Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Վահան Հովհաննիսյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 62 տարեկան:
Ընտանիքի անդամները, թոռնիկները, զինակից և կուսակից ընկերներն այսօր այցելության էին գնացել Վահան Հովհաննիսյանի` ընկեր Վահանի շիրիմին` ծաղիկներ խոնարհելու, աղոթելու և խնկարկելու նրա հիշատակը:
Չնայած Վահան Հովհաննիսյանը միայն ֆիզիկապես է բացակայում, այնուամենայնիվ, նրա բացակայությունը, առավել ևս քաղաքական կյանքում, զգալի է:
«Այսօր, իսկապես, Վահան Հովհաննիսյանի կարիքը կա, և դա զգալի է նաև բարոյական առումով: Այս դաշտը, որ ունենք այսօր, շատ է շեղվում իր բարոյական չափանիշներից, և Վահան Հովհաննիսյանի պես մարդն այսօր շատ պետք էր մեր կողքին»,-Yerkir.am-ի հետ զրույցում անկեղծացավ Վահան Հովհաննիսյանի կուսակից ընկեր Արտաշես Շահբազյանը:
«Այսօր մեր շրջապատում հաճախ ենք լսում այն արտահայտությունները, թե «Ափսոս` Վահանը հիմա չկա», «Այ, Վահանը հիմա ասելիք կունենար»: Մենք որքան հեռանում ենք իրենից ժամանակով, այնքան իր կերպարն ավելի է ամբողջանում` որպես գործիչ` իր ունեցած կարողությամբ և դերակատարությամբ: Իսկապես, մեր քաղաքական կյանքում ինքն ուներ իր տեղը, փնտրված էր և սպասված: Մարդիկ սպասում էին իր խոսքին, շատ կարևոր էր իր տեսակետը»,-նշեց Շահբազյանը:
Անդրաառնալով Վահան Հովհաննիսյան մտավորական կերպարին` Շահբազյանն ընդգծեց, որ նա, որպես քաղաքական գործիչ, ուներ մտավորականի «խորքը»` երևույթներին նայելու, լինելու շրջահայաց, չշտապելու ու ասված խոսքը կշռելու և ծանր խոսք ասելու:
«Վահանը մեզ համար տարիների ընկեր էր, որ կենսագրություն էր ստեղծել, այն կերտել ամենադժվար ժամանակներում: Նա ամենապատասխանատու գործերի մեջ լինելով, ամենապատասխանատու գործեր ստանձնելով` նաև կարողացավ ճանաչելի և սիրելի դառնալ մեր ժողովրդի համար, որովհետև իր մեջ իսկապես տեսան մարդու, որը ոչ թե խոսքով է հայրենասեր, ոչ թե խոսքով և պաշտոնով է քաղաքական գործիչ, այլ` իր անցած ճանապարհով, որ սկսվում էր Արցախով և անցնում դժվարին ժամանակների միջով»:
Շահբազյանը պատմեց, որ Վահան Հովհաննիսյանն իր անձը շատ չէր կարևորում.«Նա հումորով էր նաև ինքն իր անձի հետ, ինչը մեծ մարդկանց հատկություն է: Վահանի մասին շատ բան կարելի է հիշել, օրինակ, թե ինչպես էր 90-ականների սկզբին հրապարակում պայքարում, Արցախում` պատերազմի տարիներին, հալածանքի տարիներին, բանտում, երբ դրոշ էր բարձրացնում և ճաղերի հետևից շատ սուր արտահայտություններ և գնահատումներ անում»:
Նա նաև անդրադարձավ Վահան Հովհաննիսյանի գրականությանը: «Վահանը շատ կարևոր ասելիքով, ուղերձ ունեցող գիրք գրեց: Դա ոչ միայն մեր, այլև` հայ ժողովրդի դերի և պատմական արժեքի մասին է, անցալի և ապագայի»,-նշեց Շահբազյանը` խոսքը եզրափակելով.-«Այնպես որ, Վահանը բազմազան էր և բազմաշնորհ»: