կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-21 12:23
Քաղաքական

Կառավարության նիստում հստակեցվեց` որ դեպքում է այս կամ այն ընկերությանը ներմուծման արտոնություն տրվում

Կառավարության նիստում հստակեցվեց` որ դեպքում է այս կամ այն ընկերությանը ներմուծման արտոնություն տրվում

Այսօր կառավարության նիստում, երբ քննարկվում էր հակակարկտային ցանցերի արտադրությամբ զբաղվող ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային ու հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին հարցը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանին. «Արդյո՞ք այսպիսի որոշումների կայացման համար կան որոշակի սահմանված չափանիշներ, և ըստ էության` այստեղ սուբյեկտիվիզմի մասին խոսք լինել չի կարող: Այսինքն` եթե որևէ ընկերություն այդ չափանիշներին համապատասխանում է, կառավարությունը այդ որոշումը կայացնում է, եթե չի համապատասխանում, ապա նման որոշում չի կայացվում: Արդյո՞ք մենք այս որոշմամբ նպաստում ենք, որ հակակարկտային ցանցերի գներն ավելի ցածր լինեն ու մատչելի գյուղացիական տնտեսությունների համար»:

Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ վարչապետը շատ կարևոր հարց է բարձրացնում, քանի որ վերջերս շատ է խոսվում դրա մասին: «Այո, կառավարության որոշմամբ հստակ սահմանված է 6 չափանիշ, որոնցով գնահատվում է ցանկացած ծրագիր»,- ասաց նախարարը` հավելելով, որ, երբ ընկերությունը հայտն ուղարկում է նախարարություն, այն 3 օր շրջանառվում է տնտեսական զարգացման նախարարությունում, ֆինանսների նախարարությունում, ՊԵԿ-ում և շահագրգիռ ոլորտային նախարարությունում: Այդ երեք օրերի ընթացքում բոլոր գերատեսչությունները ներկայացնում են իրենց գնահատականները այդ հայտի` սահմանված 6 չափանիշին համապատասխանության վերաբերյալ:

Այդ չափանիշներն են` տնտեսության մեջ մուլտիպլիկատիվ ազդեցությունը, զբաղվածության ընդլայնումը, նորարարության և արտադրողականության բարձրացումը, արտահանման ուղղվածությունը, ծրագրի իրականացման շրջանակներում տրվող միջին աշխատավարձը, ՓՄՁ օրենքով սահմանված չափանիշների բավարարումը:

Դրական գնահատական ստանալուց հետո ընկերության հայտը ներկայացվում է կառավարության աշխատակազմին, նախարարությունը մոնիթորինգ է անում` արդյո՞ք ցուցանիշներին բավարարում են, թե՞ ոչ:

Եթե որևէ կազմակերպություն ընթացքում խախտում է չափանիշները, ապա նախարարությունը զգուշացնում է` շտկել դրանք, եթե չեն շտկվում, ապա ՊԵԿ-ը իրականացնում է իր գործառույթները: