Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նաիրի Աղաջանյան-Բալանյանը Հայոց ցեղասպանությունը վերապրողի երրորդ սերնդի ժառանգ է: Ապրում է ԱՄՆ Ֆիլադելֆիա նահանգում: Ֆիլադելֆիայի ամենօրյա «Հայ քույրեր֊ի» վարժարանում դասավանդում է արդեն 13 տարի, մինչ այդ՝ Լիբանանում է ապրել և դասավանդել է ազգային Ավետարանական քոլեջում։
Սփյուռքյան վարժարանի երկարամյա ուսուցչուհին ասում է, որ ինքն ու հայ համայնքի մյուս անդամներն իրենց կյանքն ապրել են Մայր հայրենիքի կարոտով` այն դիտարկելով որպես Երկիր դրախտավայր: Տիկին Նաիրին մտահոգ է Հայաստանի Հանրապետության Օրհներգի փոփոխության առաջարկից: Այդ առիթով yerkir.am-ին է ուղարկել իր խոսքը, որում արտահայտել է համայքի անդամներից շատերի տեսակետները:
Մեզ զօրաւոր հայ պահող ազդակներն եղած են նախ` մեր ծնողները: Մեր մայրերն իրենց կաթին հետ մեզ սորվեցուցած են պահանջատիրութիւն, զորը շարունակած են մեր վարժարանը, եկեղեցին, երեք աւանդական կուսակցութիւններն ու կազմակերպութիւնները։ Մեզի համար սրբութիւններն եղած են մեր ընտանիքը, Արարատը, Այբուբենը, Եռագոյնը, Զինանշանն ու Օրհներգը՝ «Մեր հայրենիք»-ը։ Տարիներով պայքարած ենք անոնց համար, եւ նոյնիսկ Մայիս 28-ը ըսելուս համար ժամանակին վախցած եմ, որ դպրոցէն պիտի կախակայուիմ։
Մենք կարդացած ու ապրած ենք մեր ֆետայիներուն հետ, լացած ենք, երբ անոնցմէ մէկը գնդակահարուած կամ կախուած է` գոռալով. «ԱՄԵՆԱՅՆ ՏԵՂ ՄԱՀԸ ՄԻ Է, ՄԱՐԴ ՄԻ ԱՆԳԱՄ ԿԸ ՄԵՌՆԻ, ԲԱՅՑ ԵՐԱՆԻ, ՈՐ ԻՐ ԱԶԳԻՆ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ԿԸ ԶՈՀՈՒԻ»։ Երբ խենթերը գտան հնար եւ կերտեցին Սարտարապատն ու Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը, որոշեցին պետական լեզուն, կրօնքը, դրօշակն ու ազգային օրհներգը` «Մեր Հայրենիք թշուառ, անտէր»:
Եկան Սովետական տարիները` իրենց հետ բերելով վատն ու լաւը: Ես այն ատեն այցելեցի մեր սիրելի հայրենիքը` միշտ երազելով Միացեալ, Անկախ Հայաստան։ Մասամբ իրականացաւ մեր երազը, եւ մենք ունեցանք Հայաստանի անկախ Հանրապետութիւն, սովետական, սոսիալիստական ռեսբիւպլիգայի փոխարէն, որպէս անմիջական շարունակութիւն Առաջին հանրապետութեան: Ընդունուեցան լեզուն, կրօնքը, Եռագոյնը, Զինանշանն ու Օրհներգը։ Մեր ազգն այլեւս թշուառ, անտէր չէր, ազատ, անկախ էր։ Առաջին տարին, դպրոցն ամէն առաւօտ, երբ Օրհներգը կ’երգէինք, ես կուլայի, կը ցաւէի, որ, շատ երիտասարդ մահացած հայրս քանի մը տարի աւելի չէր ապրած, որ Հայաստանի անկախութիւնը տեսնէր եւ անոր խորհրդանիշ-օրհներգը երգէր։
Սովետական շրջանի Օրհներգը պատմութեան այն ժամանակուայ կը պատկանի, երբ մեր երկրին անունը նոյնիսկ հայերէն չէր։ Ազատութիւն երազողները Սիպերիոյ մէջ կը հիւծէին, մարդիկ վախերնէն իրարու կը մատնէին։ Կորսնցուցինք Նժդեհներ, գրագէտներ եւ մտաւորականներ։
Մենք ներկայ էինք «Թաւշեայ յեղափոխութեան», տեսանք ժողովուրդի ուժն ու երջանկութիւնը։ Փոխուելիք եւ բարելաւուելիք շատ բաներ կան, որոնց կարգին` մեր ժողովուրդի կեանքը բարելաւել, աշխատանք հայթայթել, որ արտագաղթը կասենայ եւ աճը բազմապատկուի, արժանապատւութիւնն ու արդարութիւը իշխէ, լեզուն մաքրուի։
Սովետական ժամանակ մեր ազգը պառակտելու համար մեր լեզուն փոխեցին, վայրկեանը րոպէ ըրին, րոպէն` վայրկեան, գաւաթը բաժակ ըրին, բաժակը` գաւաթ: Փոխանակ այսօր մեզ իրարմէ անջատող ազդակները վերացնելու, ինչու՞ նոր հարցեր կը ստեղծենք։ Մենք ծնած ենք այս Օրհներգով եւ պիտի մեռնինք այդ Օրհներգով։ Վաղը ի՞նչ պիտի փոխէք. Հայաստանի Դրօշա՞կը, թէ՞ ոչ` անունը։
Վստահ եմ, որ այսօրուայ զինուորն ալ իր նախնիներուն պէս կռուելու կ’երթայ` հետեւելով Օրհներգի վերջին համարին։ Մի′ պղծէք մեր հերոսներու յիշատակը։
Կեցցէ~ մեր սիրելի Հայրենիքը։