Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կառավարության նիստում ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ներկայացրեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն արգելում է ոստիկանության կողմից շարժական տեսանկարահանող տեխնիկական միջոցների կիրառումը: Ըստ նախագծի հեղինակների՝ ճանապարհային ոստիկանության ծառայողները ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս չեն ապահովում շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով ոչ գաղտնի վերահսկողության մասին ոստիկանության ծառայողի կողմից բանավոր նախազգուշացնելու սահմանված պահանջը և «փաստորեն խախտման փաստի արձանագրումը տեղի է ունենում առանց սուբյեկտի համաձայնության», ինչը չի բխում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջներից:
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ոստիկանության ծառայողները ճանապարհային երթևեկության անվտանգությանը վերաբերող հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս չեն կարող կիրառել շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ: Սակայն կառավարությունն առաջարկում է ներկայացված նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:
«Նշված հիմնավորումները բավարար չեն օրինագծին հավանություն տալու համար, քանի որ շարժական տեսանկարահանող սարքերի շահագործումն ունի իրավախախտումները զսպող էֆեկտ և իրականացվում է Սահմանադրությանը համապատասխան»,- ասաց ոստիկանապետը:
Նիկոլ Փաշինյանը խնդրեց հստակեցնել, թե որ շարժական տեսանկարահանող սարքերի մասին է խոսքը, քանի որ կան 3 տիպի շարժական տեսանկարահանող սարքեր՝ պետավտոտեսչության ավտոմեքենաների մեջ զետեղվող, ոստիկանների համազգեստներին փակցվող տեսախցիկներ և իրավախախտումներ արձանագրող տեսանկարահանող սարքերով մեքենաները:
Ոստիկանապետը պատասխանեց, որ կարգավորումները վերաբերում են շրջիկ` խախտումներ արձանագրող մեքենաներում տեղադրված տեսախցիկներին: Նա միաժամանակ հավելեց, որ այդ մեքենաները հատուկ կահավորված են լինելու տարբերանշաններով, այսինքն` վարորդները հնարավորություն են ունենալու նախապես տարբերել այդ մեքենաները: Նաև ցուցանակներ են տեղադրված լինելու, այսինքն` վարորդը նախապես տեղեկացված է լինելու, որ նկարահանվում է այդ տարածքում:
Վարչապետը նշեց, որ այստեղ առաջանում են հակասություններ: «Մենք ասում ենք` մարդկանց քիչ տուգանենք, մյուս կողմից ասում ենք՝ բերենք, այդ շրջիկ մեքենաներն էլ ավելացնենք: Մենք քաղաքական խնդիր ենք ձևակերպել, որ պետք է դադարեցնենք քաղաքացիներին ամեն տեղ բռնել-տուգանելու քաղաքականությունը, հիմա դուք քննարկում եք՝ ավելի շատ ինչպես տուգանենք: Ոչ, չեն լինելու այդ շարժական տեսանկարահանող մեքենաները, դադարեցնենք քաղաքացիների հետևից ընկնելու քաղաքականությունը, քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»,- ասաց նա:
Ոստիկանապետն արձագանքեց, որ շարժական արագաչափերն այս պահին չեն գործում: Նրա խոսքով` վարչապետի հանձնարարականի համաձայն, շուտով օրինագիծ կներկայացվի, որում ներառված կլինի տուգանքի չափերի նվազեցման մասին օրինագիծը: Դրանով տուգանքներն էապես նվազելու են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց խնդրին հետագայում անդրադառնալ և փաթեթային լուծում տալ: