Փոխարժեքներ
14 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.01 |
EUR | ⚊ | € 413.24 |
RUB | ⚊ | ₽ 3.83 |
GBP | ⚊ | £ 498.3 |
GEL | ⚊ | ₾ 139.72 |
Մայիսի 22-ին Բիշքեկում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվեցին արտաքին քաղաքականության համադրմանը, տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցությանը, ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր:
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր խոսքը սկսեց՝ շնորհավորելով բոլորին Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 74-ամյակի և Բելառուսի ազատագրման 75-ամյակի կապակցությամբ: Նախարարը նշեց, որ պատմական հիշողության պահպանումը հանդիսանում է ՀԱՊԿ շրջանակներում դաշնակցային հարաբերությունների զարգացման կարևոր գործիքներից մեկը, և Հայաստանի համար անընդունելի են պատմության վերաշարադրման փորձերը, մեր հերոսական անցյալի, այդ թվում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում զարգացումների ու արդյունքների կամայական մեկնաբանությունները:
Անդրադառնալով Սիրիայում հումանիտար իրավիճակին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ այն շատ զգայուն հարց է հայկական կողմի համար, և Հայաստանը չէր կարող չարձագանքել այն զրկանքներին ու տառապանքներին, որոնց միջով անցնում է Սիրիայի ժողովուրդը, այդ թվում՝ մեծաքանակ հայ համայնքը: «Մենք ուշադիր հետևում ենք Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմանը, ինչպես նաև այնտեղ առկա գործընթացներում Թուրքիայի ներգրավվածությանը», - շեշտեց նախարար Մնացականյանը՝ հավելելով, որ Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների բացակայությունը և ԼՂ հիմնախնդրում որդեգրած միակողմանի դիրքորոշումը սպառնալիք է պարունակում Հայաստանի և, ըստ այդմ, ողջ Կազմակերպության համար:
Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Իրանի շուրջ կայունությունը կարևոր է Հայաստանի համալիր անվտանգության ապահովման համար:
Նախարար Մնացականյանը կարևորեց ահաբեկչության դեմ պայքարում, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ անդրազգային հանցավորության և մարտահրավերներին արձագանքելու հարցում միասնական ջանքերի գործադրումը:
Հայաստանի ԱԳ նախարարը գործընկերներին ներկայացրեց ԼՂ խաղաղ գործընթացում վերջին զարգացումները՝ ընդգծելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը: Այս առնչությամբ նախարար Մնացականյանը մտահոգություն հայտնեց Ադրբեջանին սպառազինությունների վաճառքում ՀԱՊԿ անդամ որոշ պետութունների ներգրավվածության կապակցությամբ, ինչը բացասաբար է ազդում ինչպես կազմակերպության հեղինակության, այնպես էլ՝ այն համագործակցության միջավայրի վրա: «Հուսով ենք, որ մեր մտահոգությունը լսելի է, և ձեռնարկվում են համապատասխան քայլեր ՀԱՊԿ անդամ-պետութան դեմ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման պատրանքի բացառման ուղղությամբ»:
Հանդիպման արդյունքում ԱԳ նախարարներն ընդունեցին մի շարք փաստաթղթեր, ներառյալ՝ Նացիստական զավթիչներից Բելառուսի ազատագրման 75-ամյակին նվիրված հայտարարությունը, 2019թ․ համատեղ հայտարարությունների թեմաների ցանկի մասին որոշումը, ինչպես նաև 2019թ․ երկրորդ կիսամյակի ընթացքում արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների խորհրդատվությունների ծրագրի մասին որոշումը։
Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում որոշվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման համար Հավաքական անվտանգության խորհրդի դիտարկմանը ներկայացնել ԲՀ ԱԽ պետքարտուղարի թեկնածությունը, ով, կազմակերպութայն բոլոր անդամ-պետությունների ղեկավարների հավանությանն արժանանալու դեպքում, այդ պաշտոնը կստանձնի 2020թ. հունվարի 1-ից։ Միաժամանակ որոշում ընդունվեց ընթացիկ տարվա նոյեմբերին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին ընդառաջ մշակել և ՀԱԽ դիտարկմանը ներկայացնել գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցումը կարգավորող փոփոխություններ ՀԱՊԿ քարտուղարկության մասին կանոնակարգում։