Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մայիսի 22-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը եւ անդամները հանդիպել են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Այդ մասին տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը:
Նաիրա Զոհրաբյանն արժեւորել է վերոնշյալ հասարակական կազմակերպության գործունեությունը մեր երկրում՝ ընդգծելով, որ հանձնաժողովը պատրաստ է արդյունավետ համագործակցության:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը նշել է, որ իրենց կազմակերպությունը 2014 թվականից ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացնում է «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագիրը, որի մի բաղադրիչը նվիրված է ՀԿ-ների օրենսդրության բարելավմանը եւ դրանց գործունեության համար անհրաժեշտ միջավայրի ապահովմանը: Նշվել է, որ կազմակերպությունը մասնակցել է ՀԿ-ների մասին օրենքի մշակման աշխատանքներին, իսկ օրենքն ընդունվելուց հետո դիտարկել է ենթաօրենսդրական դաշտի զարգացման միտումները: Սոնա Այվազյանը ներկայացրել է իր տեսակետը ՔՀԿ-ների նկատմամբ վերահսկողության եւ հաշվետվողականության հարցում, անդրադարձել այս առումով միջազգային փորձագետների կարծիքներին:
«Ոչ առեւտրային իրավունքի եվրոպական կենտրոն» ծրագրի խորհրդատու Լյուբեն Պանովն ընդգծել է, որ իրենք փորձում են կառավարություններին, խորհրդարաններին եւ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին օգնել գտնելու դաշտի կանոնակարգման լավագույն լուծումները՝ իրենց երկրների պայմաններին համահունչ: Նա կարեւորել է ՀԿ-ներին տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորություն ընձեռելը, կամավորությունը որոշակի կանոնակարգման ենթարկելը: Լյուբեն Պանովը տեղեկացրել է, որ իրենք համագործակցում են Պետական եկամուտների կոմիտեի հետ, ներկայացնում ոլորտի խնդիրների լուծման դիտարկումներն ու առաջարկները՝ կարեւորելով հանրային քննարկումները, երկխոսությունը քաղհասարակության եւ իշխանությունների միջեւ: Ըստ նրա՝ պետք է հավասարակշռություն պահպանվի հաշվետվողականության, բաց տեղեկատվության եւ անձնական տվյալների գաղտնիության միջեւ:
Հանձնաժողովի անդամների հետ քննարկմանն անդրադարձ է կատարվել անհատ դոնոր կազմակերպությունների գործունեությանն ու ֆինանսավորմանը, նվիրատվությունների ֆոնդի ձեւավորմանը, ՀԿ-ների ֆինանսավորման համամասնությանը, ՀԿ-ների տնտեսական գործունեության հնարավորությունների իրացմանը ու պետական ֆինանսավորման աղբյուրներին, լրատվական գործունեություն իրականացնող ընկերությունների ֆինանսական թափանցիկությանը եւ հաշվետվողականությանը, կեղծ լուրերի խնդրին եւ ոլորտի կանոնակարգմանը վերաբերող այլ խնդիրների:
Նաիրա Զոհրաբյանը հանդիպման ավարտին վստահեցրել է, որ բոլոր առաջարկներն եւ գաղափարները հանձնաժողովում կքննարկվեն, դրանց մի մասն օրենսդրական փոփոխությունների հիմք կդառնա: