Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ անդրադարձել է ապրիլի 2-ին ընտրությունների օրը տեղափոխելու քննարկումներին: Նա մասնավորապես ասել է. «Գիտեք, որ այս օրերին քաղաքական դաշտում կա որոշակի տարակարծություն ընտրությունների օրն ապրիլի 2-ին նշանակելու կապակցությամբ: Մեր իրավաբաններն ունեն համոզիչ փաստարկներ, որ դա իրավաբանորեն ամենաարդյունավետ լուծումն է, և դրա մասին դեռ կհրապարակեն փորձագիտական դիրքորոշումներ:
Կարծում եմ՝ պարոն Դավիթ Հարությունյանը վաղը կպատասխանի բոլոր այն գրավոր հարցումներին, որ մենք ստացել ենք: Անկեղծ ասեմ՝ իրավաբանական ձևակերպումներից անդին ես ինքս էլ մտահոգություն ունեմ: Ես ցանկանում էի ապրիլի 2-ը և հաջորդող մի քանի օրերը նվիրել մեր հերոս տղաներին, նրանց հիշատակին, նրանց մեծարմանը:
Ցանկանում էի, որպեսզի այդ օրերը դառնան ապրիլյան պատերազմից հետո մեկ տարվա ընթացքում բանակաշինության ասպարեզում կատարված հսկայական աշխատանքի, նոր լուծումների, նոր ձեռքբերումների ներկայացում մեր հանրությանը: Ցանկանում էի, որպեսզի բոլորս միասին հավաստիացնենք մեր ժողովրդին, հավաստիացնենք աշխարհին, որ մենք նույն կերպ ենք վարվելու նաև բոլոր այդպիսի դեպքերում: Իհարկե, անկախ ընտրություններից, դա հիմա էլ ենք անում:
Ես անձամբ դեմ չեմ եղել հրամանագիրը ստորագրելու պահին և հիմա էլ դեմ չեմ 4-5 օրով տեղափոխել ընտրությունների օրը: Բայց մի փոքր էլ սպասենք, երբ հայտնի կդառնան ընտրությունների բոլոր մասնակիցները, և մենք կկարողանանք նրանց հետ գալ համաձայնության՝ բոլորի հետ առանց բացառության, ես կարծում եմ՝ մեզ ոչինչ չի խանգարի, եթե ընդամենը մի քանի օրով հետաձգենք ընտրությունները: Եվ եթե գանք քաղաքական համաձայնության, ապա, վստահ եմ՝ մեր իրավաբանները դրա հիմնավորումները շատ հանգիստ կարող են տալ, և ընտրական պրոցեսը ոչնչով չի խաթարվի: Բայց համբերենք, սպասենք, տեսնենք՝ ի՞նչ է լինելու»: