Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ԵԽ տարածքային և տեղական կոնգրեսի գլխավոր քարտուղար Անդրեաս Կիֆերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի քարտուղարության արտաքին հարաբերությունների վարչության ղեկավարի տեղակալ Դմիտրի Մարչենկովը, ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոյուն, ԵԽ հայաստանյան գրասենյակի ծրագրի համակարգող Տաթևիկ Դավթյանը և ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ Սուսաննա Ադամյանը:
Նախարարության հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Եվրոպայի Խորհրդի և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջև առկա հարաբերությունների մակարդակը և ընդգծել, որ հայկական կողմը շահագրգռված է լավագույնս օգտագործել տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցության ներուժը։ Նախարարը կոնգրեսի պատվիրակներին մանրամասն ներկայացրել է տարածքային և տեղական կառավարման վերաբերյալ ներկա իշխանությունների պատկերացումներն ու զարգացման տեսլականը, և նշել․«Հայաստանում ամբողջական ժողովրդավարություն ունենալու հիմքը տեղական մակարդակում ժողովրդավարության բարձրացումն ու ինքնուրույնության աճն է։ Պետական կառավարման համակարգ-ՏԻՄ կապն ավելի դյուրին կդառնա, երբ ՀՀ-ում ավարտված կլինեն վարչատարածքային բարեփոխումները, ինչի նպատակով առաջիկայում նախատեսվում են տարածքային կառավարման հարթությունից որոշակի լիազորությունների պատվիրակում համայնքներին»:
Անդրադառնալով համայնքների խոշորացման գործընթացին` նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ ոլորտի քաղաքականության պատասխանատուների կողմից որոշվել է գործընթացն առկախել մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Նախարարը որոշումը պայմանավորել է նախկինում կատարված բարեփոխումների ընթացքում արձանագրված բացթողումներից հնարավորինս զերծ մնալու, դրական և բացասական կողմերը վերլուծելու անհրաժեշտությամբ։ Եզրափակելով՝ Սուրեն Պապիկյանը հատուկ շնորհակալություն է հայտնել GIZ-ին, UNDP-ին, Շվեյցարական զարգացման գործակալությանը Հայաստանի համայնքների կարողությունների զարգացման և տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալացման գործում ցուցաբերած մեծ աջակցության համար։
Իր հերթին ԵԽ տարածքային և տեղական կոնգրեսի գլխավոր քարտուղար Անդրեաս Կիֆերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը ԵԽ-ի կարևոր գործընկերներից է, և Խորհուրդը պատրաստակամ է այսուհետ ևս օժանդակել երկրում ծավալվող ժողովրդավարության կոնսոլիդացիայի գործընթացին։ Անդրեաս Կիֆերը ափսոսանք է հայտնել ԵԽ-ի կողմից Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններին ռեսուրսների սղության պատճառով դիտորդական առաքելություն չիրականացնելու առնչությամբ և դա բացառապես պայմանավորել նույն ժամանակահատվածում Բոսնիա-Հերցեգովինիայի անցկացվող ընտրությունները դիտարկելու հրավերն ավելի վաղ ընդունելու հանգամանքով։
Նախարար Սուրեն Պապիկյանը, կարևորելով ԵԽ մոնիտորինգային գործառույթները, հույս է հայտնել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ԵԽ դիտորդական առաքելությունը կցուցաբերի իր ակտիվ մասնակցությունը։ Ամփոփելով նախարարը համոզմունք է հայտնել, որ տարածքային և տեղական մակարդակների տարբեր ոլորտներում ԵԽ-ի և ՀՀ-ի համագործակցության ողջ ներուժը լավագույնս օգտագործելու միջոցով առաջիկայում հնարավոր կլինի բարեհաջող ավարտին հասցնել սկսված վարչատարածքային բարեփոխումները և տեղերում ունենալ մասնակցային ժողովրդավարության վրա հիմնված ինքնուրույն համայնքներ։