Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 21-ին այցելել է հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամաս:
Զինված ուժերի ուսումնական պատրաստության պլանի համաձայն՝ զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացվող հրամանատարական հավաքների շրջանակում, ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդես է եկել «Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, դրանից բխող հնարավոր զարգացումները» թեմայով դասախոսությամբ:
Դավիթ Տոնոյանը հավաքի մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրի հիմնական մարտահրավերները, միջազգային ու տարածաշրջանային շահերի և հակամարտությունների ոլորտում առկա և հավանական զարգացումները, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի համար բարենպաստ բանակցային պայմանների ապահովման հիմնական գրավականները:
ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև սպաներին հետաքրքրող հարցերին:
Այնուհետև, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Դավիթ Տոնոյանը մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար նախատեսված նորակառույց բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը։
Շնորհավորելով բնակարանամուտ տոնող զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին` Դավիթ Տոնոյանը մաղթել է նրանց նոր հարկի ներքո ընտանեկան երջանկություն ու ջերմություն` վստահություն հայտնելով, որ բնակարանամուտը խթան կհանդիսանա նաև զինվորական ծառայությանը նոր լիցքերով ու եռանդով լծվելու համար:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանն ուղղված յուրաքանչյուր այսպիսի նախաձեռնություն մի նոր ու առաջանցիկ քայլ է՝ զինված ուժերի մարտունակությունն առավել ամրապնդելու ճանապարհին, և պատահական չէ, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն անում է հնարավորը՝ զինվորականների ծառայությունն ըստ արժանվույն գնահատելու, զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալ-կենցաղային, մասնավորապես` բնակարանային ապահովման խնդիրները կարգավորելու համար: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև շեշտել է, որ բնակարանների բաշխումն իրականացվել է բանակային զորամիավորման հրամանատարության որոշման հիման վրա՝ հաշվի առնելով սպաների բնութագիրը, բնակարանային պայմաններն ու ծառայողական գործառույթները: