Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՀՀ նախագահների որդիները չեն ծառայել հայոց բանակում:
« Այսօր լսեցի ինձ վերաբերող հերթական սուտը: Չեմ զարմանում, քանի որ շարունակվում է նույնը, ինչը տարիներ շարունակ արվել է հայտնի օրաթերթի միջոցով: Օրինակները շատ են: Մանկությունս անց եմ կացրել Ստեփանակերտում` ռմբակոծության տակ, նկուղներում, ինչպես և բոլորը, ովքեր չեն լքել Արցախը այդ տարիներին: Անկասկած, պատերազմի տարիները Արցախում անցկացրած հասակակիցներս կհամաձայնեն ինձ հետ, որ բոլորս երազում էինք մի օր կրել զինվորական համազգեստ և մասնակցել մարտերին: Հիշում եմ, թե ինչպիսի ամոթանքների էին արժանանում այն չափահաս տղաները, ովքեր խուսափում էին մարտի գնալուց: Կարծում եմ ոչ մեկ չի կասկածում, որ լինելով նախագահի որդի, կարող էի շարունակել ուսումս մագիստրատուրայում, այնուհետև ասպիրանտուրայում և ոմանց պես, օգտվելով օրենքից, խուսափել ծառայությունից ու հետագայում մատ թափ տալ չծառայածների վրա: Այդուհանդերձ որոշեցի անցնել ծառայության: Ազգային անվտանգության հատուկ նշանակության ջոկատում անցել եմ նախատեսված մարտական պատրաստվածության ծրագիրը: Գիշերել եմ ոչ միայն զորամասում, այլ նաև վրաններում` Փամբակի լեռներում: Չեմ թաքցնում, որ եղել է հատուկ ուշադրություն սպայական կազմի կողմից, որը, ամենայն անկեղծությամբ, հաճելի չէր: Մինչ այժմ ունեմ ջերմ կապեր ծառայակից ընկերների հետ: Ինչպես ծառայությունից առաջ, այնպես էլ հետո և մինչև հիմա զբաղվում եմ սպորտով, սպորտի և առողջ ապրելակերպի զարգացմամբ: Կարծում եմ երիտասարդների բարձր ֆիզիկական պատրաստվածությունը բանակի մարտունակության կարևորագույն բաղադրիչներից է: Միշտ հպարտ եմ զգացել ինձ հորս անցած ճանապարհի, պատերազմին մասնակցելու և առանցքային դերակատարություն ունենալու համար և ինքս էլ պատրաստ եմ ծառայել հայրենիքիս: Խոնարհվում եմ բոլոր նրանց առջև ովքեր իրենց կյանքը զոհաբերել կամ վտանգի տակ են դրել հայրենիքի պաշտպանության համար: Խաղաղ ծառայություն եմ մաղթում բոլորին»: