Փոխարժեքներ
01 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.62 |
EUR | ⚊ | € 421.19 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 503.29 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
1992 թվականից Արցախում մեկնարկած եւ առ այսօր շարունակվող վերաբնակեցման գործընթացն այս տարիների ընթացքում ենթարկվել է մի շարք փոփոխությունների, ունեցել է վերելքներ, վայրէջքներ, իսկ առաջիկայում 16 տարի առաջ՝ 2003 թվականի ապրիլի 15-ին, ԱՀ կառավարության ընդունած որոշումը, պետական քաղաքականությունը եւ սկզբունքները միտում ունեն վերանայվելու:
Տարբեր տարիների վերաբնակեցման գործընթացը համակարգվել է միգրացիոն վարչության եւ կառավարությանն առընթեր գործող զանազան բաժիններով՝ այսօրվա դրությամբ ուժը կորցրած 8 օրենքների միջոցով: Իսկ 2017 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներից հետո վերաբնակեցման ոլորտի համակարգման գործառույթը՝ 2003-ին ընդունված որոշումով փոխանցվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի նախարարությանը եւ իր արժանի տեղը զբաղեցրել նախարարության անվան մեջ:
2018թ. գործունեության ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ սոցապ նախարար Սամվել Ավանեսյանն ասել է, որ ոլորտի համակարգման գործառույթը ստանձնելու մեկ տարվա ժամանակամիջոցում փորձել են հասկանալ ոլորտում առկա խնդիրները եւ դրանց լուծման տարբերակները:
«90-ականներին արվել է այն, ինչ արվել է, 2001-03 թվականներին ընդունած որոշումները համապատասխան էֆեկտ են ապահովել: Հետագայում արդեն վերաբնակեցվող ընտանիքների թվի նվազումը եւ դադարը մտահոգիչ էր: Այսօր մենք գտնում ենք, որ հերթական քայլն անելու ժամանակն է: Մինչեւ մարտի վերջ մենք մեզ համար ժամկետ ենք սահմանել՝ պետական քաղաքականության նոր սկզբունքների մշակման, վերաբնակեցման կազմակերպման եւ իրականացման կարգի ու պայմանների փոփոխությունների իրավական ամրագրման համար»:
1992-ից առայսօր Արցախում վերաբնակեցված ընտանիքների վիճակագրական պատկերը, ըստ վարչակազմի ղեկավարների տրամադրած մոտավոր տվյալների, հետեւյալն է.
18 310 քաղաքացի, որոնցից վերաբնակչի կարգավիճակ է ստացել միայն 3298 ընտանիք կամ՝ 12 304 մարդ:
Արցախում վերաբնակեցվածների մի մասը Սիրիայից, ՌԴ-ից, Միջին Ասիայի պետություններից տեղափոխված ընտանիքներն են, սակայն վերաբնակեցվող ընտանիքների գերակշիռ մասը ՀՀ քաղաքացիներ են: Նախարար Սամվել Ավանեսյանն այդ առումով մտահոգություն է հայտնել՝ Արցախը Հայաստանի Հանրապետության բնակիչների հաշվին վերաբնակեցնելու տեսանկյունից:
«Ո՞վ է մեզ ասել, որ Հայաստանի իշխանությունները գոհ են, որ մենք իրենց տարածքից մարդ ենք վերաբնակեցնում Արցախում: Ո՞վ է ասել, որ ՀՀ կառավարությունը չի մտածում իր տարածքների համաչափ զարգացման մասին: Երբ այդ ամենը սինխրոն չի կատարվում երկու հանրապետություններում, խնդիրներ են առաջանում: Հայաստանը միանշանակ ունի շրջաններ, որտեղի բնակիչներին հաճույքով կհամաձայնի տեղափոխել Արցախ, որտեղ բնակլիմայական պայմանները բարենպաստ են, հրաշք են, եւ աշխատասեր մարդիկ այստեղ լավ արդյունք կգրանցեն»,- շեշտել է նախարարը եւ ասել, որ առաջիկայում նախատեսվում է ՀՀ եւ ԱՀ կառավարությունների միջեւ համատեղ վերաբնակեցման ծրագրի մշակում:
Նախարարը նշել է նաեւ, որ հայրենադարձության գործընթացը կակտիվացվի՝ շեշտադրում կատարելով սփյուռքահայության հետ կապերի ամրապնդման եւ հայրենադարձության գործընթացում վերջինիս դերի բարձրացման վրա:
«Թուֆենկյան», «Արցախֆոնդ», «ԱՐԻ». սրանք են Արցախում տարիներ շարունակ վերաբնակեցման գործընթացին լծված սփյուռքյան կազմակերպությունները եւ հիմնադրամները, որոնք իրենց ներդրումն են ունեցել թե առանձին սահմանամերձ նոր գյուղերի հիմնադրմամբ, թե վերաբնակեցվող այլ գյուղերում առանձին ծրագրերի իրականացման միջոցով: Սակայն վերաբնակեցման ոլորտում աշխատող տարբեր պետական գործիչները շարունակում են ասել, որ Արցախում գործող վերաբնակեցման պետական ծրագրերից զատ լրացուցիչ միջոցներ ներգրավելու կարիք է զգացվում:
Սփյուռքի ներուժը վերաբնակեցման գործընթացում հատկապես կարեւորող պետական գործիչներից է Արցախի նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանը, որը վարչապետության տարիներին ժամանակ առ ժամանակ ականջահաճո հայտարարություններով էր հանդես գալիս՝ նշելով՝ «վերաբնակեցման ուղղությամբ կառավարությունը հսկայական աշխատանք է իրականացրել եւ անում է ավելին, քան հնարավոր է»:
Ինչու՞ է անկախությունից միայն 28 տարի անց մտածվում Հայաստանի հետ համատեղ վերաբնակեցման ծրագրի մշակման մասին, ինչու՞ է կառավարությունը 16 տարի շարունակ առաջնորդվել անարդյունք օրենքով, արդյո՞ք Արցախի կառավարությունն անում է ավելին՝ քան կարող է, արդյո՞ք ժամանակը չէ արձանագրված երկնիշ տնտեսական աճի միջոցներով ազատագրված տարածքները բնակեցնելու, զարգացնելու եւ վերաբնակիչների կյանքի որակը բարելավելու համար:
Վերոնշյալ հարցերը կարելի է դիտարկել տարբեր տեսանկյուններից, սակայն պետք է արձանագրել հետեւյալը՝ ռազմավարական նշանակության խնդիր հանդիսացող վերաբնակեցման ծրագիրը անկախությունից ի վեր եղել է բոլոր կառավարությունների օրակարգում, իսկ ոլորտի այսօրվա պատկերը գնահատականն է պատասխանատվության եւ գործունեության չափի:
Լուսինե Թեւոսյան
«Ապառաժ»