Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մարտի մեկի գործով կհարցաքննվի նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին քիչ առաջ կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
«Ես բազմիցս նշել եմ, որ հարցաքննվելու են բոլոր այն անձինք, ովքեր առնչություն են ունեցել այս գործի հետ, հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը»,-ասաց նա:
Ըստ ՀՔԾ պետի` քննիչն է որոշում, թե ում, երբ և ինչ հարցերի շուրջ հարցաքննի: «Դա քննչական տակտիկա է, քննիչը պետք է որոշի դրա կարևորությունը»,-նշեց նա` հավելելով, որ հարցաքննությունն ինքնանպատակ չէ:
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաքննիչ քրեական դատարանի որոշման վերաբերյալ ՀՔԾ-ի արձագանքին՝ Սասուն Խաչատրյանը նշեց, որ այն բավականին մեղմ էր: Նրա խոսքով` իրենք, չունենալով որոշումը բողոքարկելու լիազորություն, ընդամենն արձագանքել են դատարանի որոշմանը:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն ապօրինի էր համարել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը: «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը ապօրինի է, և Վերաքննիչ քրեական դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից: Հույս ունենք, որ դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի»,-հայտարարել էին ՀՔԾ-ից:
Այս հայտարարությունից հետո Քոչարյանի պաշտպանները նշել էին, որ ՀՔԾ-ն իրավունք չուներ մեկնաբանելու այդ որոշումը, քանի որ նա հանդես է գալիս պետության անունից:
«Ես երբեք ինձ թույլ չեմ տա մյուս իրավաբանի դրսևորած գործունեությունը որակել որպես անգրագիտություն կամ տգիտություն, ինչպես դա հաճախ անում են պարոն Քոչարյանի պաշտպանները»,-ասաց Սասուն Խաչատրյանը: