կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-12 23:33
Քաղաքական

ՀՀ դեսպանը պատասխանել է լեհ խորհրդարանականների հարցադրումներին

ՀՀ դեսպանը պատասխանել է լեհ խորհրդարանականների հարցադրումներին

Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը ապրիլի 11-ին հանդիպել է Լեհաստանի խորհրդարանի (Սենատ և Սեյմ) Լեհաստան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Թադեուշ Վոժնիակի (Tadeusz Woźniak), խմբի մի քանի անդամների և քարտուղարի հետ:

Թադեուշ Վոժնիակը, ողջունելով դեսպանին, վերահաստատել է երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններն ավելի զարգացնելու և խորացնելու լեհական կողմի պատրաստակամությունը և հանձնառությունը։

Սամվել Մկրտչյանը հատկապես կարևորել է Հայաստանի և Լեհաստանի միջև խորհրդարանական համագործակցության հետագա ընդլայնումը, խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների երկուստեք օգտագործումը։ Նա լեհական կողմին տեղեկացրել է ՀՀ ազգային ժողովում Հայաստան-Լեհաստան պատգամավորական բարեկամության նորաստեղծ խմբի մասին։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարբեր ոլորտներում՝ առևտրատնտեսական, զբոսաշրջության, կրթամշակութային, երկկողմ համագործակցության զարգացման նպատակով անհրաժեշտ քայլերի ձեռնարկման շուրջ:

Անդրադարձ է կատարվել ինչպես կառավարությունների, այնպես էլ օրենսդիր մարմինների ներկայացուցիչների առաջիկա փոխայցելությունների իրականացման հարցերին:

Դեսպան Սամվել Մկրտչյանը պատասխանել է լեհ խորհրդարանականների հարցադրումներին, որոնք վերաբերում էին Հայաստանի նոր իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին, ժողովրդավարական հաստատությունների կայացմանն ու ամրապնդմանը։