կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-07 16:33
Տարածաշրջան

ԱՆԶԱՔ-ը, Թուրքիան ու 1915-ը. մի «առանձնահատուկ» հարաբերության մասին

ԱՆԶԱՔ-ը, Թուրքիան ու 1915-ը. մի «առանձնահատուկ» հարաբերության մասին

Նոր Զելանդիայում բնակվող լրագրող ու պատմաբան Ջեյմս Ռոբինսը լույս է սփռում Հայոց ցեղասպանության ոչ շատ հայտնի կողմի` Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի զինվորների (Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի զինվորական ուժեր-ԱՆԶԱՔ)՝ 1915 թ. վերաբերյալ վկայությունների վրա և ուշադրություն հրավիրում այս երկու երկրների ու Թուրքայի միջև եղած առանձնահատուկ «հարաբերություն»ների անխախտ մնալուն ուղղված դիպլոմատիկ քայլերի վրա։

Ջեյմս Ռոբինս

Վերջին տարիներին Հայոց ցեղասպանության ընթացքում ու Թուրքիայի Հանրապետության հիմնադրման ժամանակ կիրառված բռնությունների մասին մեր ունեցած տեղեկությունների մեջ ուշադրության արժանի խորություն ու լայն ընդգրկվածություն նկատվեց։ Թաներ Աքչամի շնորհիվ արդեն մեր առջևում հառնում է  մի ամբողջական պատկեր առ այն, թե ինչպես է Միություն և առաջադիմություն կուսակցությունն օգտագործել իր ձեռքում եղած իշխանությունը։  Մի շարք անուններ, որոնց մեջ են նաև Ռյան Ջինջերեսն ու Ուղուր Ունգյորը, մանրամասնորեն վերլուծության են ենթարկել կոնկրետ շրջաններում կատարված կոտորածը։ Ավետիս Հաճյանը «Ծպտյալ հայեր», այսինքն՝ ասիմիլացված կամ էլ բռնի կրոնափոխ եղած քրիստոնյաների երեխաների ու թոռների մասին ազդեցիկ հոդվածներ ու մեկ գիրք է գրել։ Հետազոտողները սկսել են ուսումնասիրել ավադական պատմագրության մեջ սովորաբար մեզ չհանդիպող զանազան երկրներն ու այդ երկրների պատմությունները, որոնք կապ ունեն Ցեղասպանության հետ։ Ավստրալիան ու Նոր Զելանդիան հետզհետե ավելացող ուսումնասիրությունների շարքում ուշադրություն գրավող երկրներից են. այս տեսանկյունից որպես ազդանշան կարող ենք որակել Վիգեն Բաբկենյանի 2016 թ. հրատարակած «Հայաստանն, Ավստրալիան ու Մեծ պատերազմը» վերնագրով գիրքը։

Համակենտրոնացման ճամբարների մասին վկայած զինվորները 

Օրինակ՝ այսօր արդեն գիտենք, որ Դարդանելում 1915 թ. ապրիլի 25-ին (Անզաքի օրը)  արված տեղահանության գործողությունը Միություն ու առաջադիմություն կուսակցության կողմից բնաջնջման որոշման կայացման եզրափակիչ ձգանն էր։  Հետագայում Օսմանյան կայսրության կողմից  ռազմագերի  վերցված «Անզաք»-ի տասնյակ զինվորներ վկա են եղել բնաջնջման այդ գործողությանը, տեսել են կոտորածի դաշտերը, մահվան շքերթները, համակենտրոնացման ճամբարները։ Նրանցից ոմանք իրենց տեսածները գրառել են օրագրերում, իսկ ոմանք էլ իրենց երկիր վերադառնալուց հետո պատմել են այդ մասին գրքերում ու թերթերում հրատարակված հոդվածներում։ Օրինակ՝ ավստրալացի լեյտենանտ Լեսլի Լուսկոմբին խոսում է Էսքիշեհիրում իրեն հանդիպած «տխուր ու իր ներսը մթությամբ պատող տեսարան»ի մասին: Նա գրում է նաև. «Հեռու, համակենտրոնացման ճամբար» ուղարկվող գնացքի վագոնների լցվելուն սպասող, «մեկը մյուսին սեղմված, կիսանստած… բազմաթիվ հայ կանայք ու երեխաներ»։ Նորզելանդացի Էդվարդ Օպոտիկի Մասլին էլ Թորոսլարում տեսել է. «Մեջքին փոքրիկ պարկեր գցած կամ էլ սպասքով բեռնված, խմբով դեպի գերեզման  գնացող հայ ու հույն գյուղացի ծեր տղամարդկանցից, ճերմակած մազերով ծեր կանանցից ու երեխաներից կազմված մի մեծ քարավան»:
«Այդ ձևով այստեղից այնտեղ տարված այդ մարդկանց թիվը մշտապես փոքրանում էր՝ մինչև բոլորի ոչնչացումը»,- հավելում է նա։  Որոշ ավստրալացիներ ու նորզելանդացիներ պնդում են, որ իրենք դեր են կատարել նրանց փրկելու գործում։ Դարդանելի օպերացիայի ակտիվ մասնակիցներից Սթենլի Սավիջն ու Ռոբերտ Նիկոլը եղել են 1918 թ. Ուրմիայում մահից փախչող ամենաքիչը 60 հազար հայի ու ասորու պաշտպանությանը աջակցած փոքրիկ կամավոր խմբի անդամները։ Ռոբերտ Նիկոլը իր կյանքը  զոհել է հանուն այդ նպատակի։

2013 թ. Ահմեդ Դավութօղլուն բացահայտ սպառնաց, որ թույլ չեն տա Ավստրալիային մասնակցել Դարդանելում տեղի ունենալիք միջոցառումներին։ Պատճառն այն էր, որ  Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս  նահանգի խորհրդարանի անդամների կողմից ընդունվել էր Ցեղասպանության ճանաչման նախագիծը։ Ավստրալացի առաջնորդները փոխանակ այդ սպառնալիքին ընդդիմանային, ընդհակառակը, հապճեպ կերպով նահանգի խորհրդարանին մեղադրեցին «Անզաք»-ի օրը փչացնելու ու «առանձնահատուկ հարաբերությունը» վտանգելու մեջ  ու քննադատություններ հնչեցրին։

Օգնություն ցուցաբերելու համար արված գործողություններ

1914-18 թթ. նորզելանդական ու ավստրալական թերթերում Ցեղասպանության մանրամասներ պարունակող տասնյակ հազարավոր հոդվածներ ու տեսակետներ են հրապարակվել։ Բացի այդ՝ այս երկու երկրները շատ կարևոր օղակ են եղել Ցեղասպանությունից մազապուրծ եղածներին միջազգային մարդասիրական օգնություն ցուցաբերելու ջանքերի շրջանակում, Մերձավոր Արևելքի օգնության պատվիրակության կողմից կազմված «ոսկե ողորմածության շղթայում»։ 1920-ական թթ. ընթացքում լայնածավալ օգնության գործողություններ էին կազմակերպվում, ու հազարավոր հասարակ մարդիկ կանխիկ գումար էին տալիս ու նվիրատվութուններ անում։ Նույնիսկ մարդիկ են եղել, որոնք օգնություն ցուցաբերելու նպատակով գնացել են այն շրջաններ, որտեղ իրականացվել է Ցեղասպանությունը, օրինակ՝ Քրիստչրչ քաղաքի բնակիչներ Ջոն ու Լիդիա Քնուդսենները։ Նրանք ղեկավարում էին Լիբանանի Անթիլիաս քաղաքում գտնվող «Ավստրալիա-ասիական» որբանոցը (Այս որբանոցի շենքն ավելի ուշ վաճառվում է՝ դառնալով Կիլիկիո հայոց կաթողիկոսության կենտրոնը)։
Արտաքնապես այս մանրամասները Ցեղասպանության պատմության մեջ շատ փոքր մաս են կազմում, յուրահատուկ մի բան էլ չեն։ Տեղահանություններին վկա եղած բրիտանացի զինվորների թիվն ավելի մեծ է եղել։ Ավելի շատ են ռուս զինվորների այն պնդումները, ըստ որոնց` իրենք «փրկչի» դեր են կատարել։ Սակայն «Անզաք»-ի օրվա՝ ապրիլի 25-ի ու մեր օրերում Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի կառավարությունների ու Թուրքիայի միջև եղած հարաբերությունների (որոնք ես առանձնահատուկ հարաբերություն եմ անվանում) լույսի ներքո այս պատմությունը մեկ այլ տեսք է ստանում։

«Առանձնահատուկ» հարաբերությունը

Այսպես, թե այնպես «Անզաք»-ի օրը երկու երկրների համար ամենակարևոր ազգային տոնն է։ «Անզաք»-ի երկրները 1980-ական թթ. Թուրքիայի հետ դիվանագիտական համագործակցություն են սկսել։ Պաշտոնական այցերով, Կանբերայում, Վելինգթոնում կամ էլ Դարդանելում համատեղ հիշատակի միջոցառումներով, ելույթներով շարունակվող սերտ հարաբերություններ են հաստատվել։  Մյուս կողմից հազվադեպ հանդիպող, աշխարհի համար օրինակ ծառայող հարաբերություն է սա. հին թշնամիները հաշտվում ու ընդհանուր հայտարի են գալիս, հարգանքով միասին սուգ են պահում։ Սակայն  Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի քաղաքական առաջնորդները 30 տարի շարունակ այս առասպելն ու հարաբերությունը ուշագրավ վճռականությամբ պաշտպանել են, նույնիսկ Թուրքիային վիրավորած լինելու վախից ժխտել են Հայոց ցեղասպանությունը։ 2013 թ. Ահմեդ Դավութօղլուն բացահայտ սպառնաց, որ թույլ չեն տա Ավստրալիային մասնակցել Դարդանելում տեղի ունենալիք միջոցառումներին։ Պատճառն այն էր, որ  Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս  նահանգի խորհրդարանի անդամների կողմից ընդունվել էր Ցեղասպանության ճանաչման նախագիծը։ Ավստրալացի առաջնորդները փոխանակ այդ սպառնալիքին ընդդիմանային, ընդհակառակը, հապճեպ կերպով նահանգի խորհրդարանին մեղադրեցին «Անզաք»-ի օրը փչացնելու ու «առանձնահատուկ հարաբերությունը» վտանգելու մեջ  ու քննադատություններ հնչեցրին։
Առկա է նաև ճեպազրույցի թղթապանակ, որին այդ խնդրի վերաբերյալ իրենց մամլո հաղորդագրությունները պատրաստելիս դիմել են Նոր Զելանդիայի արտաքին գործերի ու առևտրի նախարարությունները, նախարարներն ու պատգամավորները… Այդ թղթապանակում նշվում է, որ  2013 թ. արված սպառնալիքի վրա հիմնվելով` «Անզաք»-ի հիշատակին նվիրված արարողությունների՝ «առանց խնդիր անցկացումը» երաշխավորելու համար Նոր Զելանդիան չի ճանաչում Ցեղասպանությունը։
Մենք բոլորս կասկած չունենք այն հարցում, որ Թուրքիայի կառավարությունը Ցեղասպանությունը ճանաչող յուրաքանչյուր երկրի, մարդու իրավունքների կառույցի, կրոնական խմբի կամ գիտնականի դեմ ցանկացած դիվանագիտական զենք օգտագործում է, սակայն Ավստրալիա-Նոր Զելանդիայի դեպքը տարբեր է։ Ի տարբերություն ԱՄՆ-ի կամ Անգլիայի հետ հարաբերությունների՝ այստեղ չկան կարևոր առաջնահերթություններ, անվտանգության, առևտրային կամ էլ աշխարհառազմավարական խնդիրներ։ Այն զուտ քաղաքականության, պատմության ու հիշողության հետ կապված հարց է։ Երեք երկիրն էլ՝ Ավստրալիան, Նոր Զելանդիան, Թուրքիան, այս առանձնահատուկ հարաբերությունների հաստատման ուղղությամբ նրբորեն աշխատելով` որոշեցին, որ առասպելներն ու ազգայնականությունը ճշմարտությունից ու արդարությունից ավելի կարևոր են։
Այդ խնդրի համար լուծում կարող էր լինել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս  նահանգի խորհրդարանի կողմից արված, մինչև այդ էլ Ավստրալիայում Կանաչների կուսակցության պատգամավորների նախաձեռնած` Ցեղասպանության պաշտոնապես ճանաչումը։ Սակայն Հրանտ Դինքի հետևյալ դիպուկ դիտարկումը ականջին օղ անելու մեջ օգուտ կա. «Չըմբռնված ժխտողականությունը կամ խոստովանությունը որևէ մեկին օգուտ չի տա»։ Ավստրալիայի կամ Նոր Զելանդիայի կառույցները պետք է հստակ կերպով տեսնեն, որ «ճանաչումը նախընտրելով` մարտահրավեր են նետում Թուրքիայի ժխտողականությանը, որ իրենց հայ քաղաքացիներին են պատիվ բերում, որ ընդունում են այս մեծ մեղքի վերաբերյալ իրենց պապերի վկայություններն ու նրանց  ճշմարտացիությունը։ Հակառակ դեպքում «ճանաչումը» անբովանդակ մի ժեստ լինելուց այն կողմ չի անցնի։

«Ակօս»

Թարգմանեց Անի Մելքոնյանը