կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-23 12:04
Առանց Կատեգորիա

Միջազգային ընթացիկ անվտանգային միջավայրը շարունակում է խոցելի մնալ

Միջազգային ընթացիկ անվտանգային միջավայրը շարունակում է խոցելի մնալ

Միջազգային ու տարածաշրջանային ընթացիկ ռազմաքաղաքական, ինչպես նաև տնտեսական (էներգետիկ) զարգացումները ցույց են տալիս, որ միջազգային անվտանգային միջավայրը շարունակում է բավական խոցելի մնալ: Ավելին` միջազգային հարաբերություններում անվտանգային համակարգի մեխանիզմների անարդյունավետությունը, շատ հաճախ դրանց գրեթե անգործությունը դրական սպասումներ չեն տալիս` համենայն դեպս առաջիկա հեռանկարների դիտանկյունից:   

Դա են հաստատում միջազգային, տարածաշրջանային մակարդակներում առկա ու զարգացող ռիսկերն ու մարտահրավերները, որոնք ժամանակ առ ժամանակ դրսևորվում են այս կամ այն իրավիճակում: Ավելին` միջազգային հիմնական խաղացողների, միջազգային մակարդակով որոշումներ կայացնող առաջնորդների միջև կարծես չեն գործում այդ թվում, այսպես կոչված, փոխվստահության մեխանիզմները, ինչը կարող է ցանկացած իրավիճակում, դուրս գալով վերահսկողությունից, պարունակել լուրջ և իրական սպառնալիքներ միջազգային հանրության համար` առհասարակ:

Միջազգային անվտանգային համակարգի խոցելիության ցուցիչներից է այն, որ միջազգային հանրությունը գտնվում է պատերի ու պատնեշների կառուցման ժամանակաշրջանում. տեղին է հիշատակել Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով պատ կառուցելու` Թրամփի մտադրությունը, կամ Իսրայելի նախաձեռնած՝ Գազայի հատվածի հետ սահմանի երկայնքով 65 կմ երկարությամբ պատի կառուցումը:  

ԱՄՆ-ը դուրս է գալիս ՄՓՀՀՊ պայմանագրից

Վերջին շրջանում միջազգային հնչեղություն ստացած, ակտուալ անվտանգային և միևնույն ժամանակ ռիսկային հիմնահարցերից մեկը վերաբերում էր Միացյալ Նահանգների՝ Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին 1987 թվականին ստորագրված պայմանագրից (ՄՓՀՀՊ) դուրս գալու իրողությանը: Փետրվարի 1-ին հնչեցված պաշտոնական այդ հայտարարությունը Վաշինգտոնը մեկնաբանում է որպես Մոսկվայի կողմից նշյալ պայմանագրի դրույթները խախտելու հետևանք կամ արձագանք՝ նշելով ռուսական կողմից պայմանագրի դրույթներին հակասող հրթիռ ստեղծելու հանգամանքը: ԱՄՆ գերատեսչությունների կողմից տարածված հայտարարությունների մեջ մասնավորապես նշվում է, որ ԱՄՆ-ն ս.թ. փետրվարի 2-ից կդադարեցնի  համաձայնագրով սահմանված իր պարտականությունների կատարումը՝ կես տարվա ընթացքում տեղեկացնելով Ռուսաստանին պայմանագրից իր դուրս գալու մասին:    

Խոսքը 9M729 «Новатор» (ՆԱՏՕ-ի դասակարգմամբ՝ հայտնի է նաև SSC-8 տարբերակով) տեսակի միջուկային մարտագլխիկով, միջին հեռահարության թևավոր հրթիռի մասին է, որը, ռուսական կողմի պնդմամբ, չի հակասում 1987 թվականին ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրված պայմանագրին: Արդյունքում` Թրամփի վարչակազմը Ռուսաստանի իշխանություններից պահանջել է դադարեցնել այդ հրթիռի արտադրությունը կամ դրա ռազմատեխնիկական չափանիշները համապատասխանեցնել պայմանագրին:    

Ռուսական կողմն, իր հերթին, մեղադրում է Վաշինգտոնին այն բանում, որ կողմերի միջև ռազմական մրցավազքը սկսվեց շատ ավելի վաղ՝ 2001թ. դեկտեմբերի կեսերին ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի՝ Հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին հայտարարությունից հետո:  

ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում խորացող լարվածության հաստատումն էր օրերս ՌԴ նախագահ Պուտինի՝ ՌԴ Դաշնային ժողովին ուղերձում հնչեցրած միտքը, ըստ որի` «Ռուսաստանը մտադիր չէ համապատասխան հրթիռներ տեղադրել Եվրոպայում, բայց կգնա պատասխան քայլերի, եթե դա անի Միացյալ Նահանգները: Ռուսաստանը ստիպված կլինի ստեղծել և տեղակայել սպառազինության այնպիսի տեսակներ, որոնց թիրախում կլինեն ոչ միայն այն տարածքները, որոնցից կա անմիջական սպառնալիք, այլ նաև այն տարածքները, որտեղ գտնվում են Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող որոշումների կայացման կենտրոնները»: Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է հայելային և ասիմետրիկ միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ը որոշի Եվրոպայում տեղադրել միջին և փոքր հեռահարության հրթիռներ: Մասնավորապես` անդրադարձ է եղել ռուսաստանյան նորագույն հրթիռային այնպիսի համակարգերին, ինչպիսիք են, օրինակ, «Կինժալ» տեսակի հիպերձայնային ավիացիոն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռային համալիրները, «Սարմատ» տեսակի ռազմավարական հրթիռային համալիրները, «Ավանգարդ» տեսակի թևավոր հրթիռային հիպերձայնային համալիրները, «Պերեսվետ» տեսակի նորագույն լազերային համակարգերը և այլն:

Այս ֆոնին փետրվարի կեսերին լուրեր տարածվեցին, որ ՆԱՏՕ-ն նախատեսում է Սև ծովի հյուսիսարևմտյան հատվածում անցկացնել մասշտաբային Sea Breeze կոչվող զորավարժությունները, որոնց կմասնակցեն նաև Ուկրաինայի ռազմածովային ստորաբաժանումները: Նույն ժամանակահատվածում ՆԱՏՕ-ն նախատեսում է միջազգային հրամանատարա-շտաբային Agile Spirit 2019 զորավարժություններն անցկացնել Վրաստանում, որին մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ-երկրների ու կազմակերպության գործընկեր պետությունների ավելի քան 3000 զինծառայողներ: Այդ զորավարժանքները նույնպես աչքի են ընկնում իրենց մասշտաբայնությամբ: Հիշեցնենք, որ Agile Spirit 2019 զորավարժանքներն անցկացվում են 2011թ.ից և ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական գործակցության կարևոր բաղկացուցիչներից  են:     

ԱՄՆ-ՉԺՀ առևտրատնտեսական պատերազմը

Վերջին ամիսներին ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրատնտեսական հարաբերությունները հայտնվել են բավական բարդ վիճակում, որոնց շատ հաճախ տալիս են «Վաշինգտոնի ու Պեկինի միջև առևտրատնտեսական պատերազմ» ձևակերպումը: ԱՄՆ նախագահ Թրամփը չինական կողմի հետ տնտեսական առճակատման գնաց այն ժամանակ, երբ 2018թ. հուլիսի սկզբներին ԱՄՆ կառավարությունը Չինաստանից ալյումինի և պողպատի ներկրման համար, համապատասխանաբար, 10 և 25 տոկոս մաքսատուրքեր սահմանեց: Նախագահ Թրամփի հնչեցրած հայտարարության համաձայն` 10% մաքսատուրքը նախատեսվում էր սահմանել շուրջ 200 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ` Չինաստանից ներկրվող ապրանքատեսակների համար: Ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների, Չինաստանն իր հերթին բարձրացրել է ամերիկյան արտադրանքի մաքսատուրքը:  

Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներով` երկկողմ տնտեսական դիմակայությունը բացասաբար է անդրադառնալու երկու կողմերի տնտեսական զարգացման վրա. ԱՄՀ կանխատեսումներով` Չինաստանի 2018թ. տնտեսության աճը 6.6%-ից նվազելու էր 6.2%-ի, ԱՄՆ-ի դեպքում՝ 2.9%-ից մինչև 2.5%-ի։ Ավելացնենք, սակայն, որ աշխարհի հզոր տնտեսական կարողություններ ունեցող երկրների միջև առևտրատնտեսական ցանկացած դիմակայություն հանգեցնելու է ոչ միայն կողմերի տնտեսական զարգացման նվազմանը, այլև կունենա շատ ավելի խոշոր՝ միջազգային նշանակություն՝ անդրադառնալով նաև համաշխարհային տնտեսական աճի դինամիկայի վրա: Դա, իհարկե, շատ ավելի ցայտուն կարձանագրվի արդեն ընթացիկ տարվա վերջին ամփոփվող տնտեսական ցուցանիշներում:

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կանխատեսումների համաձայն` ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական պատերազմի հետագա սրացումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսական աճի վրա 2021թ.-ին: Փորձագիտական գնահատականներով` 2018թ. համաշխարհային տնտեսական աճը 3,7%-ից, 2019-2020թթ․ կտրվածքով, կնվազի մինչև 3.5%։

Վենեսուելայի շուրջ ճգնաժամը

Վենեսուելայում շարունակվում են նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ ցույցերը: Ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն երկրի նախագահ է հռչակել, ինչն ընդունել են ԱՄՆ-ը, Վրաստանը և այլ երկրներ: ԱՄՆ նախագահը կրկին սպառնացել է ռազմական ներխուժմամբ Վենեսուելա՝ համարելով դա ճգնաժամի կարգավորման տարբերակներից մեկը: Վենեսուելայի շուրջ ծավալվող իրադարձություններն ունեն ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ տնտեսական-էներգետիկ կարևորություն: Հայտնի է, որ  նավթի համաշխարհային պաշարներում երկիրն ունի իր ուրույն դիրքը: «Բրիթիշ փեթրոլիում» ընկերության զեկույցի տվյալներով` 2011թ. Վենեսուելայի նավթի պաշարները կազմել են 296.5 մլրդ բարել` համաշխարհային պաշարների 18%-ը: Համադրության համար նշենք, որ Սաուդյան Արաբիայի նավթի պաշարները կազմում էին 265.4 մլրդ բարել (համաշխարհային նավթային պաշարների 16%-ը): Որոշ տվյալներով` ամերիկյան պատժամիջոցների հետևանքով Վենեսուելայի պետական նավթային ընկերությունը նավթային համատեղ ձեռնարկությունների բանկային հաշիվները տեղափոխում է ռուսաստանյան «Գազպրոմբանկ», ինչը, սակայն դա չի հաստատվել:

Հետևաբար, սխալված չենք լինի, եթե ասենք, որ վենեսուելական ճգնաժամը կարող է առաջիկայում բացասական հետևանքներ թողնել համաշխարհային տնտեսության, մասնավորապես` նավթային շուկայի վրա: Որոշ փորձագետներ չհապաղեցին նույնիսկ զուգահեռներ անցկացնել վենեսուելական իրադարձությունների ու նախորդ դարի Կուբայի ճգնաժամի միջև, եթե Վենեսուելայում անկայուն իրավիճակը երկարաձգվի առաջիկայում:

Խնդիրներ եվրոպական ճակատում  

Ֆրանսիայում չեն դադարում նոյեմբերի կեսերին սկիզբ առած փողոցային ցույցերը։ Դրանք  անցկացվում են ոչ միայն մայրաքաղաք Փարիզում, այլ նաև Բորդոյում, Լիոնում և ֆրանսիական մյուս քաղաքներում։ Առիթը բենզինի և դիզելային վառելիքի գները բարձրացնելու վերաբերյալ կառավարության որոշումն է։ Նոյեմբերի 17-ին Ֆրանսիայում սկսված հակակառավարական բողոքի ալիքը շարունակվում է մինչ օրս:

Փորձագիտական դաշտում առկա գնահատականների մի մասով` Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձությունները թեև ունեն սոցիալական դրդապատճառներ, սակայն փոխկապակցված են աշխարհաքաղաքական գործընթացների հետ՝ մասնավորապես Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ համաեվրոպական զինված ուժեր ստեղծելու առաջարկության և այդ հարցում Վաշինգտոնի դժգոհությունների, ինչպես նաև Ֆրանսիա-Ռուսաստան բավական ջերմ հարաբերությունների:

Ֆրանսիայում ներքաղաքական լարվածության միտումներին զուգահեռ` ճգնաժամային կարելի է որակել Brexit-ի ներկայիս գործընթացը, որն, անշուշտ, համընդհանուր եվրոպական խնդիր է` որպես նախադեպ՝ իր հետագա հնարավոր քաղաքական զարգացումներով: Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի վերջերին բրիտանական պառլամենտը Brexit-ը հետաձգելուն դեմ քվեարկեց: Փետրվարի սկզբին Daily Telegraph թերթը հաղորդել էր, որ Մեծ Բրիտանիայի կառավարության անդամները ցանկանում են երկիրը թողնել ԵՄ կազմում մինչև սույն թվականի մայիսի վերջը:

Brexit-ի հարցում միանշական չէ մոտեցումը նաև Մեծ Բրիտանիայի հասարակությունում: BMG Research ընկերության հարցման տվյալներով` բրիտանացի ընտրողների մեծ մասը՝ 53%-ը, ցանկանում է հետաձգել ԵՄ-ից երկրի դուրս գալը: Հարցվածների 49%-ը համարում է, որ Brexit-ի գործընթացի իրագործումը, առանց համապատասխան համաձայնագրի, կվերածվի տնտեսական աղետի:      

Կարեն ՎԵՐԱՆՅԱՆ

Տարածաշրջանային հարցերով փորձագետ