Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը, որի օրակարգում է հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու և այլ փաստերով քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը:
Նշենք, որ ԱԺ պատգամավորների մեկ քառորդը դիմել է ԱԺ նախագահ Բաբլոյանին` նիստ հրավիրելու առաջարկով: Նիստի մեկնարկին ԱԺ նախագահն ասաց, որ քննիչ հանձնաժողովի պատգամավորների թիվը պետք է սահմանվի ԱԺ պատգամավորների որոշմամբ:
Հիմնական զեկույցով հանդես եկավ քննիչ հանձնաժողովի նախաձեռնող խմբի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը: Նա նշեց, որ նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է երկու հանգամանքով:
«Հրապարակվեց մի ձայնագրություն, որի շուրջ բուռն քննարկումներ են տեղի ունենում, և դա առաջացրեց բազմաթիվ հարցեր: Մենք` որպես օրենսդիր մարմին, պետք է պարզենք հանգամանքները»,- ասաց Կոստանյանը և հավելեց, որ հանձնաժողովի ստեղծման հիմքում դրել են ավելի գլոբալ խնդիր:
«ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցության գաղտնալսման հանգամանքը յուրաքանչյուրիս կարող է բերել այն եզրակացության և հիմնավոր կասկածներ ստեղծել առ այն, որ եթե ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունները ձայնագրվում են, դա նշանակում է որ Սահմանադրությամբ և ՄԻԵԴ կոնվենցիայով երաշխավորված` յուրաքանչյուր անձի խոսակցությունների գաղտնիության սկզբունքն առնվազն վտանգված է: Մենք ավելի գլոբալ ենք խնդիրը պատկերացնում` պետք է վստահ լինենք, որ մեր երկրում ձեռնարկել ենք և ունենք իրավական ու գործնական բոլոր հնարավորությունները` երաշխավորելու յուրաքանչյուր անձի հեռախոսային խոսակցության գաղտնիության իրավունքը: Դրան միջամտելու հնարավորությունը դատարանի որոշմամբ, օրենքի շրջանակում պետք է լինի»,- ասաց պատգամավորը:
Ըստ Կոստանյանի` տվյալ դեպքում այս հանգամանքը ոչ միայն վտանգի տակ է դնում մեր երկրի իրավական անվտանգությունը, այլև կասկածի տակ է դնում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքի սպասարկման հանգամանքները:
Նա նշեց, որ գաղտնալսված խոսակցության բովանդակային մասում էլ հանրությունը քննարկում է արդարադատությանը միջամտություն դիտարկելու կամ չդիտարկելու տեսակետը:
«Խոսակցության բովանդակային կոնտեքստում տեսնում ենք ներգրավվածություն, որը չպետք է տեղի ունենա արդարադատության իրականացման գործընթացում: Այս առումով ևս ավելի գլոբալացրել ենք խնդիրը, և խոսքը վերաբերում է ոչ միայն տվյալ գործով իրականացվող քննարկումներին, այլև` արդյո՞ք մեր երկրում իրավական երաշխիքների պայմաններով ապահովված է արդար դատաքննության իրացումը»,- նշեց պատգամավորը:
Կոստանյանը հավելեց, որ յուրաքանչյուր նման ուսումնասիրության արդյունքները մեր երկրում կբարձրացնեն մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը: