կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-05 11:10
Քաղաքական

Հետողորմյա չենք անի. Փաշինյանը՝ խոշորացված համայնքների բնակիչներին

Հետողորմյա չենք անի. Փաշինյանը՝ խոշորացված համայնքների բնակիչներին

Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանի հրապարակում հանդիպում է սիսիանցիների հետ: Սիսիանի պատմության թանգարանի էքսկուրսավարը վարչապետի մոտ բարձրացրեց Բռնակոթի ոռոգման ջրի խնդիրը:

«Գյուղն ունի ոռոգման ջրի երկու կետ, ամբողջ ջուրը աշխատեցնում են ՀԷԿ-երը, գյուղացու ամբողջ բերքը փչանում է: Խնդրում եմ լուծեք այդ հարցը»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ շատ հարցերի դեպքում ինքը բնակիչների ասածն ընդունելու է ի գիտություն: «Այսինքն` ճշտելու եմ, թե ի՞նչ իրավիճակ է` կապված ձեր նկարագրածի հետ, և բնականաբար, եթե լինեն քաղաքացիների իրավունքների խախտումներ, պետք է անպայման այդ հարցը լուծվի»,- ասաց նա:

Սիսիանի Դարպաս համայնքի բնակիչներից մեկն էլ բարձրացրեց համայնքների խոշորացման հարցը: «Մեզ համար անհասկանալի էր, թե ինչպես կարողացան մի ամբողջ շրջան` 32 գյուղ, միավորել, խոշորացնել մեկ համայնքում: Ոչ ոք ի զորու չէ, որ կարողանան 72 կմ հեռավորությունում գտնվող գյուղին տիրություն անել»,- ասաց նա:

Վարչապետն էլ նշեց, որ համայնքների խոշորացման գործընթացը վիճահարույց է: Նրա կարծիքով` պետք է մի պահ դադար առնել, տեսնել` ինչ արդյունքներ են գրանցվում այդ տարածքներում և գրանցվո՞ւմ են, արդյոք: «Ես կարող եմ ասել, հետևյալը` մեր կառավարությունը պարտավորվում է, առանց համայնքների համաձայնության, որևէ խոշորացման գործընթաց ՀՀ-ում չանել»,- ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ, ներողություն խնդրելով, ուզում է ասել, որ հարցի ճիշտ լուծում չի լինի հետողորմյա անելը: «Ես ձեր մտահոգությունները կիսում եմ, բայց չեմ կարծում, որ բոլոր որոշումները չեղյալ համարելու ճանապարհը ճիշտ ճանապարհ է: Եղած որոշումները հետողորմյա չենք անի, ինչքան էլ հասկանանք, թե այդ որոշումները որքան ցավալի են շատ գյուղերի համար»,- ասաց վարչապետը:

Նա ասաց, որ իրենք կանեն հետևյալը. «Այդ հարցի նկատմամբ վերաբերմունք ցուցաբերելու համար 1-2 տարի կսպասենք` պարզելու` խոշորացումը արդյունք տվե՞ց, թե՞ չտվեց: Կարող է լինեն համայնքներ, որ, իրոք, կուզենան խոշորանալ: Մենք նրանց ցանկությանն ընդառաջ կգնանք: Կան մասնագետներ, ովքեր պնդում են, որ պետք է գնալ խոշորացման ճանապարհով: Նրանց ասել ենք` եթե դուք համոզված եք, որ դա լավ պրոցես է, մարդկանց ներկայացրեք, բանավիճեք: Ես կարծում եմ` համայնքների խոշորացումը վատ որոշում է` առանց բնակիչների կարծիքները հաշվի առնելու: Եթե նույնիսկ դա աշխարհի ամենալավ բանն է, չի կարելի դա անել` առանց քաղաքացիների կարծիքը հաշվի առնելու»,- ասաց Փաշինյանը: