Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Euronews գործակալության թուրքական ծառայության թղթակից Սեդա Քարաթաբանօղլուն անդրադարձ է կատարել Թուրքիայում հայերի վիճակի և թվաքանակի աստիճանական նվազմանը և Հայաստանից հայ քաղաքացիների` որպես փախստական Թուրքիայում հաստատվելուն:
«Թուրքիան, ըստ Լոզանի համաձայնագրի, փոքրամասնություններին ճանաչում է ըստ կրոնական պատկանելության: Այդ պատճառով Թուրքիայում ապրող հայերը գրանցված են որպես քրիստոնյաներ: Հայաստանից որպես զբոսաշրջիկ Թուրքիա այցելող, այնուհետև որպես փախստական այստեղ մնացող ու աշխատող հայերի և իրենց հայ ներկայացնող իսլամացված հայերի թվաքանակի մասին ոչ մի տեղեկություն չկա»,- ասել է նա:
«Նոր Զարթոնք» հայկական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Մուրադ Մըհչըն նշել է. «40 հազար ենք մնացել, կեսը ծեր են, մնացած կեսի մեծ մասն էլ արտասահման է գնում»:
«Ակօս»-ի լրագրող Բագրատ Էստուկյանն իր հերթին նշում է, որ որպես զբոսաշրջիկ Թուրքիա եկած և որպես փախստական ապրող հայերի թվաքանակի մասին կարող ենք անձնագրային բաժիններից իմանալ, սակայն իսլամացված հայերի թվաքանակի մասին իմանալն անհնար է: Ըստ նրա` քաղաքական և տնտեսական նման միջավայրում հայ երիտասարդները Թուրքիայում ապագա չեն տեսնում: «Երիտասարդները կրթության համար Եվրոպա և Ամերիկա են գնում: Եթե գործերը լավ չեն ընթանում, շատերը, որպես նոր սկիզբ, ուղևորվում են Հայաստան»,- ասել է նա:
Մըհչըն նաև նշել է, որ Թուրքիայից գաղթելու պատճառներից է նաև Թուրքիայում ժողովրդավարության նվազումը: «Մենք նկատում ենք, որ պակասում ենք: Հայկական դպրոցներից արտասահման գնացողների թիվն ավելանում է: Հատկապես համալսարանական կրթություն ստանալու համար երիտասարդները գնում են և ետ չեն վերադառնում: Ուսանողներն ու նրանց ընտանիքները շահագրգռված են արտասահման գնալու հարցում: Թողնել այստեղ ամբողջ ունեցվածքը և գնալ մի վայր, որը չես ճանաչում և որտեղ ոչինչ չունես, հեշտ չէ: Ցավալի է, որ այսպես է շարունակվում»,- ասել է նա: