կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-17 15:32
Քաղաքական

40 տոկոս աճ`հայ-իրանական առևտրաշրջանառության մեջ. Իրանը տարածաշրջանում իր կայունությունը կպահպանի

40 տոկոս աճ`հայ-իրանական առևտրաշրջանառության մեջ. Իրանը տարածաշրջանում իր կայունությունը կպահպանի

2018-ն Իրանի համար չափազանց բարդ տարի էր` և' տնտեսական, և' քաղաքական, և' անվտանգության առումներով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց իրանագետ Արմեն Իսրայելյանը` ամփոփելով ընթացիկ տարին հարևան Իրանի համար, ինչպես նաև անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին:

Նրա խոսքով` տնտեսական առումով բավական բարդ տարի էր Իրանի համար` եթե տարեսկզբին Իրանում 1 ԱՄՆ դոլարը վաճառվում էր 3 հազար թումանով, ապա օգոստոսին արդեն այդ թիվը հասավ 18-19 հազար թումանի, ինչը տնտեսության մեջ ճգնաժամային իրավիճակ առաջացրեց` գների բարձրացում, գործարանների փակվել…

«Բազմաթիվ խնդիրներ կան, որոնք պայմանավորված են այն գործոններով, որ Միջուկային համաձայնությունից հետո Իրանի իշխանություններին չհաջողվեց արդարացնել այն հույսերը, որոնք ունեին երկրի ներսում: Ինչ վերաբերում է քաղաքական իրավիճակին, ապա այստեղ ևս բավական լարված է իրավիճակը: Այնպիսի տպավորություն է, որ ամբողջ Իրանը միասնական դիրքորոշում ունի, օրինակ` ամերիկյան պատժամիջոցների վերաբերյալ, սակայն այդպես չէ: Իրանում արտաքին հիմնախնդիրները հաճախ ներքին խնդիրների չլուծված լինելու պատճառով են առաջանում: Օրինակ` ամռանն անվստահության գործընթաց սկսեցին Հասան Ռոհանիի ընդդիմադիր թևը ներկայացնող քաղաքական ուժերը»,- ասաց Իսրայելյանը:

Նրա խոսքով` Ռոհանիի կառավարությանն ինչ-որ առումով հաջողվեց կարգավորել ֆինանսական ճգնաժամը: Բացի այդ, իրանագետի խոսքով, Ռոհանիին հաջողվեց արմատական փոփոխություններ իրականացնել և' Կենտրոնական բանկում, և' պետական կառավարման համակարգում:

Անդրադառնալով Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներին` Իսրայելյանը նշեց, որ, մեծ առումով, միջուկային համաձայնությունից հետո էլ պատժամիջոցներն ամբողջությամբ չվերացվեցին: Ինչ վերաբերում է Իրանի և Եվրոպայի հետ համագործակցությանը, ապա ներկայիս իրավիճակը, ըստ իրանագետի, առանձնահատուկ է նրանով, որ Իրանը շարունակում է իր համագործակցությունը Եվրոպայի հետ:

Խոսելով հայ-իրանական հարաբերությունների մասին` իրանագետը նշեց, որ տարին հետաքրքիր էր երկու երկրների հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Ըստ նրա` հետհեղափոխական շրջանն այդ առումով կարելի է բնութագրել որպես միմյանց դիրքորոշումները ճշգրտելու և հայ-իրանական օրակարգը ձևավորելու շրջան:

«Այս տարի հայ-իրանական առևտրաշրջանառության մեջ 40 տոկոս աճ ենք արձանագրել, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով` վիզային ռեժիմի չեղարկում, մաքսային ոլորտում փոփոխություններ և այլն: Երկկողմ առևտրաշրջանառության ցուցանիշն այնքան էլ բարձր չէ: Հայկական և իրանական կողմի ուղերձները վկայում են, որ պատրաստ են և' կարճաժամկետ, և' հեռանկարային համագործակցության»,- ասաց Իսրայելյանը:

Yerkir.am-ի հարցին, թե Իրանի նկատմամբ երկարատև պատժամիջոցները հնարավո՞ր է երկրին ստիպեն վերանայել իր տարածաշրջանային քաղաքականությունը, Իսրայելյանը պատասխանեց, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված, այո, Իրանն իր քաղաքականությունը կփոխի: «Ամերիկյան պատժամիջոցները միայն Իրանի ներքին հարցերում խնդիրներ առաջացնելու համար չեն, այլ ԱՄՆ-ի նոր` մերձավորարևելյան քաղաքականության շրջանակում  Իրանի ազդեցությունը Մերձավոր Արևելքում սահմանափակելու խնդիր կա: Սակայն Միջուկային համաձայնագրից հետո Իրանին հաջողվեց կարճ ժամանակահատվածում իր դիրքերն ամրապնդել: Իրանը կփորձի տարածաշրջանում իր կայունությունը պահպանել, քանի որ եթե Մերձավոր Արևելքից դուրս գա, ապա շատ կարճ ժամանակահատվածում կկանգնի լուրջ խնդիրների առջև երկրի ներսում»,- ասաց իրանագետը: