` որպես ՊԵԿ, մի փոքր հետ ենք քաշվել այդ պրոցեսից, որովհետև գտնում ենք, որ այն շատ հուսալի ձեռքերում է: Մենք աշխատում ենք արդարադատության նախարարության հեգեմոնիայի ներքո»,- նշեց նա:

Ըստ Անանյանի` հանրության շրջանում նախագծի վերաբերյալ կան տարընկալումներ: «Հնարավոր չէ որևէ անձի սեփականության իրավունքից զրկել առանց դատական որոշման: Այս սկզբունքը միշտ  պահպանվելու է: Դա այն չէ, որ պետական որևէ մարմին իրավունք կունենա որևէ անձից խլելու նրան պատկանող գույքը պետությանը պատճառած վնասի դիմաց: Այդպիսի բան հնարավոր չէ: Ուղղակի կան գործընթացներ, որոնք կանոնակարգվում են: Ուղղակի կան գործընթացներ, որ, միջազգային փորձին համահունչ, պարտադիր չէ տվյալ գույքի վերաբերյալ որոշում կայացնել, պարտադիր չէ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու շրջանակներում անդրադառնալ այդ գույքի ճակատագրին: Չի կարելի և հնարավոր չէ այնպիսի իրավական ակտ ընդունել, որն անձին կարող է զրկել սեփականության  իրավունքից՝ առանց դատարանի որոշման»,- պարզաբանեց նա:

ՊԵԿ նախագահը տեղեկացրեց նաև, որ սույն տարվա 3-րդ եռամսյակում պլանավորված հարկային եկամուտները չեն կարողանալու կատարել մոտ 20-25 մլրդ դրամով այն պատճառով, որ 2019 թվականի համար, եռամսյակային կտրվածքով, հարկային եկամուտները ճիշտ չեն պլանավորվել, պետք է երկրորդ եռամսյակում ավելի շատ հարկային եկամուտներ պլանավորվեին, իսկ երրորդում՝ ավելի քիչ:

Հարցին` արդյո՞ք դա նշանակում է, որ 3-րդ եռամսյակում նախատեսված 373,7 մլրդ դրամի հարկային եկամուտները չեն կարողանալու կատարել, Դավիթ Անանյանն արձագանքեց. «Երրորդ եռամսյակի 373,7 մլրդ դրամի կանխատեսումը մոտ 20-25 մլրդ դրամով չի կատարվելու, կամ նման ռիսկ այսօր կա, որը չեզոքացվելու է 4-րդ եռամսյակի արդյունքներով: Այսինքն` 3-րդ եռամսյակում չհավաքագրված գումարները զրոյացվելու են 4-րդ եռամսյակում: Այսինքն` բոլոր դեպքերում տարեկան կտրվածքով 63 մլրդ դրամի գերակատարումն ապահովվելու է»: Նա միաժամանակ տեսակետ հայտնեց, որ երկրորդ եռամսյակը պետք է մոտ 40 մլրդ դրամով ավելի լիներ 3-րդ եռամսյակի ցուցանիշից: