կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-13 11:31
Մշակույթ

Ազատ Գասպարյանի ծննդյան օրն է

Ազատ Գասպարյանի ծննդյան օրն է

Այսօր սիրված դերասան Ազատ Գասպարյանի ծննդյան օրն է. Գասպարյանն այսօր կդառնար 75 տարեկան:

1960թ. ավարտել է Արթիկ քաղաքի №1 միջն. դպրոցը, 1970թ.`   Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը`   ուսանելով Վարդան Աճեմյանի արվեստանոցում: 1970-72թթ. աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում, 1972-80թթ.`   Դրամատիկական թատրոնում: Հետագա տարիներին աշխատել է «Հեռուստաթատրոնում», «Մետրո» թատրոնում: 

Նկարահանվել է «Հայֆիլմի» և «Մոսֆիլմի» թողարկած 20 գեղարվեստական ֆիլմում`   «Համագյուղացիները» (1974թ.), «Երկունք» (1976թ.), «Հուսո աստղ» (1978թ.), «Համր վկան» (1980թ.), «Սիրո փոքրիկ պատմություն» (1981թ.), «Վարսավիրը, որի քեռու գլուխը վարժեցված վագրը կրծել էր» (1983թ.), «Ճերմակ անուրջներ» (1984թ.), «Ու՞ր ես գնում, զինվոր» (1985թ.), «Բառը» (1987թ.), «Շնչառություն» (1988թ.), «Աստված իմ, ինչու՞» (1989թ.), «Ձանձրույթ» (1990թ.), «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» (1992թ.), «Органный концерт» (2000թ.) և այլն: 

Առավել հայտնի և սիրված են Ազատ Գասպարյանի մասնակցությամբ «Հեղնար աղբյուր» (1970թ.), «Երջանկության մեխանիկա» (1982թ.), «Հին օրերի երգը» (1982թ.), «Մեր մանկության տանգոն» (1984թ.), «Ուրախ ավտոբուս» (2000թ.) ֆիլմերը:

 Նկարահանվել է նաև շուրջ 30 հեռուստաբեմադրությունում, մասնակցել բազմաթիվ ռադիոբեմադրությունների: Հյուրախաղերով հանդես է եկել տարբեր երկրներում`   ԱՄՆ, ՌԴ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Լիբանան, Արաբական Միացյալ էմիրություններ և այլն: Հեղինակել է «Իմ լեզվի տակ փուշ չկա» (2000թ.) գիրքը, մի շարք տեսա-ձայնասկավառակներ: Մահացել է 2013 թ. օգոստոսի 2-ին Երևանում:

2008թ. արժանացել է «Ֆրիտյոֆ Նանսեն», 2009թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանների, 2003թ.` Հայաստանի վաստակավոր, 2010թ.` ժողովրդական արտիստի կոչման: