կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-12 15:47
Հասարակություն

Այսօր խաղողօրհնեք է կամ Աստվածածնի Վերափոխման տոնը

Այսօր խաղողօրհնեք է կամ Աստվածածնի Վերափոխման տոնը

Այս տոնը տոնում ենք կիրակի օրը և ո՜չ մեկ այլ օր, ինչպես առաքյալներինը, մարգարեներինն ու մարտիրոսներինը, և այս օրն առավելապես ենք պատվում, որովհետև մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի գալստյան խորհուրդն ունի, Ով բյուր հրեշտակներով ծածկաբար եկավ Իր պատվական և սուրբ ծնողի մոտ, որպեսզի պատվի հանգուցյալի մարմինը, ինչպես որ պատվեց կենդանության օրոք:
Տերն ավելի վաղ նրա մոտ էր առաքել Գաբրիել հրեշտակապետին, որպեսզի Կույսի հետ խոսի անճառելի Էության մասին: Իսկ այսօր ոչ թե անքննելին է պատմվում, այլ նույն Ինքն Անճառելին է երևում դեմ հանդիման, քանզի ծնվելիս հրեշտակներն էին սպասավորում Կույսին, իսկ փոխվելիս՝ Բանն Աստված՝ Իր զորքերով:

Աստվածամոր վերափոխման լուրը

 Պե՜տք է և արժա՜ն է իմանալ այն ամենը, ինչ պատահեց հետագայում ամենաօրհնյալ սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի հետ: Երբ Փրկչիհամբարձումից անցավ տասներկու տարի և երբ սուրբ Կույսն արդեն պետք է փոխվեր այս մարմնավոր կյանքից, վերափոխումից երեսուն օր առաջ նրա մոտ եկավ Գաբրիել հրեշտակապետը՝ նա, ով հղության ավետիսն էր տվել նրան, այս անգամ տալով Կույսին երկրից երկինք փոխման ավետիսը:

 Երբ սուրբ Կույսն աղոթում էր իր սենյակում, եկավ Գաբրիելը, ողջունեց ու կանչեց նրան Ձիթենյաց լեռ, ուր սուրբ Կույսը սովորաբար գնում էր աղոթելու: Կույսը գնաց և ծնրադրելով աղոթեց այն տեղում, որտեղից Փրկիչը համբարձվեց, և լեռան վրա եղող բոլոր տունկերը խոնարհվեցին ու երկրպագեցին նրան: Այդտեղ նրան դարձյալ երևաց հրեշտակն ու ողջունեց՝ ասելով. «Մա՜յր սրբության և առագա՜ստ երանության, տաճա՜ր խնդության և քաղա՜ք թագավորության, մարդկային ցեղի ճանապա՜րհ դեպի Քրիստոս, հասել է քո ժամանակը՝ փոխվելու այս աշխարհից առ Աստված: Նա, քո Տերը՝ Միածին Որդին, Ով մարդկանցից քեզ ընտրեց Իրեն մայր և ամբողջ աշխարհի փրկանքը լինելու համար, այսօր հաճեց քեզ փառքով աշխարհից դեպի անքննելի փառքը փոխադրել»:

 Ապա հայտնեց, որ լրացել է օտարության մեջ նրա պանդխտության ժամանակը, և այժմ պահն է գնալու դեպի իր հայրենի ժառանգությունը: Ասաց նաև, որ Տիրուհին չի մնալու մահվան գավառում, քանզի անմահ կյանքի արժանացավ, վերջացան նրա չարչարանքներն ու լրացան տառապանքները, անցնելու են տրտմություններն, ու մոտ է ուրախությունը: Հանգիստը պատրաստ է, լույսի խորանը՝ կազմված, փառքի աթոռը՝ հարդարված: Արդ՝ պետք է գնալ ու հանգստանալ բազում չարչարանքներից և վայելել այն փառքը, որ աշխարհի ստեղծումից առաջ կար:

 Ապա, տասնչորս օր անց, կրկին եկավ Գաբրիել հրեշտակապետը և կրկին Տիրուհուն ավետեց Աստծու մոտ փոխվելու մասին, ինչից բերկրեց Մարիամը, և զվարճացավ նրա հոգին: Նա շրջում էր բոլոր տնօրինական վայրերում ու աղոթում: Ապա, ևս տասներկու օր անց, երրորդ անգամ եկավ Գաբրիելը և դարձյալ խորնարհվելով տիրածին Կույսի առջև՝ ասաց. «Ուրախացի՜ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին», և նրան տվեց բրաբիոնի մի պսակ, որը հյուսել և բերել էր Ադամի դրախտից, և այն դրեց սուրբ Աստվածածնի գլխին, որպեսզի առաքյալները և իմաստուն սուրբ կույսերը դա տեսնելով օրհնեն Աստծուն:

 Իսկ ամենասուրբ Կույս Մարիամը, երբ ստացավ իր երկինք փոխվելու ավետիսը և բրաբիոնի պսակը, գնաց Ձիթենյաց լեռը՝ աղոթելու, և բոլոր բույսերն ու տնկիները կրկին խոնարհվելով՝ երկրպագեցին նրան: Իր աղոթքում Աստվածածինն այսպես էր ասում. «Դու իմ Տեր Հիսուս և Որդի, Քո Հոր՝ Աստծու և իմ՝ Քո աղախին մոր, Տեր իմ Միածին, Դու Ինքդ խոստացար գալ ինձ մոտ, որպեսզի Քեզ ավանդեմ իմ հոգին»: Այդժամ երկնքից մի ձայն նրան պատասխանեց. «Չեմ թողելու քեզ մայր Իմ, Տիրուհի, այլ կգամ քեզ մոտ և կկատարեմ քո խնդրանքը»:

 Երբ սուրբ Կույսը լսեց այդ խոսքը, անասելի բերկրանք ապրեց: Վերացավ նրա մարմնավոր տրտմությունը, ու հոգին լցվեց հոգևոր խնդությամբ: Ապա դարձավ իր տուն, կանչեց իր բոլոր դրացիներին, ազգակիցներին և այն սուրբ կույսերին, ովքեր իր հետ ժուժկալությամբ ճգնում էին, ու նրանց հանձնարարեց, որպեսզի վառեն բոլոր ջահերը և իր հետ լինեն երեք օր, և այդ օրերին նրանց շատ բաներ էր պատմում Աստծու մեծամեծ գործերի մասին:

 Երբ կույսերը լսեցին Աստվածածնի խոսքերը, թե փոխվելու է աշխարհից, սաստիկ խռովվեցին և արտասվելով մեկմեկու ասում էին. «Ո՜չ ոք մեզ չի լուսավորի, երբ զրկվենք այս պայծառ արեգակից, և երբ սպառվի այս անսպառ աղբյուրը, և մեր միջից վերցվի ամբողջ աշխարհի այս մխիթարիչը, ո՞վ կմխիթարի մեզ: Երբ վերանում են բերդաքաղաքի պարիսպները, քաղաքացիներից ոչ ոք այլևս չի ապրում այնտեղ»:

 Մինչ Աստվածամայրը խոսում էր նրանց հետ, եկավ նրա հոգևոր որդին՝ Հովհաննես ավետարանիչը, ով Քրիստոս էր քարոզում Երուսաղեմի մոտակա գյուղերում, և ողջունեց ու երկրպագեց իր մորը՝ սուրբ Կույս Մարիամին: Կույսն, ընդունելով Հովհաննեսի ողջույնը, ասաց. «Բարով եկար, որդիս, և սիրելին իմ Որդու»: Ապա Հովհաննեսը հարցրեց, թե ինչո՞ւ են մարդիկ տրտմության մեջ: Սրբուհին, զվարթ դեմքով և բերկրալի սրտով, նրան կարգով պատմեց հրեշտակի այցելության, իր փոխման մասին և մատնանշեց իր թաղման տեղը, որը լինելու էր Գեթսեմանիում: Երբ Հովհաննեսը լսեց այդ ամենը, սկսեց ողբալ, որ զրկվելու է իր հոգևոր մորից:

 Սուրբ Կույսը նրանց ասաց. «Աստծու Խոսքի ծառանե՜ր, լսե՜ք Տիրոջ աղախնին, քանզի ողորմելով ողորմեց ինձ իմ Տերը և հույժ գթաց: Հասել է իմ ժամանակն այս աշխարհից փոխվելու Նրա մոտ, Ում անձկալով ձգտում եմ, Ով նախկինում անմայր էր, սակայն Իր գթությամբ ինձ Իրեն մայր դարձրեց՝ առանց հոր: Արդ՝ դո՜ւք, դուստրե՜ր վերին Երուսաղեմի, լույսի՜ որդիներ և հավատի՜ ծնունդներ, քաջալրվե՜ք ձեր հույս Քրիստոսով, թոթափվե՜ք ձեր կյանքում սատանայի պատրանքներից, որ ամեն օր մարտնչում է Աստծու ծառաների դեմ, մի՜ թուլացեք ձեր ամենօրյա աղոթքներում և Աստծու շնորհներով պահպանված կլինեք»:

 Ապա սուրբ Կույսն աղոթքով խնդրում է Տիրոջից տեսնել առաքյալներին, քանի որ նրանք գնացել էին աշխարհի տարբեր ծայրերը՝ փրկության Ավետարանը քարոզելու:

 Այնուհետև Կույսը Հովհաննեսին խնդրեց մատուցել աստվածային պատարագ, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը: Այդժամ Հովհաննեսը Հիսուսի մայր Մարիամի և նրա ընկերակից կանանց հետ ելավ Վերնատուն և այնտեղ կատարեց Պատարագի սուրբ խորհուրդը: Մինչ նա մատուցում էր գոհության աղոթքը, հանկարծակի որոտ լսվեց և Հովհաննեսին սկսեցին ձայնակցել սուրբ առաքյալները, որոնց Սուրբ Հոգին նույն պահին ժողովեց աշխարհի տարբեր ծայրերից: Վերնատանը Սուրբ Հոգու կանչով, ամպով հափշտակվելով՝ համագումար միաբանությամբ հավաքվեցին սրբազան առաքյալների դասերը՝ հրաժեշտ տալու Աստվածամորը, և նրանց հետ էլ յոթանասուներկուսը, յուրաքանչյուրն իրեն վիճակված վայրից: Սուրբ հաղորդության ավարտին՝ սուրբ պատարագի արձակման պահին, առաքյալները երկրպագեցին Աստվածամորը և տվեցին Հիսուսի ավանդած ողջույնը: Ապա ողջունեցին միմյանց սրբության համբույրով և օրհնեցին Աստծուն իրենց այդ զարմանահրաշ հավաքի համար: Առաքյալներն ինչպես Տիրոջը ճանապարհեցին, երբ Նա համբարձվեց, այդպես էլ պետք է Տիրամորը ճանապարհեին երկինք, ուր և մեզ է առաջնորդելու Տերը՝ ելնելու ու ժառանգելու մեր հայրենիքը, որ պատրաստված է սրբերի համար:

 Ապա առաքյալները մտան Աստվածամոր տունը, որը Վերնատան մոտ էր: Սուրբ Աստվածածինը նրանց ցույց տվեց այն բրաբիոնը, որն Եդեմի Դրախտից իրեն էր բերել Գաբրիելը, և հայտնեց իր ննջման մասին ու մատնանշեց իր հանգստյան տեղը՝ Գեթսեմանիի պարտեզում: Առաքյալները լսելով, որ Աստվածածինը պետք է հեռանա իրենցից, նույնպես սկսեցին ողբալ: Աստվածամայրը նրանց ասաց, որ պետք չէ ողբով մթագնել իր ուրախությունը և պետք չէ մարդկորեն մտածել, այլ խնդրեց առաքյալներին, որ նրանք աղոթքներով ուղեկցեն իրեն, որպեսզի խաղաղությամբ անցնի խավարի իշխանության միջով և հասնի երկնային նավահանգիստ:

Տիրամոր պատկերի մասին

 Երբ Աստվածամայրը հրավիրվեց փոխվել իր Միածին Որդու մոտ, Հովհաննես Ավետարանիչը, Աստծու կամքից ազդվելով, վերցրեց կիպարիսի մի փայտ և դրա վրա կերպաձևեց Տիրամոր պատկերը, որպեսզի նրա վերափոխումից հետո այդ սրբությունը մնա իրենց մոտ: Ապա առաքյալները որոշեցին աղաչել Տիրամորը, որպեսզի նա այդ փայտեղեն անոթն իր աստվածատիպ դեմքի վրա դնի, օրհնի և իր բարեխոսությամբ խնդրի Տիրոջը, որպեսզի Նա այդ պատկերի միջոցով աշխարհին բարիքներ պարգևի: Քանզի այդ օրերին բորոտության ախտը մոլեգնում էր Հրեաստանում, և առավել ևս Երուսաղեմում: Առաքյալները բոլոր ներկա հավատացյալների հետ միասին աղաչեցին Տիրամորը, իսկ Պողոսը մասնավորապես ասաց.

 -Ամենաօրհնյալ Տիրամայր, Աստծու Խոսքի տաճար և առագաստ, ո՛վ Տիրածին Կույս, քանի որ գնալու ես դեպի քո ցանկալին՝ Միածին Որդին, աղաչում ենք քեզ, վերցրո՜ւ Հովհաննեսի՝ Տիրոջ սիրելիի ձեռքով նկարված այս փայտեղեն պատկերը քո սուրբ ձեռքերի մեջ, որոնցով վերցրել ես բոլորիս Արարչին, օրհնիր այն ու տուր որպես նշան աշխարհի բժշկության, մանավանդ բորոտներին, որպեսզի նրանք, ովքեր կապավինեն քո բարեխոսությանը, գտնեն առողջություն իրենց անձերի համար, ինչպես նաև բժշկություն՝ իրենց ցավերից և ախտերից, քանզի քո փոխումը հույժ մեծ տրտմություն է մեզ համար: Մենք մեր Տիրոջ՝ քո Որդու համբարձումից հետո քեզանով էինք մխիթարվում: Արդ՝ տո՜ւր մեզ քո պատկերի տիպը, որպեսզի քո վերափոխումից հետո դրանով մխիթարվենք, և աղաչի՜ր քո Որդուն ու մեր Աստծուն, որ այդ պատկերի միջոցով վերացնի բորոտությունն այն մարդկանց միջից, ովքեր քո բարեխոսությանն են ապավինում:

 Իսկ երանելի կույսը պատասխանեց.

 -Ինչո՞ւ եք ինձ՝ Տիրոջ աղախնուն, հարկադրում իմ անունով անել այն, ինչն արժան չէ ինձ: Դուք եք Արարիչ Քրիստոսի աշակերտները և ձեզ է շնորհված դևերին հալածելու, բոլոր ախտերը բժշկելու և աշխարհից կռապաշտությունը վերացնելու իշխանությունը: Ինչ որ դուք կամենում եք, խնդրեցե՜ք Տիրոջից և կստանաք: Քանզի եթե երկինքը փակելու և բանալու իշխանությունն ունեք և երկրի վրա իշխաններ եք կարգված, ու Ի՜նքը, Տե՜րը, ձեզ Իր բարեկամները կոչեց, և ձեր ձեռքով սքանչելի նշաններ են լինում, և ձեր միջոցով բոլորին շնորհ է տրվում, ուրեմն ձեզ համար ամեն ինչ հնարավոր է: Դուք ինձ ձեր աղոթքներով ճանապարհեք, սիրով ու խաղաղությամբ միաբանվելով ինձ հետ՝ հասցրեք ինձ դեպի նավահանգիստը՝ Քրիստոս:

 Ապա երանելի Պողոսն ասաց.
-Սո՜ւրբ Կույս, մենք աշխարհի Արարչի անարժան ծառաներն ենք, իսկ դու արժանի եղար լինելու Աստվածամայր: Նա, Ով հաճեց քեզանից մարմնավորվել, Նրանից՝ քո Որդուց, և մեր Աստծուց ենք արժանացել մեր ունեցած այս առաքելական շնորհին: Դու մեր Տիրամայրն ես, իսկ մենք՝ աշխարհի հրովարտակները, եղի՜ր բարեխոս աշխարհի համար: Դու Երրորդության հարսն ես, իսկ մենք՝ քո անճառ Ծնունդի հնչեցրած փողերն ամբողջ տիեզերքում: Աղաչում ենք քեզ, ինչպես քո Միածին Որդին Իր մահվան փայտն աշխարհի համար դարձրեց անմահության գանձ, դևերի հալածիչ, վիրավորների բժիշկ, հավատացյալների կյանքի նշխար, այդպես էլ դու դարձրո՜ւ այս պատկերն այնպիսին, որպեսզի քեզ փափագողները, երբ սա տեսնեն, իրենց խնդրվածքները ստանան:

 Եվ ամենօրհնյալ Սրբուհին, պատկերն իր սուրբ ձեռքերի մեջ վերցնելով, խաչակնքեց այն և դրեց իր դեմքին, ապա տարածելով իր աստվածընկալ բազուկները դեպի երկինք՝ ասաց.

 -Տե՜ր Աստված ամենակալ, Հա՜յր բարերար մեր Տիրոջ Հիսուսի Քրիստոսի, Դո՜ւ, որ Քո Միածին Որդուն աշխարհի փրկության համար առաքեցիր՝ մարմնանալու Քո անարժան աղախնու միջոցով, Ով կատարելով Օրենքում ու մարգարեներում գրվածները՝ դարձյալ համբարձվեց Քեզ մոտ՝ դեպի Քո Հայրական փառքը: Աղաչում և խնդրում ենք Քեզանից բարերար Աստված, վերցրո՜ւ բորոտության ախտը մարդկանց միջից, Դո՜ւ, որ վերցրիր մեր մեղքերը Քո Միածնի ձեռքով: Կատարի՜ր խնդրվածքը Քո ընտրյալ այրերի, ովքեր Քո հրամանով առաքվեցին աշխարհի փրկության համար՝ ավետարանելու Քեզ, Քո Որդուն և Քո Սուրբ Հոգուն, որպեսզի Քեզ հավիտյան փառք տանք:

 Նույն ժամին լուսեղեն կամար իջավ սրբուհու վրա և լսելի եղավ մի ձայն, որ ասում էր. «Թող լինի այնպես, ինչպես կամենում ես, մայր Իմ»: Այնժամ ամպեղեն լույսը խաչանման կաթեց սուրբ պատկերի վրա, և սուրբ Կույսը հորդառատ արտասուք հեղեց Տիրոջ առջև և դրանով թրջեց պատկերը:

 Ինչպես Տիրոջ ծննդյան ժամանակ Տիրամայրը վեր էր բնության օրենքից, այդպես և իր մահվան ժամանակ, քանզի ինչպես ծնունդը ցավով ու տրտմությամբ չէր, այդպես էլ մահը հիվանդությամբ չեղավ: Քանի որ մարդիկ ունեն երկու բնական հատկություն. առաջին՝ ցավով ծնել և երկրորդ՝ հիվանդությամբ մեռնել, իսկ նա ազատ էր դրանցից: