Փոխարժեքներ
13 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.31 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.81 |
GBP | ⚊ | £ 502.43 |
GEL | ⚊ | ₾ 138.84 |
ԱԻՆ «911» ծառայությունը հունվարի 11-ին` ժամը 21:48-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում, տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պատահարի հետևանքով Արամի փողոցի տվյալ հատվածը որոշ ժամանակով փակ է լինելու երթևեկության համար:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ վերոնշյալ հասցեում փլուզվել են երգչախմբի փորձասենյակի արտաքին պատը (մոտ 35 քմ) և առաստաղը՝ մասնակի (մոտ 20 քմ), ինչպես նաև վնասվել է ընդունարանի առաստաղը (առաստաղին և պատին առաջացել են ճաքեր՝ մոտ 1.5 քմ): Փլուզվել են նաև ֆիլհարմոնիայի շենքին կից թիվ 23/3 տան հյուրասենյակի արտաքին պատը (մոտ 18 քմ) և առաստաղը (մոտ 20 քմ), ննջասենյակի արտաքին պատին և առաստաղին առաջացել են ճաքեր: Առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և մեկ դաշնամուր տեղափոխել անվտանգ հատված:
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, մեկնաբանելով քաղաքի Արամի 23 հասցեում տեղի ունեցած փլուզման փաստը, նշել է, որ կատարվածն անկազմակերպ եւ անտրամաբանական քաշքշուկների հետեւանք է: Ըստ նրա` շուրջ երեք ամիս քննարկվել է Արամի 23-ի՝ հարակից շինհրապարակին հպվող պատը ամրացնելու հարցը, ներկայացվել են նախագծեր, որոնք մշակույթի նախարարության կողմից չեն հաստատվել:
«Փառք Աստծո, մարդկային զոհեր չկան, պատը հնարավոր է վերականգնել եւ վերադարձնել շենքի մշակութային արժեքը: Սա պետք է դաս լինի, որ մյուս կառույցների շրջակայքում կատարվող աշխատանքները կառուցվեն այնպես, որ չլինի նույն պատմությունը: Կարծում եմ, որ Արամի 23-ի պատի փլուզումը խորհրդանշական էր, որովհետեւ բավական անկազմակերպ եւ անտրամաբանական քաշքշուկների հետեւանք էր: Կարելի էր պատը ամրացնել, խուսափել փլուզումից եւ հանգիստ շարունակել աշխատանքները»,- ասել է գլխավոր ճարտարապետը՝ հույս հայտնելով, որ մշակույթի նախարարությունը, որի իրավասության տակ են հուշարձանները, «Հին Երեւանի» ճարտարապետի հետ միասին կմշակի մի նախագիծ, որով կապահովվի գոյություն ունեցող հուշարձանների պահպանությունը, եւ հուշարձանների շուրջ տեղի ունեցող որեւէ շինարարություն չի վնասի գոյություն ունեցող կառույցները: