Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ողջունում է Երևանում անցկացվող «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով խորհրդաժողովը, որը համախմբել է տնտեսագիտության ոլորտի մասնագետներին:
«Այս քննարկման արդյունքում, իրապես, ես շատ ոգևորված եմ: Լսելով զեկույցները՝ հասկացա, որ մենք գտնվում ենք նույն ալիքի վրա: Նույնիսկ մի պահ մտածեցի, որ խոսողները ուզում են մեզ դուխ տալ: Առաջին հինգ զեկույցների արդյունքներով կարող եմ ասել, որ շարադրված է մեր քայլերի տրամաբանությունը, ինչը փորձում ենք անել: Հեղափոխությունից հետո մեզ հարցնում էին տնտեսական անելիքների մասին, մենք առաջին հերթին ընդգծում էինք երկրում սահմանադրականության հարցը: Մենք կարևորում ենք օրենքի առաջ բոլորի հավասարությունը, արդարության միջավայրի ձևավորումը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքով` հաջորդ խնդիրը, որին բախվել են, պետական կառավարման համակարգի ծայրահեղ անարդյունավետությունն է: Նա տեղեկացրեց, որ 2019 թվականի ընթացքում այդ խնդրին անդրադառնալու են:
«Խոսվեց հնարավորությունների մասին: Ասեմ, որ մեր գաղափարախոսության հիմքում հենց դա է: Օրինակ, ասվում է իշխանությունը չարեց այս, այն, իմ կարծիքով դա հին քաղաքական համակարգի իներցիա է, որովհետև եթե իշխանությունը բոլոր հարցերի լուծման լծակները վերցնում է ձեռքը, հետևաբար ամեն չարածի համար պատասխանատուն ինքն է: Մի քանի անգամ ասել եմ այդ մասին, կան մարդիկ իրենց բաժնեմասերի օտարման կամ նոր բաժնեմաս գնելու պարագայում հարկ են համարում գան վարչապետի մոտ: Սա անհեթեթ իրավիճակ է, սակայն դա մեր իրականությունն է եղել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով` հիմա ստեղծվել է հնարավորություն, որ խնդիրների լուծման պատասխանատվությունը ոչ միայն կառավարությանը լինի, այլև հանրային տարբեր շերտերինը: Ըստ նրա՝ իրենց տեսլականում անհատական ջանքը եղել է առանցային բոլոր խնդիրների լուծման համար:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը կարևորում է ներգաղթի գաղափարը: Նրա խոսքով, ներգաղթ ասելով նկատի չունի զուտ ֆիզիկական տեղափոխություն, դրա արդյունքում կտեսնենք կապիտալի, նոր մշակույթի ներգաղթ: