Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սպահանից շուրջ 30 կիլոմետր հեռաւորութեան վրայ դէպի հիւսիս գտնւող Շահինշահր քաղաքը, որն հիմնադրւել է շուրջ յիսուն տարի առաջ, իր գոյութեան առաջին տարիներից ի վեր, կայուն եւ կենսունակ հայ համայնքի ձեւաւորման ականատեսն է եղել. համայնք, որը Նոր Ջուղայից յետոյ համարւել եւ համարւում է Սպահանի հայոց թեմի ամենամարդաշատ համայնքներից։ Թէեւ տարածաշրջանի միւս հայկական համայնքների նման, վերջին տարիներին նօսրացել է նաեւ Շահինշահրի հայութեան թիւը, սակայն այն կարողացել է պահպանել իր աշխոյժ կեանքը։ Շահինշահրի հայ համայնքին առաւել ծանօթանալու համար՝ «Ալիք» օրաթերթի Նոր Ջուղայի թղթակիցը հարցազրոյց է անցկացրել պատկան վարչութեան ատենապետ Մելքոն Շիրւանեանի հետ, որն ստորեւ ներկայացնում ենք։
- Պրն. Շիրւանեան ընդունեցէ՛ք մեր խորին շնորհակալութիւնը, առայն, որ
բազմազբաղ լինելով հանդերձ մասնակցեցիք այսհարցազրոյցին, ապա խնդրեմ
մեր ընթերցողների համարբացատրէ՛ք Շահինշահրի հայ համայնքի մասին։
- Շահինշահրում հայութեան բնակութիւն հաստատելը շուրջ յիսուն տարի վաղեմիութիւն ունի, սակայն 45 տարի է, ինչ այս քաղաքի հայ բնակչութիւնը հանդէս է գալիս՝ որպէս կազմակերպւած համայնք։ Շահինշահրի հայերը հիմնականում Սպահան եւ Խուզստան նահանգներից եկածներ են։ Ժամանակին համայնքի անդամների թիւը 2500-ից բարձր է եղել, սակայն վերջին տարիներին զգալի պակասել է ժողովրդի քանակը՝ հիմնականում արտագաղթի պատճառով։
Համայնքային կեանքը տնօրինւում է Շահինշահրի հայ համայնքի վարչութեան միջոցով, որը ենթակայ է Սպահանի հայոց թեմին, ունի իր առանձին կանոնագիրը եւ ընտրւում է երկամեայ ժամանակաշրջանով։ Վարչութեան ընտրութիւնը կազմակերպւում է թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Ընտրական յանձնախմբի միջոցով, որին մասնակցում եւ քւէարկում են տեղի հայ ժողովուրդը։ Գործող վարչութիւնը բաղկացած է 5 անդամներից եւ վերահասու գտնւելով իրականացւող զգային, հոգեւոր եւ մշակութային բոլոր աշխատանքներին, ջանք չի խնայում համայնքի բարգաւաճման ու կենսունակութեան ուղղութեամբ։
Շահինշահրի հայ համայնքը վճռական ձայնով երեք պատգամաւոր ունի թեմի Պատգամաւորական ժողովում, որոնք ընտրւում են պատկան ընտրութիւնների շրջագծում՝ չորսամեայ ժամանակաշրջանով։
- Ինչպէ՞ս էք գնահատում համայնքի հոգեւոր կեանքը:
- Թեմի Կրօնական խորհրդի հետ համախորհուրդ համայնքի վարչութիւնը եկեղեցական տօների եւ այլ առիթների առնչութեամբ կազմակերպում է տօնակատարութիւններ եւ արարողութիւններ: Համայնքն ունի ծխատէր քահանայ հայր, եկեղեցական դաս՝ դպիրներով, սարկաւագներով եւ «Նարեկ» երգեցիկ խմբով. եկեղեցական դասի կազմում ներառւած են յատկապէս երիտասարդներ։ «Նարեկ» հոգեւոր երգչախումն աշխատում է մասնագէտ խմբավարի ղեկավարութեան ներքոյ եւ ծրագիր ունի իր կազմը նոր անդամներով համալրելու։
Հայ Առաքելական եկեղեցու բոլոր տօնակատարութիւնները գտնւում են վարչութեան ուշադրութեան կենտրոնում եւ կանոնաւոր կատարւում են կիրակնամուտի ու կիրակնօրեայ արարողութիւնները: Յատկանշելի է, որ համայնքում յատուկ ուշադրութեան է արժանանում «Սրբոց Վարդանանց» տօնը, որին զուգահեռ հանդիսութեամբ նշւում է նաեւ համանուն եկեղեցու անւանակոչութեան տօնը՝ մասնակցութեամբ թեմի հոգեւոր առաջնորդի եւ ազգային իշխանութեան ու հոծ թւով ուխտաւոր ժողովդրի՝ Շահինշահրից եւ Նոր Ջուղայից։ Այս տօնի առիթով մատուցւում է սուրբ եւ անմահ պատարագ, տեղի են ունենում մատաղօրհնէքի կարգ եւ հարիսայի պատրաստում, որը բաժանւում է հաւատացեալներին:
- Ընթերցողների համար բացատրէ՛ք այստեղի հայկական դպրոցների կացութեան մասին:
- Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» տարրական դպրոցը, որը համարւում է համայնքի սիրտը, շարունակ գտնւում է վարչութեանս ուշադրութեան կենտրոնում եւ մարմինս իր նիւթա-բարոյական ներդրումներով որեւէ ջանք չի խնայում այս դպրոցի մակարդակի բարձրացման ուղղութեամբ։
Համայնքը երկար տարիներ ունեցել է տարրական եւ ուղեցոյց դպրոցներ, սակայն դժբախտաբար վերջին երկու տարիներին աշակերտների թւի նօսրացման պատճառով փակւեց «Մասիս» ուղեցոյց դպրոցը: Այս դպրոցը պահպանելու համար համայնքի վարչութիւնն ու թեմի Թեմական եւ Կրթական խորհուրդները շուրջ մէկ տարի բանակցութիւններ վարեցին շրջանի Ուսումնա-դաստիարակութեան հիմնարկի հետ, սակայն աշակերտութեան թւի հետ կապւած պետական կանոնները թոյլ չտւեցին դպրոցը շարունակի իր աշխատանքը։ Այնուամենայնիւ Թեմական եւ Կրթական խորհուրդների համագործակցութեամբ մեզ յաջողւել է պահպանել «Սրբոց Վարդանանց» տարրական դպրոցը։
Համայնքում աշխատում է նաեւ հայոց ազգ. «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանը, որը երկու տարի է, ինչ իր նախկին շէնքից փոխադրւել է «Սրբոց Վարդանանց» դպրոցի տարածքում իրեն յատկացւած նորաոճ եւ յարմարաւէտ բաժնում։
Համայնքի դպրոցները ենթակայ են թեմի Կրթական խորհրդին, սակայն նրանց կարեւոր դերը նկատի առնելով՝ վարչութիւնը ամենայն լրջութեամբ հետեւում է դրանց աշխատանքին եւ իր նիւթա-բարոյական ներդրումներով զօրավիգ հանդիսանում։
- Նկատի առնելով, որ Շահինշահրի հայ աշակերտութիւնը միջնակարգ կրթութիւնը
ստանում է պարսկականդպրոցներում, նրանք ինչպէ՞ս են լրացնում իրենց
հայերէն ուսումը:
- Միջնակարգի երկու օղակների աշակերտութեան հետ կապը պահպանելու նպատակով՝ կազմակերպւում են ուրբաթօրեայ դասընթացներ՝ (تعلیمات دینی) առարկայի դասաւանդման համար, ինչպէս նաեւ բանակումներ, շրջագայութիւններ եւ Ամանորեայ հանդէս: Այս ծրագրերը նպաստում են փոխ-յարաբերութիւնների սերտացմանը, հայ մշակոյթի հետ հաղորդակցմանն ու այդ պատանիների մէջ հայի նկարագիրը կերտելու գործին։
- Ինչպէ՞ս է մշակութային կեանքն այստեղ:
- Վերջին տարիներին նոր թափ է ստացել համայնքի մշակութային կեանքը: Համայնքում աշխատում են մարզա-մշակութային միութիւններ իրենց միաւորներով, երգչախմբեր եւ այլ մարզա-մշակութային խմբեր:
Այստեղ աշխատում է Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղն՝ իր միաւորներով. այս մասնաճիւղի արդիական հնարաւորուոթիւններով օժտւած նորակառոյց կենտրոնատեղիի բացումը, որը տեղի ունեցաւ 2017 թւականի նոյեմբերին, լուրջ ներդրում էր համայնքի ի մասնաւորի երիտասարդութեան կեանքին զարկ տալու իմաստով: Այս շինութիւնը կառուցւել է ազգային իշխանութեան միջոցով։
Համայնքում աշխատում է նաեւ Փերիոյ Կրթ. միութեան Շահինշահրի մասնաճիւղը, որն իր առանձին գրասենեակն ունի «Սրբոց Վարդանանց» դպրոցի շէնքի տարածքում։
Հոգեւոր կեանքում եւ ծիսակատարութիւններում նշանակալից ներդրում ունի Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութիւնը, որի աշխատանքներին իրենց մասնակցութիւնն են ցուցաբերում մեծ թւով հայուհիներ։ Միութիւնն իր 42-ամեայ աշխատանքի ընթացքում իր գործունէութիւնն է ծաւալել՝ քրիստոնէական հաւատալիքների ճանաչեցման, ընդլայնման, խորացման եւ պահպանման ուղղութեամբ: Այս միութիւնը նոյնպէս իր առանձին գրասենեակն ունի «Սրբոց Վարդանանց» դպրոցի շրջափակում։
Բոլոր միութիւնները վայելում են համայնքային վարչութեան հովանաւորութիւնն ու համագործակցութիւնը:
Այստեղ աշխատում է, «Նարօտ» երիտասարդական երգչախումբը՝ ղեկավարութեամբ պրն. Նարբէ Գրիգորեանի: Խմբին անդամակցում են համայնքի պատանիներն ու երիտասարդները, որոնք մեծ սիրով ու խանդավառութեամբ են մասնակցում ընթացող փորձերին։ Այս երգչախմբի վարչութեան նախաձեռնութեամբ կազմակերպւում են՝ տարեկան համերգ եւ տօնական ելոյթներ։
- Վերջին տարիներին շինարարական խոշոր աշխատանքներ իրականացւեցին համայնքում:
Խնդրեմ բացատրէ՛քնաեւ այդ մասին:
- Վարչութիւնը վերջին 5 տարիների ընթացքում կատարել է շինարարական խոշոր աշխատանքներ, քանի որ համայնքն իր բնականոն կեանքը շարունակելու համար կարիք ունէր արդի հնարաւորութիւններով օժտւած եւ ներկայ պայմաններին համապատասխան շինութիւններ, որոնք իրագործւեցին թեմի զգային իշխանութեան յատուկ ներդրումներով եւ բարձր հովանաւորութեամբ. Այս շրջագծում Կրօնական խորհրդի եւ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան ներդրումների շնորհիւ հիմնական նորոգութիւններ եւ բարեզարդումներ իրակնացւեցին «Սրբոց Վարդանանց» եկեղեցում, իսկ Թեմական խորհրդի ֆինանսաւորմամբ հիմնական նորոգութեան ենթարկւեց եւ արդիական հնարաւորութիւններով օժտւեց հայոց ազգ. Դպրոցի շէնքի, ինչի արդիւնքում ներկայիս սոյն դպրոցը հանդիսանում է շրջանի ամենաակնառու եւ բարեկարգ դպրոցական շէնքերից մէկը: Հարկ է նշել նաեւ, որ ասֆալտապատւել են դպրոցի երկու կողմի բակերը եւ նորոգւել ներքեւի սրահը, որը համայնքին ծառայում է որպէս զանազան միջոցառումների վայր։
- Բացատրէ՛ք այստեղի երիտասարդութեան մասին. Արդե՞օք նրանք ներգրաււած են
համայնքի զգային կեանքում:
- Համայնքի երիտասարդներն շարունակ վարչութեանս ուշադրութեան կիզակէտում են գտնւում։ Վարչութիւնն իր կազմում ունի երիտասարդ անդամ։ Վարչութեան հովանաւորութեան շնորհիւ «Նարօտ» երգչախմբին յաջողւել է որպէս երիտասարդական միաւոր նոր նւաճումներ ու ձեռքբերումներ արձանագրել:
Մեր կողմից կեանքի կոչւող զանազան յանձնախմբերի կազմում աւագ սերնդի կողքին միշտ նկատի են առնւում յատկապէս երիտասարդներ։ Վարչութիւնն ինչպէս միշտ իր պարտքն է համարում օժանդակել համայնքում աշխատող երիտասարդական բոլոր միութիւններին:
- Շուրջ մէկ տարի առաջ այս համայնքում հիմնադրւեց Հայ Դատի գրասենեակ.
Ի՞նչ կասէք գրասենեակիգործունէութեան մասին:
- Հայ Դատը իբրեւ համայն հայութեան արդար դատ իր ուրոյն դերն ունի մեր ազգային կեանքի զարթօնքի եւ գոյատեւման գործընթացում:
Ի ուրախութիւն մեզ՝ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի նոր կենտրոնատեղիի բացումից յետոյ, կատարւեց Հայ դատի գրասենեակի բացումը՝ նոյն տարածքում, որն աշխատանք է ծաւալում իր առաքելութեան ուղղութեամբ։ Հայ Դատի գրասենեակը շրջանիս միւս միութիւնների պէս սերտ յարաբերութիւն է հաստատել վարչութեան հետ եւ նոր շունչ է հաղորդում իր գործունէութեամբ: Համայնքում աշխատում են նաեւ Հ.Յ.Դ. «Ռուբէն» երիտասարդական միութեան մասնաճիւղը եւ «Թադէոս Թադէոսեան» պատանեկան միութեան խումբը։
- Որո՞նք են համայնքի այսօրւայ դժւարութիւնները եւ ի՞նչ միջոցներ պէտք է
կիրառւեն դրանց փարատման համար:
- Ինչպէս իրանահայ միւս համայնքներ, Շահինշահրը եւս տուժեց արտագաղթի հետեւանքներից. դա մեծագոյն կորուստն էր, ինչը նպաստեց մարդկային ռեսուրսների, գործունեայ եւ բանիմաց երիտասարդների եւ աշակերտութեան թւի նւազմանը:
Առկայ դժւարութիւններից են նաեւ երիտասարդ ընտանիքների համար բնակարան ապահովելու խնդիրը եւ աշխատատեղիների ստեղծումը:
Ի հարկէ թեմի ազգային մարմինների հետ համախորհուրդ մի շարք ծրագրեր են մշակւել սոյն բարդութիւնները յաղթահարելու ուղղութեամբ եւ լիայոյս ենք, որ մօտ ապագայում այդ ծրագրերի իրականացման ականատեսը կը լինենք։ Մեր համայնքը, ինչպէս ունեցել է իր անցեալը, այնպէս էլ ունի իր կերտելիք ապագան:
- Եթէ աւելացնելիք ունէք, խնդրեմ:
- Խօսքիս աւարտին Շահինշահրի հայ համայնքի վարչութեան անունից խորին շնորհակալութիւն եմ յայտնում «Ալիք» օրաթերթին, որը միշտ յատուկ ուշադրութեան է արժանացրել մեր համայնքին՝ այստեղ իրականացւող անցուդարձն իր էջերում արտացոլելու համար: