|
Փոխարժեքներ
06 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
«NewsMedia.am» կայքում «Սկանդալային Տեսանյութ.Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հրապարակված տեսանյութի շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքում վարչություն է կանչվել ոստիկանության ծառայող: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
«Զուգահեռաբար տարվում են աշխատանքներ` տեսանյութում երևացող մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: Ծառայողական քննության շրջանակներում ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են»,- նշված է հաղորդագրության մեջ:
Համացանցում նոյեմբերի 21-ին տարածվել է խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութ, որի կապակցությամբ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն` ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքը տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության բաժանմունքներից մեկում:
Խոշտանգման առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստուգումներ են իրականացվում տարածված տեսանյութի վերաբերյալ:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույնպես արձագանքել էր համացանցում բուռն քննարկման առիթ դարձած տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են անձինք հարվածներ հասցնում քաղաքացուն և փորձում տեղեկություն կորզել նրանից: ՄԻՊ-ը նշել էր, թե իր ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկվի քրեական հետապնդման մարմին: