կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-07 13:23
Քաղաքական

Դավիթ Տոնոյանը, Զոհրաբ Մնացականյանը և Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի ձեռքը պատանդ են. Աշոտյան

Դավիթ Տոնոյանը, Զոհրաբ Մնացականյանը և Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի ձեռքը պատանդ են. Աշոտյան

Այսօրվա կառավարությունը համարժեք չէ մեր երկրի առջև ծառացած խնդիրներին, և այդ անհամարժեքությունը ոչ միայն դրսևորվում է յուրաքանչյուր շաբաթ, այլև խորացնում է առանց այդ էլ անհանգիստ անվտանգային միջավայրը Հայաստանի և Արցախի շուրջ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Ըստ նրա` վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բավարարվում այն սահմանադրական շրջանակներով, որ տրված են իրեն ՀՀ օրենսդրությամբ: «Նա ուզում է ոչ թե ուժեղ իշխանություն, այլ տոտալ իշխանություն: Պատահական չէ, որ ԱԺ-ն գրավելուց և վարչապետ դառնալուց հետո նա պարբերաբար գրոհներ է ձեռնարկում, այսպես կոչված, դիմադրության օջախների վրա: Այդ շարքը կարող ենք շարունակել` սկսելով դատական իշխանությունից, հիշելով ԵՊՀ-ն, հավելելով Աբովյանը: Նա չի հանդուրժում և չի հանդուրժելու որևէ վայր, որևէ ինստիտուտ, որևէ քաղաք կամ հաստատություն, որտեղ բացարձակ իշխանություն չունի: Սա այն վտանգներն են, որոնց մասին մենք զգուշացնում էինք ամենասկզբից: Այսինքն՝ իշխանությունները փորձում են ձևավորել տոտալ վերահսկողության երկիր»,- նշեց Աշոտյանը՝ հավելելով, որ ունենք մի երկիր, որտեղ միակ բանը, որ ստացվում է վարչապետի մոտ,  կառավարության նիստերի ընթացքում ուժայիններին «որևէ մեկին ցբխելու» հանձնարարություններ տալն է:

Այս համատեքստում Աշոտյանը շեշտեց՝ թյուր է կարծիքը, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքը կրակն են ընկել նախկին իշխանությունը, Ռոբերտ Քոչարյանը, նրա հետ համաձայն չլինող մարդիկ: «Հետևելով, թե ինչպես են կառավարության անդամները փորձում առաքինաբար դուրս գալ Նիկոլ Փաշինյանի անհաջող, անլուրջ և անզուսպ հայտարարությունների տակից, օրինակ` Արցախի հետ կապված, պետական դավաճանների հետ կապված, կարող ենք ասել՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքը կրակն ենք ընկել ոչ թե մենք, այլ կառավարության գիտակից անդամները: Ինձ համար թոփ եռյակը, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքը պատանդ են դարձել, Դավիթ Տոնոյանն է, Զոհրաբ Մնացականյանը և Արթուր Վանեցյանը: Նրանք ամեն անգամ ստիպված են սվաղել, լղոզել Նիկոլ Փաշինյանի հերթական անհաջող հայտարարությունները»,- պնդեց  նա: 

ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ ՀՀ-ի դիմադրողականությունն իջել է նաև արտաքին աշխարհում: Անդրադառնալով ԵՄ-Հայաստան հարաբերություններին` Աշոտյանն ասաց, որ ընթացիկ տարվա հունիսի 1-ին ՀՀ-ն վերջապես հաստատեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզը:

«Անցյալ տարի հունիսի 1-ից ուժի մեջ մտած պայմանագիրը մեկ տարի հետո նոր միայն ՀՀ կառավարության կողմից իրականացման ռազմավարություն է ստանում:  Ի դեպ, ԵՄ-ն ակնկալում էր, որ այդ ճանապարհային  քարտեզը պետք է հաստատվի կառավարության որոշմամբ և ստանա օրենքից մի նշաձող ներքև իրավական ուժ, այդպես էր պլանավորված, մինչդեռ այն ստացել է ընդամենը վարչապետի որոշման իրավական լուծում»,- ասաց Աշոտյան:

Այստեղ նա ուշադրություն հրավիրեց նաև այն փաստին, որ այսօր Եվրոպական խորհրդարանը շատ բզկտված, ֆրագմենտացված տեսք ունի, և Հայաստանը պարտավոր է լինելու աշխատել ոչ թե 1-2 քաղաքական խմբավորման կամ երկրի հետ, այլ ավելի շատի: «Երկրորդ՝ Եվրոպական Միությունը մեծ դժվարությամբ է ունենալու միասնական արտաքին և պաշտպանական քաղաքականություն, որը որոշակի մարտահրավերներ պարունակող իրողություն է, հատկապես` անհանգիստ տարածաշրջանների համար, ինչպիսին Հարավային Կովկասն է»,- նշեց Աշոտյանը:

Իսկ այն, որ ՀՀ-ն ՄԱԿ-ում առաջին անգամ չի քվեարկել Վրաստանի նախաձեռնած բանաձևի դեմ՝ կապված Աբխազիայի եւ Հարավային Օսիայի փախստականների կարգավիճակի հետ, նա պարզաբանեց. «Սրա արդյունքում լինելու է հետևյալը` Վրաստանը չի գնահատելու այդ ժեստը, ՌԴ-ն էլ չի հասկանալու այն, և Հայաստանը չի շահելու այս նոր դիրքավորման շնորհիվ, այսինքն՝ դժվար մեր իշխանությանը հաջողվի այս մի քվեարկությամբ Վրաստանին պոկել թուրք-ադրբեջանական քաղաքական տանդեմի ճիրաններից»: