կարևոր
3574 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-20 17:18
Քաղաքական

Հայաստան. եվրաինտեգրման մշուշը եւ տարածաշրջանային մարտահրավերները

Հայաստան. եվրաինտեգրման մշուշը եւ տարածաշրջանային մարտահրավերները

Հայաստանի իշխանությունների վերջին գործողություններն ավելի ու ավելի քիչ կասկածներ են թողնում, որ Մոսկվայի եւ Երեւանի երկխոսության խնդիրը պարունակում է, առաջին հերթին, միջազգային-քաղաքական հարթություն։ Այս մասին արդեն ոչ թե անուղղակի, այլ ուղղակիորեն խոսում են փաստերը։ Փետրվարն ու մարտը հարուստ էին այդ մասին վկայող իրադարձություններով։

Զարմանալիորեն Հայաստանի վարչապետի ցանկացած հակառուսական գործողություն ուղեկցվում է կովկասյան հանրապետության աշխարհաքաղաքական եւ աշխարհառազմավարական կողմնորոշման մասին խոսակցություններով: Այսպես, հատուկ ուշադրություն է գրավում ՀՀ ԱԳ նախարարի թուրքական TRT World ալիքին տված հարցազրույցում վերջերս հնչեցրած հայտարարությունը։ Հայկական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է միջազգային լոգիստիկ եւ տարանցիկ նոր երթուղիների մաս կազմելու Երեւանի պատրաստակամության եւ հաստատակամ մտադրության մասին։ Առաջին հերթին խոսքը գնում է այսպես կոչված «Միջին միջանցքի» լրացման, այն է՝ «խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին։ Հայկական իշխանությունների մտահղացմամբ՝ նախաձեռնության խնդիրն է «հավասարության եւ փոխադարձության» սկզբունքներով ապահովել Ադրբեջանից Նախիջեւանի ինքնավարություն ապրանքների եւ մարդկանց հոսքը։ Իսկ Բաքվում այդ սկզբունքներն իբր «հարգում են», մինչդեռ Ադրբեջանը «Հայաստանի ինքնիշխանությունը խախտելու մտադրություն չունի», համոզված է դիվանագետը։

Դժվար է, ըստ էության, քննարկել նման հայտարարությունների նպատակահարմարությունը։ Առավել եւս տարօրինակ է դրանք լսել մի երկրի ներկայացուցիչներից, որի սահմանամերձ տարածքներն արդեն բազմիցս ենթարկվել են Ադրբեջանի կողմից հարձակումների եւ գնդակոծությունների, որոնց բուն պատճառների համար Բաքուն եւ Երեւանը, ձեւավորված «բարի» ավանդույթի համաձայն, մեղադրում են միմյանց: Շատ ավելի կարեւոր է մեկ այլ բան. նիկոլի կաբինետի անդամները (ինքը՝ վարչապետն այս օրերին ակտիվորեն զբաղված է Տավուշի մի քանի գյուղ Ադրբեջանին հանձնելով) Հայաստանից արագ «հետնաբակ» սարքելու իրենց շարժառիթներում համակարգված, քայլ առ քայլ կրկնում են դրսից բերված նարատիվները։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է վերոնշյալ «խաղաղության խաչմերուկ» նախագծին։ Քարտեզին նույնիսկ մեկ հայացք նետելը բավական է եզրակացնելու, որ նախագիծը բխում է, ավելի շուտ, Մեծ Բրիտանիայի եւ եվրոպական էլիտաների մի մասի շահերից, որոնց խնդիրների մեջ իսկապես մտնում է Ասիայից Եվրոպա միջանցքի ստեղծումը։ Բայց այն պարտադիր պայմանով, որ այն լիովին վերահսկվի բրիտանացիների կողմից Ադրբեջանի եւ Թուրքիայի միջոցով։ Նպատակն է համաշխարհային առեւտրի համար ավելորդ դարձնել Եվրոպան Ասիայի հետ կապելու չինական նախագիծը, որը հայտնի է որպես «մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնություն: Կարծում ենք՝ պատահական չէ, որ 2023 թ-ի վարագույրի ներքո թուրքական DEIK բիզնես ասոցիացիայի ղեկավարն ընդգծել է. «Մետաքսի ճանապարհ-2»-ը թուրքական շահերից չի բխում։ Իսկ Հայաստանին այդ մտահղացման մեջ հազիվ թե պատվավոր դեր է հատկացվում՝ միջադիր, միջանկյալ օղակ։

Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իրանի միջեւ տարածաշրջանային հաղորդակցությունների հաստատումը հավաքական Արեւմուտքի համար հիանալի առիթ է Ռուսաստանի դիրքերը խարխլելու համար։ Իսկապես, ում մտքով կանցներ, որ «ավտո եւ երկաթուղային գծերի, խողովակաշարերի, մալուխների, էլեկտրահաղորդման գծերի վերանորոգումը, կառուցումն ու շահագործումը» կարող են վերջ տալ Հանրապետության անկախությանը: Մինչդեռ վերջերս Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ցրել է Հայաստանին սիրաշահելու իրական ծրագրի վերաբերյալ ցանկացած կասկած։ Նրա խոսքով՝ Լոնդոնում ակնկալում են, որ Երեւանն ու Բաքուն «խաղաղության կհասնեն» մինչեւ 2024 թ-ի նոյեմբեր։ Ով ինչպես կմեկնաբանի այս ուղերձը, այն, կարծես, անթաքույց վերջնագիր լինի հայերին, յուրօրինակ հիշեցում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի ժամկետները, որոնց ընթացքում Երեւանում պետք է ընդունեն Արեւմուտքի կողմից թելադրված կապիտուլյացիայի բոլոր պայմանները, ինչպես ասում են, «վառվում են»։

Բայց, կարծես թե, երեւանյան իշխանություններին միանգամայն ձեռնտու է, որ որպես սփոփիչ մրցանակ քթների առաջ կախեցին եվրաինտեգրման «կուտը»։ Իզուր չէ, որ Արարատ Միրզոյանն այդքան հաճախ «հանգստացնում» է ժողովրդին «եվրոպական նկրտումներով», որոնՑ պակասը, ինչպես նաեւ «փորձագետների» ու «ակտիվիստների» մի ստվար բազմության, պարզվեց, չի զգացվում։ Այս համատեքստում հուզիչ է հասարակական կազմակերպություններում աշխատանքի հարուստ փորձ ունեցող դիվանագետի միամտությունը, ով հանրությանը վստահեցնում է, որ, իբր, եվրաինտեգրումը գրեթե համադարման է այն «մարտահրավերների դեմ, որոնց բախվել է Հայաստանը վերջին 4 տարիների ընթացքում»։ Ակտիվորեն պարտադրվում է այն միտքը, որ միայն Արեւմուտքը կպաշտպանի երկիրը գալիք վտանգներից։ Ակնհայտ է՝ Արարատ Միրզոյանը նախընտրում է մոռանալ, որ hանգուցյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, բացի ԱՄՆ-ից, եղել է նաեւ ԵՄ առանցքային խաղացող Ֆրանսիան։ Այնուամենայնիվ, այս փաստը ոչ մեկին չխանգարեց եւ չփրկեց 2020 թ-ի 44-օրյա պատերազմում պարտությունից, ինչպես նաեւ այն ժամանակվա ակնարկները տարածաշրջան ֆրանսիական զենք ուղարկելու մասին։ Ավելին, փաստերի յուրահատուկ, մեղմ ասած, մեկնաբանությունը բնավ չի խանգարում Փաշինյանին ու նրա թիմին ռեւերանսներ անել հենց արեւմտյան խաղացողներին։

Այս առումով օրինաչափ է, որ ռուսական կողմին վարչապետը շատ ավելի քիչ է շռայլում հաճոյախոսություններ, ընդհուպ հասնելով մինչեւ անհեթեթ՝ նախապես ծրագրված պարտությամբ պատերազմին չմասնակցելու Մոսկվայի հասցեին մեղադրանքներին, համենայնդեպս դրանում համոզված են շատ հայ քաղաքական գործիչներ եւ դիտորդներ։ Իր հերթին, Մոսկվայում, չկորցնելով կատարվածի վերաբերյալ հստակ պարզաբանումներ ստանալու հույսը, հազիվ թե հակված են իրենց անվանական դաշնակցին եւ գործընկերոջը «կերակրել» անիրատեսական խոստումներով։ Օրերս Փաշինյանը հայտնել էր, որ Երեւանը ՀԱՊԿ-ի առջեւ «մի շարք հարցեր» է դրել։ Եվ եթե դրանց պատասխանը չստանա, Հայաստանը դուրս կգա այդ կազմակերպությունից, սպառնացել է քաղաքական գործիչը։ Նրա մերձավորներից ոմանք էլ ավելի խորը «թակարդ են լարում»՝ հայտարարելով տխրահռչակ «եվրոպական ստանդարտների» անհամատեղելիության մասին Եվրասիական տնտեսական միությունում գտնվելու հետ, որից հիպոթետիկ ելքը խիստ բացասաբար կանդրադառնա երկրի սոցիալ-տնտեսական, հետեւաբար նաեւ հասարակական-քաղաքական իրավիճակի վրա։

Ոչ անհիմն կարծիք կա, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը երեւանյան բարձր կաբինետներում վաղուց են ընդունել Լոնդոնի, Բրյուսելի եւ նրանց տարածաշրջանային գործընկերների՝ ի դեմս Անկարայի ու Բաքվի ճնշման ներքո։ Մնացած ամեն ինչ, ներառյալ մեծ հայտարարությունները, ոչ այլ ինչ են, քան դեկորացիա եւ մեդիա միջավայր: Դատելով ամենից՝ գործընթացները համադրողները ավելի հավակնոտ նպատակ են դնում, քան պարզապես Հայաստանը կազմակերպությունից պոկելը։ Երեւում է, կա նաեւ հաշվարկ, որ Երեւանի որոշումը կարող է սասանել Մոսկվայի հանդեպ վստահությունը ՀԱՊԿ մյուս անդամների շրջանում, որոնց նույնպես բնորոշ են ոչ միանշանակ հասարակական-քաղաքական գործընթացները։

Այն մասին, թե որքան մեծ են խաղադրույքները, վկայում է նաեւ Հնդկաստանի գործարկումը, որն ակտիվորեն զարգացնում է կապերը ոչ միայն BRICS-ի շրջանակներում, այլեւ արեւմտյան գործընկերների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան: Այսպես, մարտի 14-ին «Հնդկաստան – Հայաստան.բիզնեսի հորիզոնների միավորում» բիզնես ֆորումի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը հայտարարեց, որ Դելին եւ Երեւանը քննարկել են Հնդկաստան – Իրան – Հայաստան առեւտրային միջանցքի բացման հարցը։ Մոտավորապես նույն օրերին Նյու Դելի էր աշխատանքային այցով մեկնել ՀՀ պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը, ով իր հնդիկ գործընկեր Անուրագ Բաջպայի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր:  Հնդկական կողմից հանդիպմանը մասնակցել են նաեւ ռազմական գերատեսչության գլխավոր քարտուղարը, ԱԳՆ քարտուղարը եւ վարչապետին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի ռազմական խորհրդականը: Հատկանշական է նաեւ այն, որ վերջին օրերին Հնդկաստանն արդեն մի քանի ռազմական ավիափոխադրումներ է իրականացրել դեպի Հայաստան։ Հայտնի է, որ հնդկական օդանավակայանը գտնվում է HALAir Industries պետական կորպորացիայի օբյեկտների կողքին, որն արտադրում է ինքնաթիռներ, ուղղաթիռներ, դրոններ 301?? on X: "In the past few days, several cargo flights from Nasik Airport in India to Armenia have been recorded. Nasik Airport is located near facilities of the Indian state corporation HAL Air Industries. This company manufactures and assembles airplanes, helicopters, drones, and… https://t.co/jzKYcZYOlY" / X (twitter.com):

Հայաստանը Ռուսաստանից հեռու պահելու գործընթացում Հնդկաստանին ներգրավելու գիծը կարող է Արեւմուտքի լուրջ սխալ հաշվարկ լինել։ Բանն այն է, որ Անկարան եւ Բաքուն արդեն վաղուց վարում են քաղաքականություն, որը, մեղմ ասած, «հնդկամետ» անվանել դժվար է։ Մասնավորապես, դա վերաբերում է Հայաստանի դե ֆակտո թյուրքական հարեւանների դաշինքին, որոնք ակտիվորեն ամրապնդում են կապերը վաղեմի թշնամու տարածաշրջանային մրցակից Հնդկաստանի՝ Պակիստանի Իսլամական պետության հետ։ Բացի այդ, թուրքերը դիմադրում են «Հնդկաստան – Մերձավոր Արեւելք – Եվրոպա» տրանսպորտային միջանցքի ստեղծման նախագծին՝ դրան հակադրելով իրենց «զարգացման ուղին», որը կոչված է Պարսից ծոցը Եվրոպայի հետ կապել Իրաքի եւ Թուրքիայի տարածքներով։ Հենց դա, Անկարայի մտահղացմամբ, պետք է դառնա Մերձավոր Արեւելքի եւ Եվրոպայի միջեւ ապրանքների փոխանակման հիմնական ճանապարհը։

Այս ֆոնին Թուրքիային սահմանակից Հայաստանին մատակարարվող հնդկական սպառազինությունն ակնհայտ գրգռում կառաջացնի Անկարայում։ Դե, իսկ առանց թուրքական բաց սահմանների ոչ մի «եվրաինտեգրման» մասին խոսել չի կարելի։ Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես են այս հակասությունն ու անհամապատասխանությունը նախատեսում լուծել հավաքական Արեւմուտքը եւ շատ առումներով նրա ազդեցության տակ ընկած նիկոլի «թավշյա հեղափոխականների» կաբինետը։

 

Յուրի Կուզնեցով 

Թարգմ.՝ Գայանե Մանուկյանի