Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ինչո՞ւ ենք մոռացել, որ ունենք գործազրկության, աղքատության բարձր մակարդակ, իսկ թե այս նախագիծն ինչպե՞ս է ազդելու դեռևս աշխատաշուկա չմտած երիտասարդների ու թոշակառուների վրա, պատասխանատուներին չի հետաքրքրում. այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հարկային օրենսգրքով նախատեսվող` ե կամտային հարկի փոփոխությանը, ասաց ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության նախաձեռնող խմբի անդամ Քրիստինե Վարդանյանը:
Նշենք, որ, ըստ առաջարկվող փոփոխությունների, համեմատաբար ցածր վարձատրությամբ աշխատողների եկամտային հարկի բեռն առնվազն սկզբնական շրջանում կմնա նույնը՝ 23 տոկոս, փոխարենը էապես կնվազեն բարձր եկամուտ ունեցողների եկամտային հարկի դրույքաչափերը՝ 28 և 36 տոկոսից դառնալով 23 տոկոս:
Ըստ Վարդանյանի` իրենք կարևորագույն հարց են ներկայացնում` այս նախագծի ընդունումից հետո մարդիկ ավելի լա՞վ, թե՞ վատ են ապրելու: Նա վստահ է` նախագծի ընդունումից հետո ավելի վատ է ապրելու, իսկ կյանքի որակն ընկնելու է:
«Սա է մեր` երիտասարդներիս, արդար զայրույթի պատճառը: Բարձր աշխատավարձերին դեմ չենք, ուղղակի խնդիր ունենք առաջարկվող լուծումների հետ: Անցած տարվանից այդ նախագիծը եղել է օրակարգում, ու ամենատարբեր ճանապարհներով կառավարությանն ասվել է, որ սխալ ճանապարհով են գնում, բայց քանի որ քաղաքական մեծամասնությունն ունի հստակ որոշում, նրանք նահանջ չեն ուզում այս նախագծից, չեն ուզում հետ կանգնել, դրա համար էլ ստեղծվեց «Ահազանգ»-ը, որի առաքելությունն է ամեն բան անել, որ այս նախագիծն օրենքի ուժ չստանա, հակառակ դեպքում` այն ազդելու է մեզանից յուրաքանչյուրի վրա: Բայց իշխանության ներկայացուցիչներն այս նախագծի շուրջ դիսկուրս չեն ծավալում, ամեն ինչ արվում է, որ այս նախագիծը պատշաճ ձևով չքննարկվի, մինչդեռ սա անցնող մեկ տարվա ամենամեծ ու կարևոր նախագիծն է, որ բերվել է օրակարգ»,- մանրամասնեց Վարդանյանը:
Նա նաև ահազանգ հնչեցրեց այն առնչությմամբ, որ նախագծի դեմ խոսողներին հաճախ ներկայացնում են որպես դասակարգային պայքար տանողներ, հասարակությանը հարուստների ու աղքատների բաժանողներ: Բայց Վարդանյանը վստահեցնում է` նման բան չկա, իրենք մտավախություն ունեն պարզապես, որ ցածր եկամուտներ ունեցողների կյանքի որակը չընկնի: Նախագիծն առաջ տանողները, բանախոսի դիտարկմամբ, այն հաճախ ներկայացնում են որպես տնտեսագիտական նեղ բանավեճ, որին, տնտեսագետներին բացի, խառնվելու իրավունք չունի ոչ ոք, բայց հարցը վերաբերում է հանրությանը, և հանրությունը պետք է պահանջատեր լինի:
«Նախագիծը բաց է, ու բոլոր նրանք, ովքեր կարծում են` համահարթեցումը սխալ ճանապարհ է, ու այս նախագիծն օրենքի ուժ չպետք է ստանա, կարող են գալ ու միանալ մեզ, քննարկենք պայքարի ձևերը: Այս պահին մենք ո՛չ կառավարությունից, ո՛չ ԱԺ մեծամասնությունից` ի դեմս «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից, որոնց նամակներ ենք փոխանցել, արձագանք, պատասխան չենք ստացել»,- հայտնեց Վարդանյանը:
Ասուլիսին ներկա` ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը, ի հավելումն Վարդանյանի դիտարկումների, անդրադարձավ նոր կառավարիչների հայտարարություններին, թե հարկային բարեփոխումներով պայքարելու են ստվերի դեմ: Նա ընդգծեց, որ դա իրատեսական չէ, քանի որ մենք ունենք շահութահարկի 20 տոկոս դրույքաչափ:
«Անկախ նրանից` ֆիրման որքան շահույթ է ստանում, վճարում է միևնույն 20 տոկոս շահութահարկը: 20 տարուց ավելի է` գործում է այս համակարգը, բայց մեր ֆիրմաների մեծ մասը շահագրգռված չի եղել կամ չի ներկայացրել իրական շահույթի չափը: Հետևաբար` այն մոտեցումը, որ համահարթեցումից հետո մարդիկ կհայտարարագրեն իրենց եկամուտները, սխալ է: Ավելին ասեմ` մարդկանց մեծ մասի եկամուտները չեն ավելանալու, այլ գործատուներն են որոշակի խնայողություններ անելու, քանի որ հաճախ, երբ բանակցություններ են վարում գործատուների հետ, խոսում են կոնկրետ մաքուր աշխատավարձի մասին: Մարդ եթե ուզում է, որ իր մաքուր աշխատավարձը, օրինակ, 200 հազար դրամ լինի, նրան չի հետաքրքրելու` գործատուն 28, թե 23 տոկոս կգրի «կեղտոտ» աշխատավարձի վրա, քանի որ «կեղտոտ» աշխատավարձը մնալու է նույնը: Այսինքն` իրավիճակից օգտվելու են հիմնականում գործատուները, ոչ թե աշխատողները»,- բացատրեց տնտեսագետը: